Մատչելիության հղումներ

«Զգուշացրել էինք՝ անգամ 10 հազար դրամ կաշառք վերցնողները խստիվ պատժվելու են». ԲՍՓ գործակալության ղեկավարի պաշտոնակատար


ԱԱԾ շենքը Երևանում
ԱԱԾ շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում, ըստ ծառայության, ներգրավված են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության Լոռու մարզի աշխատակիցները:

Մասնավորապես, ԱԱԾ-ի փոխանցմամբ, գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ. Մ․-ն և նույն հանձնաժողովի անդամները՝ գալով նախնական համաձայնության, քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու, տևողության ժամկետները սահմանելու և քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018-ի դեկտեմբերից մինչև 2019-ի ապրիլը, տասնյակ անձանցից պահանջել և որպես խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 645 հազար դրամ գումար՝ յուրաքանչյուր քաղաքացուց 20-ից 55 հազարական դրամ:

Հարուցվել է քրեական գործ՝ «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու հոդվածով»: Մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Կատարվում է նախաքննություն:

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ղեկավարի պաշտոնակատար Նունե Շահվերդյանն «Ազատության» հետ զրուցում խստորեն դատապարտեց տեղի ունեցածը՝ վստահեցնելով՝ ընդամենը մեկ ամիս առաջ են զգուշացրել իր կառույցի աշխատակիցներին՝ անգամ 10 հազար դրամ կաշառք վերցնողը խստորեն պատժվելու է:

Շահվերդյան. - Ես առաջին գործակարգավարական խորհրդակցությանն ասել եմ՝ «բացառեք որևէ կոռուպցիոն երևույթ, դուք իմացեք, որ ամենադաժան ձևով պատժվելու եք», և դա խրոնիկ բնույթ է եղել՝ ամեն անգամ նախազգուշացումները, որ նման որևէ բացասական երևույթ տեղ չգտնի։ Բայց, իհարկե, Ձեզ համար հասկանալի պատճառով՝ հսկա հանրապետություն, հեռավոր շրջաններ, և մարդիկ, հավանաբար, լավ չեն հասկացել։ Ընդամենը մեկ ամիս առաջ դարձյալ խորհրդակցություն արվեց, ես դարձյալ ահազանգեցի, որ «տեսե՛ք, կրակի հետ չխաղաք»։ Առաջին փոխնախարարը նույնպես խորհրդակցություն արեց՝ պարոն Գասպարյանը, և ասաց, որ նույնիսկ 10 հազար դրամի համար ամենախիստ ձևով իրենք պատժվելու են։ Ինչպես տեսնում եք, կան մարդիկ, որոնք լավ չեն ընկալել ղեկավարության հանձնարարականը, իհարկե, հավելեմ նաև, որ չեմ ուզում ավելին խոսել, որովհետև անմեղության կանխավարկած բոլոր դեպքերում կա, այն պետք է հարգել, և եթե ապացուցվի այդ մարդկանց մեղքը, նրանք պետք է պատժվեն՝ օրենքի ամբողջ խստությամբ։

«Ազատություն». - Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ նույնիսկ Ձեր զգուշացումից հետո նրանք որևէ եզրահանգում չեն արել, ո՞րն է պատճառը։

Շահվերդյան. - Անկեղծ ասած, ես այնքան անակնկալի եկած եմ, այդ հարցի պատասխանը միայն իրենք կարող են տալ։ Ես ենթադրում եմ, բայց խնդրում եմ ճիշտ ընկալել իմ խոսքերը, չեմ արդարացնում միանշանակ, որովհետև խորհրդակցության ժամանակ հնչել է, դա կհավաստեն բոլորը, այսպիսի նախադասություն իմ կողմից՝ «եթե ես ապրում եմ աշխատավարձով, ուրեմն դուք նույնպես պատրաստ եք ապրել աշխատավարձով, համաձայն չեք՝ ուրեմն դուրս եկեք»։ Իմ կողմից սա հնչում է, ես նախապես ասել եմ, որպեսզի այլ մեկնաբանություն իմ խոսքերին չտրվի, բայց, ես կարծում եմ, որ գործոններից մեկը չափազանց ցածր աշխատավարձն է՝ հանձնաժողովի նախագահը ստանում է 133 հազար դրամ աշխատավարձ, հանձնաժողովի անդամները՝ 130 հազար դրամ։ Բայց նորից եմ ասում՝ ես չեմ արդարացնում, իրենց զգուշացվել է՝ «համաձայն չեք՝ դուրս եկեք»։ Բայց իհարկե Դուք էլ կհամաձայնեք, որ բարձրագույն կրթությամբ բժշկին վարձատրել 130 հազար դրամ՝ դա առնվազն զավեշտ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG