Քաղաքական գնահատականի իմաստով պարոն Ծառուկյանը իրականացնում է այնպիսի գործողություններ, որոնց, առնվազն մինչև 2018 թվականը հայաստանյան քաղաքական դաշտում ներգրավված բոլոր սուբյեկտները նշում էին օլիգարխներ, պնդում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը:
«Արված հայտարարությունները վերլուծելով մենք հանգում ենք քաղաքական այդպիսի գնահատականի, որ մեծ է հավանականությունը, բավարար և ողջամիտ են այն փաստերը, որոնց հիման վրա մենք կարծում ենք, որ պարոն Ծառուկյանը այդպիսի գործունեություն իրականացնում է և այն գործունեությունը, որը ինքը իրականացնում է՝ այսինքն պաշտոնյա լինելով ներգրավված է տնտեսական գործունեության մեջ, այդ ֆորմատին քաղաքական դաշտը անվանում է և հիմա ես անվանում եմ օլիգարխիա», - այսօր «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման եթերում հայտարարեց Նահապետյանը:
«Ամեն դեպքում, այն, ինչ մենք այս պահին ունենք՝ այսինքն պետական պաշտոնյա, պատգամավոր, անձեռնմխելի անձ, որը, ի տարբերություն իր մրցակիցների, ներկայացված է պետական կառավարման համակարգում, բնականաբար այդպիսի դատողությունների համար ողջամիտ հիմքեր կան: Որովհետև, ենթադրենք, մյուս ցեմենտ արտադրողները Ազգային ժողովում ներկայացուցիչ չունեն», - հավելեց ՔՈ կուսակցության ներկայացուցիչը:
Արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը օրերս դիմել էր գլխավոր դատախազին և Աժ նախագահին՝ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու ու այդ ուղղությամբ գործընթաց սկսելու խնդրանքով: Կուսակցության ներկայացուցիչները համարում են, որ Ազգային ժողովի վերջին նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումներին «ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Ծառուկյանի և ԲՀԿ խմբակցության ակտիվ մասնակցությամբ խախտվել են Սահմանադրությունը և այլ օրենքներ:
Հակադարձելով այս պնդումներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարել է, որ իր հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չի զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չի մասնակցում:
Միքայել Նահապետյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև հրապարակված տեսանյութում: