Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյանը ծիծաղելի է որակում պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական ուղղորդում ունի


Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ծիծաղելի է որակում այն պնդումները, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական ուղղորդում ունի։

«Ծիծաղելի է դա ինձ համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունում չկա որևիցե մարդ, որը որ նման կերպ վերաբերվի, մտածի, որ Քոչարյանի դեմ գործն ուղղորդված է։ Այսինքն՝ էս երկում չէի՞նք ապրում, չե՞նք ապրել և չգիտե՞նք՝ ինչ է կատարվել այս երկրում՝ մեր երկրում, հա՞։ Ես համարում եմ, որ այդ հարցի պատասխանն այն վարկանիշի մեջ է, որը որ ունի Քոչարյանն այսօր Հայաստանի Հանրապետությունում», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Սիմոնյանը։

Պատգամավորը խորհուրդ տվեց Քոչարյանի փաստաբաններին այդ փաստարկը հանել գործածությունից։

«Քոչարյանն ասում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվում, որովհետև ինքն ակտիվ քաղաքականություն է վերադարձել, բայց առաջին իր հարցազրույցի ժամանակ, երբ որ արդեն քրեական գործը հարուցված էր, ինքն ասաց, որ ինքը դեռ որոշում չունի քաղաքականություն վերադառնալու։ Հակասություն կա այստեղ, ուստի այդ մի փաստարկը, խորհուրդ եմ տալիս իր իրավաբան փաստաբաններին և ոչ իրավաբան փաստաբաններին՝ հանե՛ք, տղե՛րք, ձեր գործածությունից, չի՛ արդարացնում», - ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի ոչ իրավաբան փաստաբաններ ասելով, պատգամավորը պատասխանեց. - «Այն մարդիկ, ովքեր որ տենց փորձում են իրեն հերոսացնել և այլն»։

Որպես երևանցի անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին՝ Սիմոնյանը հատկապես առանձնացրեց աղբահանությունն ու տրանսպորտը։

«Ես տեսնում եմ, որ այդ ուղղությամբ քայլեր են իրականացվում, և վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ անց մենք կունենանք արդեն շոշափելի արդյունք նույն տրանսպորտի և աղբահանության մասով։ Եվ ուզում եմ ասել, թեպետ, կրկնում եմ, դանդաղում է, բայց այն համարձակությունը և վճռականությունը, որով որ գործում է քաղաքապետը, միայն ողջունելի է», - ասաց Սիմոնյանը։

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Քոչարյանը չի ընդունում մեղադրանքը։ Նա շարունակում է պնդել, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG