Մատչելիության հղումներ

Շարմազանովը պնդում է, թե Փաշինյանի ներկայացրած 100 փաստին կարող է հակադրել 1000-ը


Մինչ Նիկոլ Փաշինյանը ամփոփում է վարչապետության մեկ տարին ու ներկայացնում 100 փաստ նոր Հայաստանի մասին, որոնք, ըստ հեղափոխության արդյունքում իշխանության եկած վարչապետի, վկայում են երկրում մասշտաբային փոփոխությունների մասին, մեկ տարի առաջ իշխանությունից հեռացած Հանրապետականից ասում են, թե իրենք կարող են հակառակի մասին վկայող 1000-ը ներկայացնել:

ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը թվարկում է իր փաստերն ու ասում այս մեկ տարին կատարյալ ձախողման և չկատարված խոստումների տարի էր․ - «Իմ կարծիքով, այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի համար եղել են կորստի տարիներ թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության, թե՛ ձեռքբերումների և թե՛ հասարակության սպասումների արդարացման հետ կապված: Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, իմ խորին համոզմամբ, շանտաժով: Նա նշեց՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, և սա բացահայտ շանտաժ էր քաղաքական ուժերին: Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը բոլոր ոլորտներում շատ բարձր նշաձող դրեց, նաև իր կողմնակիցները հայտարարեցին, որ բյուջեն շուրջ 30 տոկոսով կավելանա, 800 միլիոն դոլարով: Այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ Փաշինյանի հայտարարած թիվը՝ սկզբում 40 միլիարդ, հետո կարծեմ 62 թե 64 միլիարդ դրամ, ինչը ակնհայտորեն մի քանի անգամ պակաս է, քան նախապես հայտարարված 800 միլիոնը: Խոսում էր ներդրումային բումի մասին, մենք ներդրումային բում չունենք: Եթե ինքը 100 փաստեր ունի ու պահեստային, ես ունեմ 1000 փաստեր ու մի հազար էլ պահեստային»:

Խորհրդարանական ընդդիմության դերը ստանձնած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեկ տարի առաջ երկրում տեղի ունեցածը քաղաքական առումով գնահատում է աննախադեպ: Նման բեկում մեկ տարի անց պատգամավորը չի տեսնում, սակայն, տնտեսական առումով:

Այն, որ ամուսնալուծությունները քչացել են, թատրոն հաճախումներն էլ՝ շատացել, տեղեկացել է վարչապետի հրապարակած 100 փաստերից:

Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյան

«Ուրախալի է», - ասում Նաիրա Զոհրաբյանը, բայց շարունակում․ - «Մարդկանց մեջ հույս է արթնացել, որ մի օր լավ է լինելու: Բայց այդ մի օրը ինչքան ուշանա և ինչքան քայլեր չարվեն տնտեսական ոլորտում, որ քաղաքացին իր ընտանիքի վրա զգա այդ «մի օր լավը», վաղը-մյուս օրը թատրոններ նորից չեն հաճախելու, ամուսնալուծություններն էլ նորից գերազանցելու են ամուսնությունները: Ոչ միայն ես, այլև, վստահ եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը դեռևս իր ընտանիքի, իր բարեկեցության վրա չի տեսնում որևէ փոփոխություն: Բայց եթե մենք խոսում ենք տնտեսական վերելքի, եթե խոսում ենք քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծված լինել և չլինելու մասին, ապա էստեղ ես որևէ տեղաշարժ չեմ տեսնում: Եթե մենք խոսում ենք այն ներդրումների մասին, որոնք օդի և ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին, որպեսզի մեր տնտեսությունը այս ստագնացիայի դուրս գա և շարժվի, ապա ես չեմ տեսնում դեռևս որևէ ռեալ ներդրող, որը ասել է՝ այո, ես գալու եմ և Հայաստանում անելու եմ: Բացի ինչ-որ 2,7 միլիարդ ներդրումների խոստումների, որը ընդամենը խոստում է: Ես խոստումների հետ աշխատել չեմ սիրում: Ես սիրում եմ աշխատել որպես քաղաքական գործիչ կոնկրետ փաստերի հետ»:

Միքայել Նահապետյան
Միքայել Նահապետյան

Արտախորհդարանական ուժերից «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը մեկ տարի անց վարչպետի անփոփիչ ասուլիսում կցանկանար ավելի համակարգային փոփոխությունների մասին լսել: Օրինակ, որ փոփոխվել է Ընտրական օրենսգիրքն ու «Կուսակցությունների մասին» օրենքը, որ հեղափոխությունից հետո ներդրվել է անցումային արդարադատության համակարգ, որ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու երաշխիքներ կան և որ հրաժարվել ենք սուպերվարչապետական համակարգից․ - «Երբ խոսքը գնում է, օրինակ, սուպերվարչապետական համակարգի մասին, և պարոն Փաշինյանը նշում է, թե ինքը ինչ չի անում, որպեսզի սուպերվարչապետական համակարգը չլինի, ես կարծում եմ, որ պետականաշինության տեսանկյունից, ինստիտուտների կայացման տեսանկյունից ավելի կարևոր է հետևյալ հարցը․ իսկ եթե պարոն Փաշինյանը ուզենա դա անել, համակարգը թույլ կտա՞ նրան դա անել, թե՞ թույլ չի տա: Որովհետև ես չեմ կարծում, որ առաջադիմական հայացք է բարի ցանկությունը, քաղաքական լավ կամքը ներկայացնել որպես փոփոխություն»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում վարչապետի հինգ ժամից ավելի ձգված ասուլիսը լսելու ժամանակ չեն ունեցել, հետևաբար հեղափոխութոյւնից մեկ տարի անց իշխանությունների արածից ու չարածից խոսել չցանկացան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG