Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնամուտի արարողությունից հետո մտադիր է արտասահմանյան մի շարք այցեր կատարել և ցանկանում է մասնակցել «նորմանդյան ձևաչափով» հանդիպման: Այդ մասին Բրյուսելում ասել է Զելենսկու խորհրդական, Ուկրաինայի ֆինանսների նախկին նախարար Ալեքսանդր Դանիլյուկը:
«Երբ կիմանանք ինաուգուրացիայի հստակ օրը, կորոշենք արտասահմանից պետական այրերին հրավիրելու կամ նախագահի արտասահմանյան այցերի ժամկետները», - ասել է Դանիլյուկը:
«Նորմանդյան ձևաչափով» հանդիպմանը մասնակցում են Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները՝ արտաքին գործերի նախարարների կամ պետությունների ղեկավարների մակարդակով:
Այսօր «Կառավարության լրատու» պաշտոնական կայքում հրապարակվել է ընտրությունների պաշտոնական արդյունքը:
Օրենքի համաձայն, նախագահի պաշտոնամուտը պետք է տեղի ունենա այդ հրապարակմանը հաջորդող 30 օրերի ընթացքում: