Մատչելիության հղումներ

Առաջիկայում Ծառուկյանը կարձագանքի Միրզոյանի նամակին. Տոնոյան


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջիկայում կարձագանքի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նամակին, «Ազատության» հետ զրույցում ասաց Ծառուկյանի խոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանը ծանոթ է Արարատ Միրզոյանի նամակին՝ գրությանը, և, ես կարծում եմ, որ առաջիկայում կլինի արձագանք այս նամակին», - ասաց Տոնոյանը։

Հարցին, թե դա կլինի Ծառուկյանի՞ որոշումը, թե՞՝ կուսակցության, Տոնոյանը պատասխանեց. - «Մենք առանձին այդ հարցը չենք քննարկել, բայց ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի կողմից կլինի արձագանք»։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանին ուղղված գրությամբ կոչ է արել նրան հրապարակային պարզաբանումներ ներկայացնել քննադատության վերաբերյալ, թե Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։

ԱԺ նախագահը նաև հայտնել է, որ խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը, բացի այդ՝ իրեն առաջարկել են այս հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով։

Նշենք, որ Ազգային ժողովի վերջին նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումներին ԲՀԿ խմբակցությունը և անձամբ Գագիկ Ծառուկյանի ակտիվ մասնակցություն էին ցուցաբերում: Այդ ակտիվությունը մեկնաբանվեց որպես սեփական բիզնեսի՝ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի շահերի պաշտպանություն: Մինչդեռ Սահմանադրությամբ պատգամավորին արգելվում է զբաղվել բիզնեսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG