Մատչելիության հղումներ

Լրագրողները բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում


Մամուլի ազատության միջազգային օրը Բաքվում ազատության մեջ գտնվող մի խումբ լրագրողներ փողոց են դուրս եկել՝ երկրից հեռանալու արգելքը վերացնելու պահանջով:

2013 թվականից ի վեր Ադրբեջանում շուրջ երկու տասնյակ լրագրողների արգելված է լքել երկիրը. նրանք դիմել են դատարան, սակայն դատավորները չեն բավարարել հայցերը, որոնք այնուհետև ուղարկվել են Եվրոպական դատարան: Մի խումբ լրագրողների՝ Խադիջա Իսմայլովայի, Նաթիգ Ջավադլիի, Այնուր Իմրանովայի և այլոց դեպքում Ստրասբուրգյան դատարանը մարդու իրավունքների խախտում և ապօրինի է որակել արգելքը, սակայն Ադրբեջանի իշխանությունները չեն շտապել վերացնել խոչընդոտները:

Ադրբեջանցի լրագրողների պնդմամբ՝ արտասահման մեկնելու արգելքը իշխանությունները որպես մահակ են բանեցնում գործող վարչակազմին քննադատող ակտիվիստների, իրավապաշտպանների և լրագրողների դեմ:

«Իշխանությունները սխալվում են, եթե կարծում են, թե նման սահմանափակումներով կարող են խանգարել ազատ մամուլի գործունեությանը», - հայտարարել է բողոքի ակցիայի մասնակիցներից Սևինջ Վագիֆղըզըն:

Միջազգային և տեղական ոչ կառավարական կազմակերպությունների գնահատականներով ՝ Ադրբեջանը լրագրողների համար ամենավտանգավոր երկրներից է: Վերջին 15 տարիների ընթացքում չի եղել գեթ մեկ ամիս և տարի, երբ որևէ լրագրող չձերբակալվի՝ այդպիսով դառնալով բանտարկված լրագրողների թվով աշխարհի առաջատար երկրներից մեկը, նշում է «Թուրան» գործակալությունը:

Թեև Ալիևի վարչակազմը հավաստիացնում է, թե արմատական բարեփոխումներ է իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում՝ կտրականապես հերքելով քննադատող ձայները լռեցնելու մասին մեղադրանքները, իրավապաշտպան կառույցների ուսումնասիրությունները հակառակն են փաստում: «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տվյալներով՝ մամուլի ազատության մակարդակով Ադրբեջանը գտնվում է վատթարագույն հորիզոնականներում՝ այն 166-րդ տեղում է 180 երկրների ցանկում: Ընդ որում՝ անցած տարվա համեմատ հետընթաց է արձանագրել չորս կետով:

Տարբեր հաշվարկներով՝ այս պահի դրությամբ Ադրբեջանում ավելի քան 60 տասնյակ լրատվական կայք արգելափակված է՝ ընդ որում առանց դատարանի որոշման: Ճաղերի ետևում գտնվող ադրբեջանցի լրագրողների և բլոգերների թիվը հասնում է տասի:

Բանտում է նաև ադրբեջանցի ամենահայտնի լրագրողներից մեկը՝ հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին: Տարիներ առաջ նա Ադրբեջանից Վրաստան էր տեղափոխվել իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար, սակայն Թբիլիսիում առևանգվել և ադրբեջանական բանտ էր տեղափոխվել: Հարևան երկրում Ադրբեջանի իշխող ընտանիքի ունեցվածքը բացահայտած լրագրողը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգ ճանապարհով դրամական միջոցներ փոխադրելու և պաշտոնյաներին վիրավորելու համար: Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ որևէ լրագրող երևիցե չի պատժվել իր մասնագիտական գործունեության համար:

Ադրբեջանի իրավապահները նույն կերպ են մեկնաբանում նաև նախօրեին Bakupress լրատվական կայքի խմբագիր Շաֆագ Աղաջանի ձերբակալությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, լրագրողը բերման է ենթարկվել թմրանյութեր՝ մասնավորապես մարիխուանա վաճառելու պահին, հարուցվել է քրեական գործ: Աղաջանը կտրականապես հերքում է մեղադրանքը, հայտարարելով, որ ինքը առհասարակ հայտնի է թմրամիջոցների դեմ իր կոշտ դիրքորոշմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG