Մատչելիության հղումներ

Փաշինյան. Որևէ մեկը տնտեսական գործունեության համար չպետք է ունենա կառավարության կարիքը


Նիկոլ Փաշինյանը այսօր կարճ պատասխանեց հարցին, թե հակառակ սպասելիքներին` ի՞նչն է պատճառը, որ 2018 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները զգալի չեն աճել. - «Շատ դեպքերում էն, ինչ որ անվանել եք ներդրումներ, ընդամենը օֆշորային պրոցեսներ են եղել, և հիմա նոր ամեն ինչ, պրոցեսները պետք է զրոյից սկսեն», - ասաց վարչապետը:

2018-ին նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները մոտ 1,8 տոկոսով են ավելացել, դոլարային պատկերով՝ աճը 2018-ին 4,5 միլիոն է:

«Ազատության» հարցին՝ սպասո՞ւմ է նոր ներդրումների, վարչապետը պատասխանեց. «Ես ամսի 8-ին ասուլիսով հանդես կգամ, ես կասեմ, որ ես վստահ եմ, որ մենք շատ ճիշտ ճանապարհով ենք գնում և վստահ քայլերով ենք գնում առաջ»։

Ընդհանուր առմամբ՝ անցած տարի, ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի, Հայաստանում 254 միլիոն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են գրանցվել։

«Ես չեմ կարող համեմատել հիմա իշխանափոխությունից հետո պատկերը յուրաքանչյուր մարզում ինչպիսին է», - ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Պապիկյանը դժվարանում է պատասխանել՝ ներդումների մասով ի՞նչ պատկեր է մասնավորապես մարզերում։ Ասում է՝ հստակ է մի բան. հեղափոխությունից հետո ներդրողներն ավելի են վստահում իշխանություններին։

«Տենդենցը հետհեղափոխական շրջանում և մանավանդ ընտրություններից հետո հստակ տանում է նրան, որ մեծ թվով մարդիկ, ովքեր նախկինում չէին վստահում, ունեին դրա համար պատճառներ, այսօր այդ վերապահումները չունեն և իրենց պոտենցիալը, իրենց հնարավորությունները փորձում են ներդնել հայրենիքում», - ընդգծեց Պապիկյանը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են՝ 80 նոր ներդրումային ծրագիր կա արդեն։ Հաշվել են՝ դրանց մի մասն ընդհանուր 1 միլիարդ դոլար արժողությամբ է: Իսկ թե ինչու դեռ զգալի ներդրումներ չեն արվում Հայաստանում, խորհրդարանական ընդդիմադիրները դա կապում են առաջին հերթին Հարկային օրենսգրքի փոփոխության ուշացման հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցում էր «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային գործարար համաժողովին։ Ելույթի ընթացքում հայտարարեց՝ Հայաաստանը դարձել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է և պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը: Խոսքի ընթացքում դահլիճի լույսերն անջատվեցին, դա, սակայն, չխանգարեց վարչապետին։

«Միկրոֆոնը չի անջատվել, էնպես որ կարող ենք շարունակել։ Որո՞նք են այդ իներցիոն գործընթացները. տնտեսական ոլորտում այդ իներցիոն ամենակարևոր գործընթացը հետևյալն է, որ մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին», - ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ գործարարները դեռ նախկին իներցիայով, այսպես ասած, «դաբրոների» կարիք ունեն իշխանություններից։ Հայտարարեց՝ կառավարության հիմնական խնդիրն է այնպես անել, որ որևէ մեկը տնտեսական գործունեության համար չունենա կառավարության կարիքը։

«Տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 և ավելի տոկոսը ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել իր գործողությունները երկրի ղեկավարի կամ երկրի ղեկավարության հետ։ Մենք, իհարկե, պատրաստ ենք, որովհետև դա մեր աշխատանքն է՝ բոլոր մարդկանց քաջալերելը», - հայտարարեց կառավարության ղեկավարը։

Վարչապետը վերջում նաև Արարատի մարզի գործարարների ցուցահանդեսին մասնակցեց, հայկական գինիներ, կոնյակներ, քաղցրավենիք, չրեր համտեսեց ու լսեց գործարարների բարձրացրած հարցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG