Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի բարձրացման նախագիծը՝ քննադատության թիրախում


Աշխատավարձերի բարձրացման նախագծի քննարկման ընթացքում ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստը լարված մթնոլորտում է անցել։ Նման տպավորություն ունեն ավագանու ընդդիմադիր խմբակցությունները։ Այն ժամանակ, երբ «Իմ քայլը» նիստ էր անցկացնում, ընդդիմադիր խմբակցության անդամները սպասում էին Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին։

«Ներսուդուրս անում էին տարբեր ավագանու անդամներ և բավականին լարված, նյարդային խոսելով, ժեստերով: Մենք հասկացանք, որ իրենց մոտ էլ է շատ բուռն անցնում և մեծամասնությունը դեմ էր նման նախագծին», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավարի կասկածներն ավելացել են, երբ պարզվել է՝ «Իմ քայլը» չի մասնակցելու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։

Ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր՝ «Իմ քայլը» բոյկոտել է նիստը։

«Իմ քայլից» Գրիգոր Երիցյանը վստահեցնում է՝ ոչ մի բոյկոտ էլ չի եղել, պարզապես աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ քննարկումն է երկարել, ավարտվել է կեսգիշերին մոտ։ - «Ոչ, լարված մթնոլորտում չի անցել: Անցել է՝ ինչպես միշտ: «Իմ քայլը» խմբակցությունում նիստերը միշտ անցնում են շատ երկար, բուռն, որովհետև մեր թիմում կա ներքին բազմակարծություն», - մեզ հետ զրույցում վստահեցրեց ավագանու իշխանական խմբակցության անդամը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հակադարձում է․ - «Եթե նրանք չեն ուզում, որ մենք իրենց ներքին խոհանոցին կամ, կներեք բառիս համար՝ գզվռտոցին ծանոթանանք, թող հրավիրված ժամին կայացնեին հանձնաժողովի նիստը նախատեսված վայրում և այդ ժամանակ մենք 30 րոպե ստիպված չէինք լինի սպասել դահլիճում, որտեղ ընթանում էր իրենց խմբակցության նիստը»:

Նախագծով նախատեսվում է բարձրացնել քաղաքապետարանի 1700 աշխատակիցների վարձատրությունը․ գրեթե կրկնակի կավելանա բարձր պաշտոններ զբաղեցնողների աշխատավարձը։ Վաղը քննարկվելիք նախագծով, օրինակ առաջարկվում է քաղաքապետինը 575 հազար դրամից 1 միլիոն 200 հազար դրամ դարձնել։ Ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող աշխատակիցների դեպքում աշխատավարձի մոտ 30 տոկոսի բարձրացում է նախատեսվում:

Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյան խոսքով՝ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագծին խմբակցության բոլոր անդամները չէ, որ մանրամասն ծանոթ են եղել. մի քանի ժամ քննարկել են նախագիծը մեկ միասնական դիրքորոշում ձևավորելու համար։

Իսկ «Իմ քայլում», պարզվում է՝ քիչ չեն ավագանու անդամները, որոնք դեմ են քաղաքապետի ներկայացրած նախագծի որոշ հատվածներին: - «Մեր ամենախոցելի խավը այսօր ցածր օղակներում աշխատող մարդիկ են, ում համար այս աշխատավարձի բարձրացումը կարող է էական լինել և լուծել իրենց խնդիրները: Միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ ավելի բարձր օղակում աշխատող մասնագետների աշխատավարձը չպիտի այդքան տարբերվի ստորին օղակում աշխատող մարդկանց աշխատավարձից», - ասում է Գրիգոր Երիցյանը:

Ավագանու ընդդիմադիր խմբակցություններում ևս կողմ են աշխատավարձերի բարձրացմանը։

«Լույս» խմբակցությունում, սակայն, նշում են՝ բարձրացումը հավասարաչափ պետք է լինի։

Իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում կողմ են, որ կրկնակի ավելանա ստորին օղակներում աշխատողների աշխատավարձը, ոչ զգալի՝ բարձր պաշտոններ զբաղեցնողներինը։

Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովաննիսյանի խոսքով՝ աշխատավարձերի բարձրացումը լրացուցիչ ծախս չի ենթադրում․ - «Մենք ունենք 5.7 միլիարդ հաստատված աշխատավարձի ֆոնդ և 1.9 միլիարդ պրեմիալ ֆոնդ: Այսինքն, այս քննարկումը տեղի է ունենում արդեն իսկ հաստատված, ուղղակի վերաբաշխված աշխատավարձերի շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG