Մատչելիության հղումներ

Վարչապետի խոսնակ․ Ադրբեջանի կողմից ինժեներական աշխատանքների ակտիվություն է նկատվում


«Ազատություն» զրուցել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ:

«Ազատություն»․ - Վերջին օրերին հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդը ակտիվացրել է գործողությունները, արդեն երկու վիրավոր զինծառայող ունենք, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Մյուսի վիճակը կայուն ծանր է: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և ինչո՞վ եք բացատրում իրավիճակի այս փոփոխությունը՝ հաշվի առնելով, որ Փաշինյանի և Ալիևի հայտնի հանդիպումից հետո կարծես թե հարաբերական անդորր է ստեղծվել սահմանին:

Կարապետյան․ - Թեև վերջին շրջանում որոշակի լարվածության աճ նկատվում է, միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ աննախադեպ հանդարտ է վիճակը շփման գծում, սահմանի վրա: Մենք նկատում ենք որոշակի աշխատանք Ադրբեջանի կողմից, մասնավորապես՝ ինժեներական ակտիվություն: Բայց ամեն ինչ վերահսկելի վիճակում է: Ինչ վերաբերում է հրադադարի դեպքերի խախտմանը, ապա դա, իհարկե, շատ մտահոգիչ է: Մենք մեր զինվորների կողքին ենք և մաղթում ենք շուտափույթ ապաքինում: Նաև հույս ենք հայտնում, որ Ադրբեջանը իրապես հավատարիմ կմնա բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններին, ոչ միայն դրանց տառին, այլ նաև ոգուն:

«Ազատություն»․ - Իսկ ի՞նչ փոխվեց, ինչո՞ւ հանկարծ Ադրբեջանը փոխեց իր մարտավարությունը և ակտիվացրեց իր գործողությունները: Նաև ինժեներաշինարարական աշխատանքներն են կարծես թե ակտիվ շարունակվում, ինչի մասին նաև Ղարաբաղի պաշտպանության նախարարությունն է հայտնել:

Կարապետյան․ - Մենք ունենք այդպիսի տեղեկություններ, որ անգամ այս ողջ ընթացքում, երբ, ինչպես ես նկատեցի, աննախադեպ հանդարտ վիճակ էր, ինժեներական գործունեություն իրականացնելու փորձեր միշտ արվել են: Ակտիվությունը իրենք կարծես տեղափոխել են մի ոլորտից մյուսը: Միևնույն ժամանակ, այնպես չէ, որ հայկական կողմը հանգիստ նստած է: Մենք վերահսկում ենք իրավիճակը: Երբեմն լինում են փոխհրաձգություններ, դրա մասին բոլոր կողմերից հայտնում են, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության հայտարարությունների տեսքով: Իրականում երբ մենք համեմատություններ ենք անում, անհամեմատելի է իրավիճակը:

«Ազատություն»․ - Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը: Ինչի՞ է նախապատրաստվում: Կարո՞ղ ենք ասել, որ որոշակի գործողությունների են նախապատրաստվում:

Կարապետյան․ - Միշտ կա այդ հավանականությունը: Բայց մենք պետք է նաև հաշվի առնենք, որ վերջին 7-8 ամսվա ընթացքում վիճակը շատ ավելի վերահսկելի է, շատ ավելի հանգիստ է: Մենք չունենք որևէ զոհ սեպտեմբերից սկսած: Կան կրակոցներ, կա որոշակի փոխհրաձգություն, ունենք երկու վիրավոր: Միևնույն ժամանակ, տագնապալի որևէ իրավիճակ չկա, և մենք վերահսկում ենք շփման գծում և սահմանին:

«Ազատություն»․ - Ինժեներական աշխատանքները նույնպե՞ս անհանգստություն չեն առաջացնում հայկական կողմի մոտ:

Կարապետյան․ - Քանի որ մենք հետևում ենք և հարկ եղած դեպքում համապատասխան գործողություններ են ձեռնարկվում, որևէ մտահոգվելու տեղիք չեն տալիս այդ գործողությունները:

«Ազատություն»․ - Տեղյակ ենք, և Փաշինյանն ինքը այդ մասին տեղեկացրեց, որ կարծես թե կապ է ստեղծվել Ալիևի և Փաշինյանի միջև սահմանային միջադեպերի ընթացքում անմիջապես կապ հաստատելու: Այս ընթացքում նման կապ եղե՞լ է Փաշինյանի և Ալիևի միջև:

Կարապետյան․ - Այն օրվանից, երբ դրա մասին հայտարարվել է, այդ կապը կա, գործում է և բավականին էֆեկտիվ ծառայում է իր նպատակին:

«Ազատություն»․ - Այս լարված օրերին եղե՞լ է կապ երկու երկրների ղեկավարների միջև:

Կարապետյան․ - Դրանք իրականացվում են հիմնականում պաշտպանության նախարարության միջոցով: Կարծում եմ, ավելի տեղին կլինի, իրենց հարցնեք: Բայց մշտապես այդ կապը գործել է և բավականին արդյունավետ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG