Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել Երևանի դատարանի որոշումը


Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ
Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ

Վեց հոդվածներով մեղադրվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 2-ի որոշումը, որով Գրիգորյանի խափանման միջոցը մնաց կալանքը։

«Մենք որոշում ենք կայացրել՝ պաշտպանական կողմը, որ չենք սպառելու ներպետական ատյանները, քանի որ այնքան աղաղակող էին, մեր կարծիքով, դատավարական և նյութական խախտումները, որի հիմքով դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս պահին դեռ մենք չենք ստացել դատական ակտը, ստանալուց անմիջապես հետո ընդհանուր դատավարությունն ենք բողոքարկելու, որի բաղկացուցիչ մասն է նաև խափանում կանաքը», - ասաց փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանը պնդեց՝ այս քրեական գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. - «Նախագահող դատավորը, լինելով պրոֆեսիոնալ, ըստ էության, պրակտիկ փորձ ունեցող, ինչ արեց նա՝ պրոցեսը կոպիտ խախտելով, մեկ րոպե շուտ ցանկացավ լսել նիստը: Ավելին՝ լսեց մամուլի ներկայությամբ։ Երևի թե ինչ-որ անձանց մեսիջ ուղարկելով կամ ցույց տալով, թե ինքը ինչպիսի կամակատար նախագահող է։ Ավելին, անգամ լսելի չդարձնելով պաշտպանյալի խոսքը, որը ցանկություն էր հայտնել իր խոսքը ասելու, դատական ակտը հրապարակեց»։

Մինչդեռ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, եթե փաստաբանը խոսում է ընտրովի արդարադատության մասին, ապա նախ պետք է այնպիսի հիմքեր ներկայացնի, որ դժգոհության պատճառը հասկանալի լինի։

«Մանվել Գրիգորյանը շատ հայտնի դեմք է Հայաստանի Հանրապետությունում, նրան ճանաչում են բոլորը՝ փոքրից մեծ, և գիտեն նրա վարքագիծը: Այսինքն՝ հայտնի էր գործած ապօրինություններով, անօրեն, օրնքից դուրս պահվածքով։ Երբ արդեն քրեական գործ հարուցվեց, մենք տեսանք, թե ինչքան հզոր էին փաստերը, և այդ փաստերը արդեն խոսում են քրեական գործի հիմքերի մասին, թե որքան հիմնավորված են։ Սա ուղղակի մարդկանց գիտակցության մեջ եղածը հաստատեց ևս մեկ անգամ, որ իրոք Մանվել Գրիգորյանը ապրել է, և նախկին իշխանությունը թույլ է տվել, որ նա ապրի օրենքից դուրս», - ասաց Ալեքսանյանը։

Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Գործով անցնում է նաև Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը: Նա մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերթ, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։ 52-ամյա Ամիրյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։

Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով մայիսի 2-ին տեղի ունեցած նախնական դատական նիստին մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը հայտարարեց, որ Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, դատաքննության ժամանակ ևս կարող է խոչընդոտել քննությանը, ազդել գործով անցնող անձանց վրա: Պնդեց՝ գրավը մեղադրյալի համար չի կարող պատշաճ վարքագծի երաշխիք հանդիսանալ։

Գրիգորյանի փաստաբանը հակադարձում է. - «Դոլմազյանը բերե՞ց գոնե մեկ օրինակ, որ այս ֆորմատով անձը կարող է խուսափել և խոչընդոտել»։

«Ազատության» դիտարկմանը, թե միևնույն ժամանակ դատախազը հայտարարեց՝ Գրիգորյանի քաղցկեղը բուժվել է, Բաղդասարյանն արձագանքեց. - «Եթե գիտությանը հայտնի է, որ անձը տառապում է քաղցկեղով և քաղցկեղը բուժվում է, ես կհամաձայնվեմ, որ պարոն Դոլմազյանը այդպիսի արտահայտություն արել է, ավելին՝ իմ ձեռքի տակ, մեր պաշտպանական կողմի ձեռքի տակ կան բժշկական փաստաթղթեր, այդ թվում՝ հեղինակավոր բժիշկների կարծիքներ, որոնք ուղղակի ահազանգում են ինչպես քաղցկեղի, այնպես էլ օրեկան 120 միավոր ինսուլին սրսկվող անձի կյանքին վտանգ սպառնալու հետ կապված»։

62-ամյա Գրիգորյանը կալանքի տակ է հունվարից։ Մեկ ամսից ավելի է գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ Փաստաբանների պնդմամբ՝ առողջական վիճակը ծանր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG