Մատչելիության հղումներ

Քաղաքագետ․ Ռուսաստանի վերնախավում չեն պատկերացնում, թե ինչպիսի մեծ լեգիտիմություն ունեն Հայաստանի իշխանությունները


Ստեփան Սաֆարյան, արխիվ
Ստեփան Սաֆարյան, արխիվ

Քաղաքական մեկնաբան Ստեփան Սաֆարյանի կարծիքով, Երևանում անցկացված ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստում Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի երկխոսությանը հաջորդած աղմուկը դաս կլինի Ռուսաստանի իշխանություններին:

Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանում մեկ օրում սրվեցին հակառուսական տրամադրությունները, երբ հանրության մեջ կասկած առաջացավ, թե Մեդվեդևը հեգնում էր․ - «Լրատվական դաշտ արդեն նետվել էին համանման վերնագրերով բազում [արձագանքներ]: Եթե բուն կադրերին անդրադառնանք, ապա այո, թերևս կարող էր նման տպավորություն ստեղծվել: Որովհետև Ռուսաստանի վարչապետի պահվածքն էլ բացատրելի չէր, և նկատելի էր, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը տարակուսեց, թե ինչ է ուզում ասել կամ հասկացնել դրանով Ռուսաստանի վարչապետը»:

Երեկ լրատվամիջոցներում ու Ֆեյսբուքում տարածվել էր նիստից մի հատված, որում Հայաստանի վարչապետին հարցով ընդհատում է Ռուսաստանի վարչապետը և դրանից հետո ծիծաղում:

Տեսանյութի տարածմանը հաջորդած մեկնաբանությունների տարափում կային նաև կարծիքներ, թե Հայաստանի վարչապետը «թույլ էր տվել իրեն ծաղրել», ինչը «խայտառակություն է» և այլն:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով, նման հոդվածներն ուղղորդված էին նախկին իշխանություններին սպասարկող լրատվամիջոցների կողմից:

Այդուհանդերձ, քաղաքագետը կարծում է, որ Մեդվեդևի հարցը ոչ միանշանակ էր․ - «Ես կարող եմ ուղղակի ինձ թույլ տալ ենթադրել, որ բարձրացված այդ մեծ փոթորիկի արդյունքում ռուսական և հայկական կողմերի միջև որոշակի զրույց եղել է: Դա ես նկատում էի Նիկոլ Փաշինյանի պարզաբանող գրառումից»:

Բուռն քննարկումներից հետո երեկոյան Ֆեյսբուքում հայտնվեց վարչապետի մեկնաբանությունը․ - «Մտնում եմ Ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդներն այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավելի էին տևել»:

Սաֆարյանը վստահ է, որ այս մեկնաբանությունը գրելուց առաջ Փաշինյանը կամ նրա աշխատակազմի անդամները բարձրացած աղմուկը քննարկել են ռուսական կողմի հետ, որը պարզապես չէր կարող չնկատել, որ Ռուսաստանի վարչապետի թվիթերյան էջի նկատմամբ հայկական գրոհ էր սկսվել, և կրքերը հանդարտվել են միայն Փաշինյանի գրառումից հետո:

«Սա նշանակում է, որ Ռուսաստանի պատվիրակությունը, եթե ոչ վարչապետը, բացատրություն է տվել Հայաստանի վարչապետին: Իսկապես երևի թե Ռուսաստանի վերնախավում գոնե չեն պատկերացնում, թե ինչպիսի մեծ լեգիտիմություն ունեն Հայաստանի իշխանությունները, և ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ իշխանությունների հասցեին ոչ կոռեկտ որևէ պահվածք», - նշեց Սաֆարյանը:

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանին ևս չեն համոզել Փաշինյանի և իշխող կուսակցություն ներկայացուցիչների բացատրությունները, թե ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:

Անուշ Սեդրակյան
Անուշ Սեդրակյան

Սեդրակյանի կարծիքով, Մեդվեդևը քմծիծաղով փորձում էր կատակել, սակայն նման միջոցառումներում անգամ կատակի համար հատուկ ժամանակ կա․ - «Եվ այդպիսի վերաբերմունք դրսևորում են միայն այն մարդիկ, որոնք չեն ընկալում հավասարազոր դաշնակցության հիմունքները և հավասարազոր դաշնակցությանը բնորոշ պահելաձևը»:

Քաղաքագետները հեշտությամբ մտաբերում են վերջին տասնամյակում հայ-ռուսական հարաբերություններում անթույլատրելի դրվագներ՝ Հայաստանը ֆորպոստ անվանելուց մինչև Մեդվեդևի տեղական Ռոգոզինի վիրավորական արձագանքը Սերժ Սարգսյանի հայտարարություններին:

Ըստ Անուշ Սեդրակյանի, նոր Հայաստանում հայ-ռուսական հարաբերությունները ևս պիտի փոխվեն․ - «Սա նոր Հայաստանն է, սա ժողովրդավարական Հայաստանն է, և ակնկալում ենք համապատասխան վերաբերմունք բոլոր պետական մարմինների, օղակների, ինչպես նաև ՀՀ պետական անկախ, սուվերեն սահմանի հանդեպ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG