Մատչելիության հղումներ

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը «ի շահ թատրոնի» հրաժարվել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնից


Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, Գյումրի, 4-ը մայիսի, 2019թ.
Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը զրուցում է «Ազատության» հետ, Գյումրի, 4-ը մայիսի, 2019թ.

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթած Լյուդվիգ Հարությունյանը, ի տարբերություն Օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանի, որոշել է հրաժարվել գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Ասում է՝ քանի դեռ թատրոնի մասին օրենք չկա, շատ անորոշություններ կան, դրանցից մեկն էլ հենց գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի աշխատանքի համատեղությունն է:

«Եթե ասեն՝ բեմադրությո՞ւն անել, թե՞ տնօրեն մնալ, միանշանակ կընտրեմ բեմադրություն անելը։ Մենք բոլորս շատ լավ գիտենք՝ քանի թատրոնի մասին օրենք չկա, շատ հարցեր կան, որոնք վիճելի են, ու անհասկանալի է, թե ինչու է այդպես։ Եթե հստակեցվի՝ ինչ է անում գեղարվեստական ղեկավարը թատրոնում, և հստակեցվի՝ ինչ է անում տնօրենը, եթե այդ աշխատանքները զատենք իրարից, ես կարծում եմ՝ նմանատիպ խնդիրներ չենք ունենա, իսկ եթե ես երբևիցե հարց ունենամ՝ որպես ռեժիսո՞ր ստեղծագործելու, թե՞ տնօրեն, միանշանակ կընտրեմ դա։ Գեղարվեստական ղեկավարի դեպքում այս պահին, ցավոք, ընտրեցի, ցավոքը որն է, ի շահ թատրոնի ընտրեցի տնօրենի աշխատանքը», - նշեց Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը։

Լյուդվիգ Հարությունյանին հենց աճեմյանցիներն էին առաջադրել ու նախազգուշացրել, որ «քթները չխոթեն թատրոն»: Թե քանի հոգի է հայտ ներկայացրել, Մշակույթի նախարարությունը ձեռնպահ է մնացել թիվ հրապարակել: Ամեն դեպքում, գործող կարգի համաձայն, եթե մեկ հայտ է լինում, մրցույթը չի էլ կայանում:

Լյուդվիգ Հարությունյանն ասաց, որ մրցույթի օրը այլ մրցակցի չի տեսել. «Հայտեր եղել են, ճիշտն ասած։ Ես ինքս մասնակցել եմ մրցույթին՝ առաջին փուլը գրավոր էր, երկրորդը՝ բանավոր, իմ հետ մրցույթին, որպես այդպիսին, մասնակից չի եղել»։

Տնօրենի աշխատանքն ավելի պատասխանատու է, կարծում է Հարությունյանը ու հավելում, թե ինչ անելիքներ ունի արդեն նոր պաշտոնում: Թատրոնը այս պահին ֆինանսական խնդիր չունի: Ներկայացումներ են բեմադրում, առաջնախաղերի պատրաստվում: Հիմա Հայաստանում են շրջագայում, առաջիկայում հյուրախաղերով կլինեն նաև Ավստրալիայում:

«Հյուրախաղի առաջարկ ունենք, շատ կարևոր մեզ համար, Ավստրալիա։ Նախնական արդեն պայմանավորվածություն կա, բայց քանի որ մենք արդեն երկու ամիս բացակայեցինք ու աշխատանքներ պիտի արվի նաև այստեղ, դրա համար փոքր-ինչ հետաձգել ենք», - ընդգծեց Հարությունյանը։

Ցանկություն ունեն թատրոնի շենքի ապակիները փոխել, որոնք արդեն իսկ վտանգ են ներկայացնում, սակայն խնդրի առաջ են կանգնել․ մի քանի տարի առաջ թատրոնի ճեմասրահ տեղափոխված Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը խանգարում է, քանի որ չափերով բավականին մեծ է: Եթե որմնանկարը տեղափոխեն, ապա թատրոնը պատրաստ է իր միջոցներով շատ արագ թատրոնի արտաքին տեսքը փոխել, նախագիծն ու նախահաշիվն էլ ձեռքի տակ ունեն:

«Ապակիները նաև անվտանգության առումով են վտանգավոր, որովհետև իրենք արդեն տարիների ընթացքում, հատկապես երբ քաղաքում լինում է վատ եղանակ ու քամի, այդ ապակիները շարժվում են, իսկ մենք գիտենք՝ դա ինչքան վտանգավոր է։ Երկրորդը՝ ապակին արդեն խունացել է ու շատ վատ վիճակում է, կուզենամ, որ.... Թատրոնը կարող է, ի վիճակի է՝ դա կլինի մեր միջոցով, կդիմենք մարդկանց, ովքեր կօգնեն, կդիմենք գուցեև նախարարությանը, ովքեր կօգնեն մեզ ու առաջին հերթին այդ ապակիները փոխելու ենք։ Սրա համար պետք է, որ նկարը մինչ այդ տեղափոխվի։ Ինքը արժեք է, ինքը մեծ գործ է, բայց խնդիրն ինչում է՝ որ նա իր ճիշտ տեղում չի դրված», - ասաց թատրոնի տնօրենը։

Որմնանկարը թատրոնի ճեմասրահ տեղափոխելիս՝ վնասել են ապակիներն ու հին հենասյուները:

«Ամբողջ սյունը, որը պղնձապատ է այս պահին, վնասվել է, քանդել են ու էսպես մնում է ինքը։ Բայց սա էլ իր հերթին մի առանձին մշակույթ է ու առանձին արվեստ է, որովհետև եթե նայում ենք ինչ հզոր ու սիրուն և ամենակարևորը՝ հին պատմություն ունեն էս ամեն ինչը», - նշեց Հարությունյանը։

Թատրոնը չի կարողանում ապահովել նաև որմնանկարի պահպանության համար անհրաժեշտ ջերմաստիճանը ձմռան ամիսներին: Անընդմեջ դիմում են Մշակույթի նախարարությանը, որ որմնանկարը տեղափոխեն, սակայն հարցը դեռ լուծում չի ստանում: Թատրոնը նաև նպատակ ունի հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը դարձնել մատչելի: Թեքահարթակների խնդիրն են ցանկանում լուծել: Լյուդվիգ Հարությունյանն ասում է, որ թատրոնը պետք է հասանելի լինի բոլորին: Հանդիսատեսի պակաս չունեն: Եթե տարիներ առաջ թատրոնը կորցրել էր հանդիսատեսին, վերջին տարիներին տոմսերն արագ սպառվում են:

«Էսօր մենք ներկայացում ունենք թատրոնում, լեփ-լեցուն դահլիճ, և հիմնական տոմսերը վաճառվել են դրամարկղից, սա շատ կարևոր բան է, երբ որ դու ստեղծես լավ ներկայացում։ Ես չեմ ուզում, որ մենք երբևիցե հանդիսատեսին խնդրենք, որ գան թատրոն։ Երբ որ նա գալիս է, կորցնում է ակնածանքը թատրոնի հանդեպ, իսկ երբ ինքը անձամբ է գալիս ու գնում է տոմսարկղից տոմս, սա այլ բան է, որի համար ես անչափ ուրախ եմ», - ասաց տնօրենը։

Թատրոնը հիմա պատրաստվում է իր 154-րդ թատերաշրջանին, որը կնշեն Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած Սամվել Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» առաջնախաղով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG