Մատչելիության հղումներ

Հայաստանն այլևս երբեք չի լինի հուսահատ. Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցել է «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին ու տեղական արտադրանքի EXPO ցուցահանդեսին, որին մասնակցում են նաև փոքր, միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ և այլք:

Վարչապետի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ իր ելույթում Փաշինյանը նշել է. «Իսկապես տնտեսական փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում և դեռ պետք է տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն է: Ցանկանում եմ ընդգծել, որ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալն այն գաղափարախոսությունն է, որ դրված է դրանց հիմքում: Այդ գաղափարը մենք անվանում ենք անհատական ջանք, անհատի վերափոխում»:

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացին կարող է անել ամեն ինչ, քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ, շարունակելով. «Այդ փիլիսոփայական փոփոխությունն այսօր Հայաստանի Հանրապետությունը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը, այս փիլիսոփայական փոփոխությունը Հայաստանը հիմա դարձնում է և պիտի դարձնի աշխարհի տնտեսական զարգացած երկրներից մեկը»:

«Կառավարության հիմնական խնդիրն է այնպես անել, որ որևէ մեկը տնտեսական գործունեության համար չունենա կառավարության կարիքը: Մեր առաքելությունն է, որ մարդիկ ամենօրյա կյանքում հնարավորինս ավելի քիչ ունենան կառավարության կարիքը, պետական մարմինների հետ շփվելու կարիքը», - նշել է Փաշինյանը:

Վարչապետն ասել է, որ կառավարության հիմնական խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ մարդկանց չխանգարելը, ոչ թե մարդկանց կամքը ձևավորելն է, այլ մարդկանց քաջալերելը, նրանց ստեղծարար ընդունակությունները և հմտությունները զարգացնելը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ մայիսի 8-ին հանդես կգա մամուլի ասուլիսով և կետ առ կետ կներկայացնի այն բոլոր փոփոխությունները, որ մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանում, ընդգծելով. «Հայաստանի Հանրապետությունում շատ բան է փոխվել, փոխվել է ամենակարևորը. Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամենակարող է, ամենազոր, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մտքով, աշխատանքով, տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG