Մատչելիության հղումներ

Ալավերդու պղնձաձուլարանի սեփականատերը գործազուրկ դարձած ալավերդցիներին դիմանալու կոչ է արել


Ալավերդու պղնձաձուլարանը, արխիվ
Ալավերդու պղնձաձուլարանը, արխիվ

Ալավերդու փակված պղնձաձուլարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանը 50 տոկոսով իրեն պատկանող տեղական հեռուստաընկերության եթերից գործազուրկ դարձած ալավերդցիներին Լոռու բարբառով դիմանալու կոչ է արել։ «Ժողովուրդ ջան, դիմացեք, մինա Լոռին զոռիլ տի», - ասել է Մեջլումյանը։

Անցած տարվա հոկտեմբերից աշխատանքը դադարեցրած գործարանը գրավադրված է ՎՏԲ բանկում, և բանկը կարող է ցանկացած պահի «Վալլեքս» ընկերության ավելի քան 300 միլիոն դոլարի պարտքի դիմաց վերցնել ձուլարանը, ինչպես տեղի ունեցավ նույն՝ «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող Թեղուտի հանքավայրի դեպքում։

Օրերս Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարել էր, որ ՎՏԲ-ն ու «Վալլեքս»-ն այդպես էլ համաձայնության չեն եկել։

«Բանակցությունների ընթացքը՝ եղավ «Վալլեքս» գրուպի կողմից առաջարկություն, որը որ ընդունելի չէր ՎՏԲ բանկի կողմից», - ասել է Լոռու մարզպետը։

Բայց սեփականությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած գործարանատերը ոչ թե խոսել է այդ վտանգների կամ բանկի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին, այլ նշել է, որ կառավարությունից առաջիկա մեկուկես տարում արտանետումների թույլատրելի սահմանաչափը գերազանցելով աշխատելու թույլտվություն են ակնկալում։ Մինչև փակվելը գործարանը օրենքով սահմանած արտանետումների թույլատրելի չափը գերազանցել է մինչև 10-12 անգամ։

«Ժամանակավոր եթե ունենանք ամենաշատը մեկուկես-երկու տարվա կտրվածքով թույլատրություն արտանետումների հետ կապված, որովհետև այսօրվա վիճակով, ինչպես մի քանի անգամ բացատրել ենք մանրամասն, անհնար է ծծմբի դիօքսիդի արտանետումները չեզոքացնելու ամբողջովին, մենք սպասում ենք այս կամ այն որոշման և պատրաստ ենք մեկուկես-երկու տարի, ինչպես ասեցի, մինչև եկող տարվա վերջ, ունենալով թույլատրություն, ամբողջ մեր թիմը պահպանենք», - նշել է Մեջլումյանը։

Վալերի Մեջլումյանն Ալավերդու պղնձաձուլարանի գործունեության անցած 20 տարիներին մշտապես հայտարարել է միջազգային աննախադեպ ներդրումների, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, արտանետումները մի քանի անգամ կրճատելու ծրագրերի մասին։ 20 տարի անց, մինչդեռ, հայտարարում է, որ 250-ամյա գործարանում պղինձ են ձուլում «պապենական մեթոդներով»։

«Պղինձ ձուլելու արտադրություն, որը պապական տեխնոլոգիաների հիման վրա է փաստորեն օգտագործվում այսօր՝ սպասելով դեռ իր ժամանակին, երբ կհաջողվի դա վերակառուցելու, ժամանակակից տեխնոլոգիաներ օգտագործելու, մեծ ներդրումներ կատարելու և այլն։ Փաստորեն դա անշահութավետ գործունեություն էր», - ասել է Ալավերդու փակված պղնձաձուլարանի սեփականատերը։

Վալերի Մեջլումյանը վերջին երեք տարիներին հայտարարում էր, որ չինական ընկերության հետ մեծ ներդրումային ծրագրի շուրջ բանակցում են, որպեսզի առանց արտանետումների արտադրություն կազմակերպեն և հազարավոր աշխատեղեր ստեղծեն։ Կիսով չափ իրեն պատկանող հեռուստատեսության եթերում Մեջլումյանը, մինչդեռ, չի հստակեցրել, թե ինչ փուլում են չինական կողմի հետ բանակցություններն, ու արդյոք ծրագիրը կմեկնարկի։

«Հարաբերությունները մեր ոչ միայն գործընկերական են, այլ նաև ընկերական զուտ, որովհետև երեք տարի համատեղ գիտահետազոտական աշխատանքներ տանելը, տասնյակ անգամ հյուր գնալ-գալը Չինաստան և այլն, բերեց նրան, որ հարաբերությունները շատ բաց և նորմալ են», - հայտարարեց նա։

Այս շաբաթվա սկզբին Չինաստանից վերադարձած Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասել էր, որ մասնակցել է բազմաթիվ հանդիպումների չինացի գործարարների հետ, քննարկել Լոռու մարզի ներդրումային ծրագրեր, համաձայնություններ ձեռք բերել, բայց դրանց թվում չի եղել «Վալլեքս»-ի կամ նրան պատկանող Էյ-Սի-Փի ընկերության հետ համատեղ պղնձաձուլարան կառուցելու ծրագիրը։

«Էն վիճակում, որ գտնվում է Էյ-Սի-Փի-ն, որևէ ընկերություն այդ կարգավիճակում ներդրում այդտեղ չի կարող տեղի ունենալ։ Կարող է այդ պղնձաձուլարանը կառուցվել նոր վայրում և ինքը գործի շատ հաջողակ և չունենա որևէ կախվածություն ո՛չ բանկերից, ո՛չ սնանկության ինչ-որ կարգավիճակ, ոչ մի բանից», - նշեց Ղուկասյանը։

20 տարվա ընթացքում գործարանի արդիականացման վրա որևէ ներդրում չարած Վալերի Մեջլումյանն այսօր էլ նախկինի նման խոսել է նոր արտադրատեսակների և պղնձի արտադրության նոր ծավալների մասին։

Ալավերդու պղնձաձուլարանի մոտ 500 աշխատակիցներն արդեն յոթ ամիս գտնվում են հարկադիր պարապուրդում և վճարվում են աշխատավարձի երկու երրորդի չափով։ Նշենք, որ Թեղուտի հանքավայրը, որից անցած տարի զրկվեց «Վալլեքս» ընկերությունը ՎՏԲ բանկին ունեցած խոշոր պարտքի պատճառով, հնարավոր է՝ շուտով կվերագործարկվի։

Այսօր հանքավայրի նոր ղեկավարները փակ հանդիպում են ունեցել նախկին աշխատակիցների հետ, որոնց մի մասն արդեն աշխատանքի է անցել։ Հանքավայրի նոր տերերը հայտարարում են, որ կարճ ժամանակ անց ամբողջովին կվերսկսեն աշխատանքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG