Մատչելիության հղումներ

«Իմ մարմինն անձնական է» գիրքը սկանդալի առիթ է դարձել


«Բուկինիստ» գրախանութում «Իմ մարմինն անձնական է» գրքի ներկայացումն ավարտվեց սկանդալով․ քննարկմանը միջամտեցին մի խումբ անձինք, պնդելով, թե գիրքը քարոզում է այլասերվածություն ու ուղղված է հայկական ավանդական ընտանիքի դեմ:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» հրապարակած գրքի վերաբերյալ թեժ քննարկումները հետո տեղափոխվեցին սոցցանցեր։ Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանը դատապարտեց շնորհանդեսի խափանման փորձն ու ֆեյսբուքյան էջում տեղադրեց գիրքը, ցույց տալու, որ այլասերվածության քարոզի մասին խոսք չկա:

«Ես խրախուսում եմ կրթությունը, ես խրախուսում եմ իրազեկվածությունը, ես խրախուսում եմ գիտելիքը և դա կարող է լինել տարբեր միջոցներով», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց սոցապ նախարարը՝ շեշտելով՝ պետությունը սեռական բռնության ենթարկված անձանց համար ոչինչ չի անում և իրենք շնորհակալ են բռնության զոհերի հետ աշխատող միակ կազմակերպությանը։

Գիրքը կազմել է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը: Նա ասաց, որ թարգմանել ու մի քիչ էլ տեղայնացրել է Լինդա Վալվուրդ Ջիրարդի՝ նույն վերնագրով գիրքը: - «Գրքի թիրախում երեխաների ծնողներն են, որոնք իրազեկվեն և կարողանան պաշտպանել իրենց երեխաներին սեռական բռնությունից»:

«Իմ մարմինն անձնական է» գիրքը ծնողների ու 3-6 տարեկան երեխաների համար է նախատեսված: Այն նաև ներկելու համար է։ Գրքի հերոսը՝ 5 տարեկան Նարեն, պատմում է, որ իր ատամի խոզանակը միայն իրենն է, եթե իր սենյակի դուռը փակ է, ուրեմն ինքն ուզում է մենակ մնալ։ Հետո անցնում է մարմնին՝ Նարեն մայրիկից լսել է, որ այն մասերը, որոնք գտնվում են լողազգեստի տակ, իր անձնական մասերն են, ոչ ոք իրավունք չունի դրանց դիպչելու։ Ծնողները նաև ասել են՝ եթե այլ մարդ փորձում է դիպչել իրեն, կարող է բարձրաձայն ասել՝ ոչ:

Տաթևիկ Աղաբեկյանն ասում է՝ պարզապես փորձել են օգնել ծնողներին խոսել փոքրիկների հետ․ - «Շատ կարևորում էինք փոքր տարիքի երեխաների հետ խոսել մարմնի անձեռնմխելիության մասին»:

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը գրքի շնորհանդեսը աղմուկով ընդհատածներից է։ - «Ի՞նչ է՝ մենք չգիտե՞նք, որ երեխաները դրսում օտար անձանց հետ չպետք է խոսեն, չպետք է նրանց հետ գնան որևէ տեղ: Մենք չե՞նք իմացել դրա մասին», - հարցնում է Այվազյանը:

Նա վստահ է, որ գիրքը քարոզում է անբարոյականություն, նվազագույնը՝ կոնֆլիկտներ է ստեղծում ծնողների ու նրանց երեխաների միջև․ - «Եթե, օրինակ, քո քեռին քեզ նստեցնում է գիրկը և դա քեզ դուր չի գալիս, պետք է ասես՝ ոչ: Այսինքն, երեխայի մեջ մտցնում է միտք, որ երբ ազգականը իրեն դիպչում է, սիրում է կամ համբուրում է՝ այլ նպատակներով է դա անում»:

Տաթևիկ Աղաբեկյանը հակադարձում է․ - «Օրինակ է բերված, որ եթե երեխայի տուն եկել է քեռին (ու գրքում գրված է, որ մենք իրեն շատ ենք սիրում, որովհետև նա միշտ բերում է մեր սիրած քացրավենիքները), անգամ նման սիրված սիրած քեռու գրկին նստելը, եթե երեխայի համար տհաճ է, ծնողի ռեակցիան պետք է լինի՝ ոչ թե երեխային ասել՝ ոչինչ, որ քո համար տհաճ է, դու նստի, որովհետև քեռում կնեղացնես, այլ պետք է լինի՝ քեռուն ասել՝ գիտես, ինքը քեզ շատ է սիրում, ուղղակի այս պահին չուզեց քո գիրկը նստել: Նման ձևով են երեխային սովորեցնում, որ ինքը մարմնի սահմաններ ունի»:

Հայկ Այվազյանը պնդում է՝ թեպետ գրքում նույնասեռականության քարոզ ուղղակիորեն չկա, սակայն այդտեղ կա կայքի հղում, որով, իր կարծիքով հայկական ընտանեկան ավանդական արժեքներից դուրս երևույթներ են գովազդում․ - «Այս կազմակերպությունը, իբր պայքարելով սեռական բռնությունների դեմ, ուղղակիորեն իրականացնում է նույնասեռականության քարոզ՝ տարիներ շարունակ հովանավորվելով Սորոսի հիմնադրամի կողմից»:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնում» ասում են՝ իրենք մեծ փողեր չունեն։ Գիրքը տպվել է 3 հազար օրինակով, արժեցել առավելագույնը 500 հազար դրամ։

Այս կազմակերպությունը գործում է Կանանց ռեսուրսային կենտրոնի աջակցությամբ: «Կանայք կանանց համար» շվեդական ֆոնդն է ռեսուրսային կենտրոնի ամենամեծ դոնորը։ Սորոսի հիմնադրամը 5-րդ տեղում է։ Տաթևիկ Աղաբեկյանն ասում է՝ վերջին տասը տարում սեռական բռնության ենթարկված 87 երեխաների հետ են աշխատել ու համոզվել՝ երեխաներին անվնաս ու պաշտպանված պահելու համար իրազեկման խնդիր կա:

«Մի 7 տարեկան երեխա ինձ, օրինակ, ասաց՝ իսկ դա սեռական բռնություն ա՞, որ մարշրուտկայի մեջ մի հատ ձյաձյա փորձում էր մի անգամ․․․ ու կարմրեց, էլ չկարողացավ շարունակի, թե ինչը ձեռք տար իր: Ու ինչո՞ւ էր շոկային, որովհետև ես գիտեի, որ Հայաստանում նման բաներ շատ կան, բայց որ այդքան փոքր տարիքից է սկսվում այդ երևույթը, իրոք չէի պատկերացնում», - պատմեց նա:

Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի փոխանցմամբ՝ վերջին տարիներին անչափահասների հանդեպ սեռական ոտնձգության դեպքերը նվազել են՝ 2016-ին 80 դեպք է եղել, 17-ին՝ 71, անցյալ տարի՝ 50 դեպք: Վերջին դեպքը մարզերից մեկում էր. հայրը բռնաբարել է 14-ամյա դստերը։ տղամարդը ձերբակալված է, իսկ աղջնակը կտեղափոխվի երեխաների աջակցության կենտրոն՝ հոգեբանների աջակցությամբ վերականգնվելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG