Ամերիկյան պատվիրակությանը այսօր ընդունեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում պատվիրակությունները քննարկեցին ռազմավարական բարեփոխումների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ համագործակցությունը: Պատվիրակությունները վերահաստատեցին Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկկողմ հարաբերությունների օրակարգի բոլոր ոլորտներում:
Ըստ Արտգործնախարարության պաշտոնական կայքէջի՝ հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին աջակցության համաձայնագրեր, որոնցով տնտեսական աճի խթանման և արդյունավետ կառավարման նպատակով հստակեցվում է մինչև 16 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում: ԱՄՆ ՄԶԳ-ը նաև ազդարարեց 2-3 տարի տևողությամբ նոր նախաձեռնության մասին, որի անդրանիկ տարվա համար նախատեսված է 6 միլիոն դոլարի ֆինանսավորում: Այս նոր նախաձեռնությունը կաջակցի Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, կխթանի քաղաքացիների ներգրավվածությունը և կօգնի ապահովելու հայ ժողովրդի համար տեսանելի արդյունքներ:
Հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ԱՄՆ առևտրի դեպարտամենտից, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակներից: