Մատչելիության հղումներ

Միրզոյանը Ծառուկյանին կոչ է անում հրապարակային պարզաբանումներ ներկայացնել


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղված իր գրությունը, որով կոչ է անում նրան հրապարակային պարզաբանումներ ներկայացնել քննադատության վերաբերյալ, թե Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։

«Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում Ձեր ելույթում և դրան հաջորդած հարցազրույցների ընթացքում Ձեր կողմից հնչեցրած հայտարարությունները Ազգային ժողովի մեր գործընկերների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լայն հանրության շրջանում արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացրել Ձեր կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, մինչդեռ Սահմանադրությամբ և օրենքներով Ազգային ժողովի պատգամավորին արգելվում է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ», - գրել է Միրզոյանը։

ԱԺ նախագահը նաև հայտնել է, որ խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմինների ուշադրությունը, բացի այդ՝ իրեն առաջարկել են այս հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով։
Միրզոյանը, սակայն, նկատում է, որ էթիկայի հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, բացի այդ՝ «տարատեսակ շահարկումների տեղիք» կարող է տալ։ Ապա ավելացնում է՝ այս իրավիճակում, կարծում է, Ծառուկյանը առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնի խնդրի վերաբերյալ։

Հղում անելով օրենքներին՝ խորհրդարանի խոսնակը հիշեցնում է, որ «պատգամավորը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով և չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի»։

Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնում, որ վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները վերացնում են սեփական բիզնես շահերը քաղաքական դերակատարությամբ հովանավորելու՝ անգամ քողարկված մեխանիզմների անհրաժեշտությունը, «երբ դե-յուրե պատգամավորը կարող էր իր ձեռնարկությունը հանձնել հավատարմագրային կառավարման, սակայն փաստացի շարունակել զբաղվել դրա անմիջական կառավարմամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG