Մատչելիության հղումներ

Քոչարյանին ազատ արձակելու դիմումի քննարկումը «դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից»


ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու մասին Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումի վերաբերյալ:

«Քանի որ տվյալ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ, հետևաբար Նախագահների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից», - ասված է դատախազության պարզաբանման մեջ:

Այսօր ավելի վաղ հրապարակվեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումը Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Արցախի առաջին նախագահ և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Հիշեցնելով, որ ամեն տարի մայիսի 9-ին Արցախում հանդիսավորությամբ նշվում է մայիսյան Եռատոնը, և ավանդույթի համաձայն՝ Ստեփանակերտում և Շուշիում անցկացվող տոնակատարությունների հյուր են դառնում, ի թիվս այլ հյուրերի, Արցախի բոլոր նախկին ղեկավարները՝ «մարդիկ, ովքեր իրենց հսկայական ավանդն են ներդրել Արցախյան պատերազմում, կանգնած են եղել մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, մասնակցել են Շուշիի ազատագրմանը, կերտել են մեր Հաղթանակը», Լեռնային Ղարաբաղի ներկայիս և նախկին ղեկավարները Հայաստանի գլխավոր դատախազին խնդրել էին մայիսի 9-ին ընդառաջ կայացնել համապատասխան որոշում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին:

Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը պատրաստակամություն էին հայտնում «հանդես գալ ցանկացած հրապարակային երաշխիքով, որն անհրաժեշտ կլինի նրա՝ մեկուսարանից ազատ արձակվելու և կայանալիք դատավարության ողջ ընթացքում ազատության մեջ լինելու համար», և հույս հայտնել, որ Արթուր Դավթյանն իր որոշմամբ հնարավորություն կընձեռի, որպեսզի Արցախի երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, «ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:

«Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG