Մատչելիության հղումներ

Դավթաշենի նախկին համայնքապետի աշխատակազմում 42 մլն դրամի չարաշահում է բացահայտվել


Ոստիկանությունը Դավթաշենի նախկին համայնքապետի աշխատակազմում մոտ 42 մլն դրամի չարաշահում է բացահայտել: Ըստ ոստիկանության՝ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները 2009-2018 թվականների ընթացքում թաղապետարանում տարբեր հաստիքների են հրամանագրվել, աշխատանքի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել:

Ոստիկանություն պարզաբանմամբ՝ այդ մարդկանց անվամբ դուրս է գրվել շուրջ 42 միլիոն դրամ աշխատավարձ:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Սահակ Ասատրյանն ասում է՝ խոսքը 6 աշխատակցի մասին է:

«Մոտ 10 տարի և ավել աշխատողներ են ընդունվել, որոնք փաստացի չեն ներկայացել աշխատանքի և ստացել են աշխատավարձ: Քննությունը կպարզի՝ արդյոք նրանք են ստացել այդ աշխատավարձերը, թե այլ մարդկանց մոտ են քարտերը կամ կանխիկացումները ովքեր են իրականացրել», -«Ազատությանը» փոխանցեց Ասատրյանը:

2009-18թթ․ Դավթաշեն վարչական շրջանը ղեկավարել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը, հետո՝ Ռուսլան Բաղդասարյանը:

Արթուր Գևորգյանը նաև Դավթաշենի առաջին թաղապետ, «Ծաղիկ Ռուբո» մականվամբ հայտնի Ռուբեն Գեորգյանի եղբորորդին է: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ընտրվելուց հետո Գևորգյանին փոխարինել է Դավթաշենի նախկին թաղապետ Ռուբեն Գևորգյանի քրոջ որդին՝ Ռուսլան Բաղդասարյանը, որն աշխատանքից ազատվել է հեղափոխությունից հետո:

Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում հաճախ է քննադատում քաղաքային իշխանության աշխատանքը: Օրերս քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման թեմայով գրել էր՝ «սա բյուջեի կլասիկ գրպանում է»:

Բաղդասարյանին հարցրեցինք՝ իրավապահներն իրենց հայտարարությամբ նշում են, թե նաև իր ղեկավարման տարիներին են միլիոնավոր դրամներ հափշտակվել, ինքը գումար հափշտակե՞լ է, կարճ պատասխանեց․ - «Իհարկե՝ ոչ: Քննությունը թող գնա, եթե կլինեն ինչ֊որ մարդիկ, որոնք մեղավոր են՝ կկրեն իրենց պատասխանատվությունը: Կլինե՞մ ես մեղավոր՝ ես իմ պատասխանատվությունը կկրեմ»:

Մինչ Ռուսլան Բաղդասարյանն այս քրեական գործի հարուցումը պայմանավորում է իր ֆեյսբուքյան ակտիվ քննադատությամբ, Դավթաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի աշխատակազմի քարտուղարը շարունակում է՝ սա միակ քրեական գործը չէ: Սահակ Ասատրյանն ասաց՝ Ռուսլան Բաղդասարյանի օրոք համայնքին պատկանող 2900քմ տարածք է վաճառվել, որի սեփականատերը հիմա Արթուր Գևորգյանն է: Սահակյանը, հղում անելով հարուցված քրեական գործերից մեկին, հավելեց՝ Արթուր Գևորգյանի օրոք էլ համայնքին պատկանող շենքերից մեկում, կադաստրային արժեքից ցածր գնով տարածք է օտարվել ՀՀԿ-ին․ - «Կադաստրային արժեքով գնահատվել է 9421000 դրամ, բայց վաճառվել է 6012000 դրամով, հետո՝ մի քանի օր հետո, նորից գնահատվել է 9421000 դրամ: 2016 թվականին էլ այգու վերևի հատվածն է վաճառվել, որը, Կադաստրից տրամադրված տեղեկություններով, պատկանում է Արթուր Գևորգյանին: Այդ ժամանակ վարչական շրջանի ղեկավարը եղել է Ռուսլան Բաղդասարյանը»:

Ռուսլան Բաղդասարյանն իր օրոք վաճառված տարածքների մասին պնդումներին կարճ արձագանքեց․ - «Իրենք արժանի չեն, որ ես իրենց պատասխանեմ»:

Իսկ նախկին թաղապետերից Արթուր Գևորգյանը վարչական շրջանի նոր պաշտոնյաներին հորդորեց չշտապել, գործը թողնել իրավապահներին: Նա նույնպես պնդեց, որ ոչ մի չարաշահում թույլ չի տվել: Ասաց՝ Դավթաշենը գրեթե 0-ից դարձրել է մրցունակ վարչական շրջան, այգին էլ այգի է դարձրել իր սեփական միջոցներով:

ՀՀԿ-ին օտարված տարածքը, ասաց, տարիներ առաջ անվարձահատույց նվիրատվությամբ հանձնված է եղել մեկ այլ ՀԿ-ի, որը 5 տարի հրաժարվում էր վճարել 200 հազար դրամ, որ դառնա իր սեփականությունը: Ավագանին որոշել է աճուրդով վաճառել այդ տարածքը: - «Կարծում եմ, որ ինչպիսի ջանասիրությամբ հայտարարվում է ի սկզբանե, որ հայտնաբերել ենք այսպիսի խախտումներ, բան՝ հերքելու դեպքում էլ նույն ջանասիրությամբ կհայտարարեն, որ ստուգեցինք՝ չկար», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում մեկնաբանեց Գևորգյանը: - «Իսկ ինչ վերաբերում է տարածքին, որը ՀՀԿ-ինն է՝ մեկ-երկու աճուրդ չի կայացել և կարող է առհասարակ կուսակցությունը չլիներ, բայց օրենքը այնտեղ թույլ է տալիս, որ աճուրդ չի կայանում՝ գինը փոխվում է: Եկեք չմոռանանք, որ այդ արժեքով ոչ ոք չէր գնի այդ տարածքը»:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ այն ուղարկվել է Քննչական կոմիտե: Այնտեղից փոխանցեցին՝ գործը դեռ չեն ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG