Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի լրացուցիչ մոտ յոթուկես միլիոն դոլար. նախարարություն


Հայաստանին ԱՄՆ կողմից լրացուցիչ կտրամադրվի 7 միլիոն 449 հազար ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում, տեղեկացնում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ նշելով, որ համաձայնագիրը ստորագրվել է այսօր՝ մայիսի 8-ին։

«Մեզ համար արդեն երկար տարիների լավ ավանդույթ է դարձել, որ ԱՄՆ կառավարությունը բազմաթիվ աջակցության ծրագրերով իր նպաստն է բերում հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ ուղղություններին, և այս մեկ լրացուցիչ հնարավորությունը, որն ընձեռվեց Հայաստանի կառավարությանը, բացառություն չէ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ խորհրդակցելով` մենք խնդրելու ենք, որ աջակցությունն ուղղվի զբոսաշրջության զարգացմանը, գյուղատնտեսությանը, ընդհանրապես փոքր բիզնեսին, որը համարում ենք, որ ամենամեծ ներառական աճի հնարավորություն է ընձեռում տնտեսության զարգացման և մեր ժողովրդի համար», - նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նաև հավելել է, որ այս նպատակաուղղված հասցեական համագործակցությունը դեռ շատ օգուտներ է բերելու։

«Այս նպատակի համար անհրաժեշտ է, որ մենք սերտորեն համագործակցենք մեր գործընկերների հետ և, ի վերջո, գանք մի այնպիսի իրավիճակի, երբ մեր աջակցության կարիքը նրանք այլևս չեն զգա։ Առաջիկա ժամանակահատվածում մենք տեսնում ենք լավ և շատ հնարավորություններ, որտեղ մենք կարող ենք աջակից լինել ձեր նպատակների իրագործման համար։ Մենք ուրախ ենք տեսնել, թե մեր այս շարունակական համագործակցությունը ինչպես է ապահովելու հետագա ընթացքը և զարգացումը», - ասել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքս Սոկոլովսկին։

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը կնքվել է 2010թ. օգոստոսի 6-ին՝ ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման համար ԱՄՆ կառավարության կողմից ԱՄՆ ՄԶԳ միջոցով Հայաստանի կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով։

2010-2018թթ. ընթացքում մշակվել և ստորագրվել են Համաձայնագրի թիվ 1-ից մինչև 11 փոփոխությունները, որոնք կատարվել են ԱՄՆ կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով։ Ֆինանսական հատկացումներն իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների համար:

ԱՄՆ կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 73,255,406,36 ԱՄՆ դոլար:

Թիվ 12 փոփոխությամբ Համաձայնագրի ստորագրումից հետո, ԱՄՆ կողմից տրամադրվող դրամաշնորհների ընդհանուր գումարը կկազմի 80,704,406.36 ԱՄՆ դոլար: Կերկարաձգվի նաև Համաձայնագրի իրականացման ժամկետը՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև 2023 թ. սեպտեմբերի 30-ը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG