«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր արձագանքել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կոչին՝ պարզաբանելով, Սահմանադրությունը չի խախտել, պատգամավորական գործունեությանը զուգահեռ չի զբաղվում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ: Առևտրային կազմակերպություններում ունեցած բաժնեմասերը հանձնել է հավատարմագրային կառավարման:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի շտապում հայտարարել է համոզի՞չ է պատգամավորի պարզաբանումը, թե՞ ոչ: Նա ուշադրությունն օրենքի բացերի վրա է հրավիրում․ - «Կա բաց օրենքում, որը լողալու տեղ է տալիս: Եվ մենք անպայման պետք է օր առաջ հետամուտ լինենք, որպեսզի այդ բացը լրացնենք օրենսդրական կարգավորմամբ»:
Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու ու այդ ուղղությամբ գործընթաց սկսելու խնդրանքով գլխավոր դատախազին և Աժ նախագահին դիմել էր արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը, որի ներկայացուցիչները համարում են, որ Ազգային ժողովի վերջին նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումներին «ԱրարատՑեմենտ» գործարանի սեփականատեր Ծառուկյանի և ԲՀԿ խմբակցության ակտիվ մասնակցությամբ խախտվել է Սահմանադրությունը և այլ օրենքներ:
Գլխավոր դատախազը հաղորդմանը ընթացք էր տվել՝ այն ուղարկելով Հատուկ քննչական ծառայություն, իսկ Աժ նախագահ Միրզոյանը հորդորել էր Ծառուկյանին սպառիչ պարզաբանումներով փարատել կասկածները:
«Մի կողմից, մենք ունենք սեփականատեր լինելու հնարավորությունը, որը թույլ է տալիս քաղաքական գործչին, օրենսդիր մարմնում աշխատողին լինել սեփականատեր, բայց հնարավորություն չի տալիս զբաղվել ձեռնարկատիրությամբ: Այդտեղ բաժանարար գիծը շատ նուրբ է, և հնարավոր չէ իրականում հստակ ֆիքսել, թե որն է ձեռնարկատիրությամբ զբաղվելը, և որը՝ չէ», - նշում է Լիլիթ Մակունցը:
Ինչ վերաբերում է ցեմենտին վերաբերող քննարկման նիստում ԲՀԿ առաջնորդի խնդրահարույց ելույթին, հայտարարությունում նշված է, որ այն վկայում է կազմակերպությունների գործունեության արդյունքների վերաբերյալ Ծառուկյանի իրազեկվածության մասին և նվազագույն աղերս չունի անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու գործառույթի հետ:
Ծառուկյանը հավաստիացնում է, որ «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատողների հետ իր հանդիպումը սեփականատիրոջ կարգավիճակով է եղել, որի ընթացքում կայացրել է սեփականատիրոջ շահերից չբխող որոշում: Նրա ձևակերպմամբ՝ դա մարդասիրության դրսևորում է եղել:
«Քաղաքացու որոշում» կուսակցութան ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը պնդում է՝ Ծառուկյանի հայտարարությունները ապացուցում են, որ նա փաստացի միջամտում է իր բիզնեսների կառավարմանը․ - «Օրենքը հստակ կարգավորում է՝ չի կարող հանրային ծառայողը միջամտել կառավարման գործընթացներին որևէ կերպով: Եվ պարոն Ծառուկյանը ցուցադրել է այսպիսի միջամտություն»:
«Քաղաքացու որոշումը» դիմել էր նաև Ազգային ժողովի խմբակցություններին` էթիկայի հանձնաժողով ստեղծել և քննել Ծառուկյանի հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ուշացած է համարում նման քայլը, թեև առաջինը հենց իրենց խմբակցությունը հայտարարեց, որ ցեմենտի թեմայով Ծառուկյանի և իր թիմակիցների ակտիվությունը բիզնեսի և քաղաքականության շահերի բախում է:
«Մեծ հաշվով, ես կարծում եմ, որ եթե պետք է ԱԺ նախագահը պետք է դիմեր պարոն Ծառուկյանին, ի պատասխան էդ դիմումի, և ասեր հրապարակային՝ սպառիչ կերպով ասա, որ դու գործարար չես, կարծում եմ, ավելի լավ է, որ էդ նամակը չգրեր: Որովհետև կա՛մ պետք է ռեալ քայլ անի, կա՛մ ասի՝ ես քայլ չեմ անում: Այդ նամակը, ըստ էության, այնքան էլ լուրջ քայլ չէր, որովհետև պարոն Ծառուկյանը կարող է իր հարցազրույցների լինքերը ուղարկել Արարատ Միրզոյանին և ասի՝ նայիր նախկինում արած հայտարարություններս, ես միշտ էլ ասել եմ, որ հավատարմագրային կառավարման է հանձնած»:
ԲՀԿ-ն նույնպես նպատակարմար չէր համարել հանձնաժողով ստեղծելը:
Իսկ իշխող խմբակցությունը առայժմ սպասում է ՀՔԾ-ի եզրահանգմանը: Մինչև այդ էթիկայի հանձնաժողով ձևավորելը, ըստ Մակունցի, կարող է ընկալվել որպես քաղաքական հետապնդում․ - «Եթե որևէ խմբակցություն սկսում է քաղաքական գործընթաց կամ քաղաքական որոշում է կայացնում մեկ այլ ուժի նկատմամբ, սա մի կողմից կարող է դիտարկվել որպես քաղաքական ճնշում կամ հետապնդում, մյուս կողմից՝ եթե քաղաքական որոշում է կայացվում չգնալ այդ քայլին, կարող է դիտարկվել որպես պայմանավորվածություն: Այսինքն՝ երկկողմանի խոցելի է սա ամեն դեպքում: Եվ սահմանափակում է, կաղապարում է խմբակցությունների պատգամավորներին կայացնել որոշումներ»:
Հատուկ քննչական ծառայությունը դեռ ուսումնասիրում է Ծառուկյանի դեմ հաղորդումը: Եթե պարզվի, որ Ծառուկյանը խախտել է Սահմանադրությունը, նա կզրկվի մանդատից: