Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն «Քաղաքացու որոշման» դիմումի հիման վրա նյութեր է նախապատրաստում


Ծառուկյանը չի պատրաստվում ինքնակամ հրաժարվել մանդատից:

«Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նյութեր է նախապատրաստում», - «Ազատությանը» փոխանցեց ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Քաղաքացու որոշումը» դիմել էր գլխավոր դատախազին՝ քննություն անցկացնել ու քրեական հետապնդում իրականացնել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ՝ եթե պարզվի, որ նա խախտել է Սահմանադրությունը և պատգամավորական գործունեությանը զուգահեռ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Գլխավոր դատախազությունը դիմումը չէր մերժել, ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ստուգելու: Քրեական գործ հարուցելու կամ դրա հարուցումը մերժելու համար ՀՔԾ-ն 10-օրյա ժամկետ ունի։

Մարինա Օհանջանյանի խոսքով՝ դատախազի դիմումը մայիսի 3-ին են ստացել, այսինքն ՀՔԾ որոշումը պարզ կդառնա մյուս շաբաթ:

Ինքը՝ Ծառուկյանը չի պատրաստվում ինքնակամ հրաժարվել մանդատից․ - «Ես կհրաժարվեմ մանդատից այն ժամանակ, եթե իմ պատկերացրած երկիրը լինի, ժողովրդի վիճակը լավանա, վարկերը փակված լինեն, բարեկեցիկ լինի, զարգանա, բոլորի դեմքին ժպիտ լինի: Մենք լավ երկիր ունենք, լավ ժողովուրդ ունենք, ժողովուրդը մի քիչ վատացել է, որովհետև պարտքերն են շատ, խեխտվել են պարտքերի տակ, նրանց ուշք ու միտքը միայն ամսվա վերջին, որ կարողանան վարկերը, պարտքերը փակեն, փողոցում չմնան։ Մենք դրա մասին պետք է մտածենք, ոչ թե էսօր Ծառուկյանի մանդատի մասին։ Սաղ հարցերը լուծում է. պարտքերն էլ է փակում, ներդրումն էլ է անում, Ղարաբաղի հարցել է լուծում»։

45 ընկերություններում 20-ից 100 տոկոսի բաժնետեր Ծառուկյանը պնդում է՝ դրանք հանձնել է հավատարմագրային կառավարման, իր գործունեությունը համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն։ Չի ուզում մտածել, թե իշխանությունը կարող է քաղաքական հետապնդում իրականացնել իր նկատմամբ: Վերջին զարգացումներին մի բացատրություն ունի՝ նախանձում են։

«Չեմ ուզում հավատամ, որ էսօր իշխանությունը Ծառուկյանի դեմ ինչ-որ ճնշման քայլեր է կատարում։ Մարդիկ, ասենք թե, ցուլ են մորթում, մատաղ են արել, ուզում են Ծառուկյանին տեսնեն, ասում եմ՝ ժողովուրդ ջան իմ գործընկերն ուզում են էստեղ տեքստիլի քաղաք կառուցեն, ես իրանց հետ գործընկեր եմ, իրենք են կառավարիչները, ասում է՝ «չէ, Ծառուկյան ջան, մենակ քեզ ենք հավատում, քո խոսքը պետք է լինի, դու ասա», ես էլ ասում եմ՝ ժողովուրդ ջան, այո, ես պատասխանատու եմ, հարց չկա, թող աշխատեմ։ Որ մարդիկ, նորից եմ ասում, տվյալ խոսացողները իրական կյանքում ո՛չ հարևանին օգնած կան, ո՛չ երկրին և որևիցե գործ կատարած չկան, եթե մարդը կատարում է փոխանակ ուրախանան, այլ իրենց վատ են զգում», - ասաց Ծառուկյանը։

«Քաղաքացու որոշումը» դիմել էր նաև խորհրդարանի ղեկավարին՝ սկսել Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց, առաջարկելով ստեղծել պատգամավորական էթիկայի ժամանակավոր հանձնաժողով, ինչպես նաև՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Միրզոյանը պատասխանել էր, թե էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը դուրս է իր լիազորություններից, բայց կանոնակարգ օրենքով «Իմ քայլը» կարող է։

Իշխանական խմբակցության օրակարգում այս պահին նման հանձնաժողով ստեղծելու ծրագրեր չկան, փոխանցեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Սպասում են իրավապահների եզրակացությանը։

«Մեր հայտարարությունը չի նշանակում, որ որևէ փուլում մենք բացառում ենք էթիկայի հանձնաժողով ստեղծելը, ոչ, բայց այս պահին նպատակահարմար ենք համարում սպասել իրավական մարմինների եզրակացության», - նշեց Լիլիթ Մակունցը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը այսօրվա քննարկումները ուշացած է համարում, իշխանությունը, կարծում է, ժամանակին քայլեր չի ձեռնարկել: Հիշեցնում է՝ անցած տարվա հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի հետ մասնակցում էր ԲՀԿ նախագահին պատկանող ընկերության բացման արարողությանը: Հենց այդ միջոցառումը, կարծում է Թանդիլյանը, ապացույց էր, որ պատգամավորը զբաղվում էր բիզնեսով։

«Գնալ բացման, դա ցույց է տալիս աջակցություն, եթե դա չի, ապա ի՞նչ», - ընդգծեց Թանդիլյանը։

Քայլեր ձեռնարկողը, նշում է Թանդիլյանը, իշխանությունը պետք է լինի։ Թե՛ էթիկայի հանձնաժողով նախաձեռնելու, թե՛ Սահմանադրական դատարան դիմելու հարցում, ասում է, կսատարեն։

«Էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն անգամ, եթե լինի այդ մասով դրական որևէ իրավական ուժ այս պարագայում չի ունենա, հետևաբար այստեղ կարևորը քաղաքական կամքն է, որը մենք, ցավոք սրտի, այս պարագայում չենք տեսել։ Ազգային ժողովի նախագահը կարող է Ազգային ժողովի խորհրդում առաջարկ անել Սահմանադրական դատարան դիմելու, որի արդյունքում մենք կարող ենք դրան սատարել և դիմել Սահմանադրական դատարան, որը այս պարագայում կունենա հետևանք։ Այս ճանապարհով չգնալ և գնալ էթիկայի հանձնաժողովի ճանապարհով, արդյունքում նորից ունենալու ենք անատամ որոշում», - ասաց Թանդիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG