Մատչելիության հղումներ

Մայիսի 1-ին մի շարք երկրներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև


Փարիզ, մայիսի 1, 2019թ.
Փարիզ, մայիսի 1, 2019թ.

Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մայիսի 1-ին փողոցներ դուրս եկած «Դեղին ժիլետներ» կոչվող ցուցարարների դեմ: Դիմակավորված ցուցարարները անկարգությունների էին դիմել, փորձելով շրջել մեծ մեքենաներ: «Դեղին ժիլետները» արդեն մի քանի ամիս բողոքի ակցիաներ են անցկացնում նախագահ Էմանույել Մակրոնի տնտեսական քաղաքականության դեմ:

Երեկ Ֆրանսիայի ոստիկանությունը զգուշացրել էր ծայրաեղ ձախակողմյա, անարխիստական «Սև բլոկներ» կոչվող խմբի հնարավոր անկարգությունների մասին:

Առավոտյան ժամերին ոստիկանությունը Փարիզում ավելի քան 80 մարդու բերման է ենթարկել:

Ստամբուլում Թուրքիայի ոստիկանությունը ավելի քան 100 ցուցարար է ձերբակալել: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Մայիսի 1-ի ցույցերը Թուրքիայում հաճախ ընթանում են բախումներով ու անկարգություններով: 1977 թվականի մայիսի 1-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած բախումների հետևանքով 34 ցուցարար է զոհվել: Թուրքիայում այդ օրն անվանում են «Արյունալի մայիսի 1»: Իշխանությունները ավելի քան 30 տարի արգելում էին մայիսմեկյան ցույցեր անցկացնել Թաքսիմ հրապարակում: Միայն 2010 թվականին հրապարակը բացվեց ցուցարարների համար, սակայն երկու տարի անց արգելքը վերականգնվեց:

Արհմիությունների կողմից կազմակերպվող մայիսմեկյան ցույցերին Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում:

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կոմունիստական կուսակցության կազմակերպած մայիսմեկյան ցույցին հազարավոր մարդիկ են մասնակցել: Կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը հանրահավաքում ասել է. «Այսօր ես իշխանություններին ևս մեկ անգամ պաշտոնապես ասում եմ, որ ձեր քաղաքականությունը ձախողված ու ամոթալի քաղաքականություն է»:

Պետդումայի պատգամավոր կոմունիստ Վալերի Ռաշկինն ասել, թե «աշխատավորները պետք է միավորվեն:

Հունաստանում հազարավոր մարդիկ, կարմիր մեխակներով ու երգերով ցույց են անցկացրել Աթենքում՝ խորհրդարանի շենքի մոտ: Հույները բողոքում են, որ աշխատավարձը ցածր է, իսկ գործազրկության մակարդակը՝ բարձր:

«Ժողովրդի կեսը սոված է, մյուս կեսը գործ չունի, հարստությունը կուտակվել է մի քանիսի ձեռքում: Աշխատաժամերն ավելին են, քան 1950 թվականին»,- ասել է թոշակառու Վասիլիս Վլախոսը

Հարավային Կորեայում հազարավոր մարդիկ են մասնակցել մայիսմեկյան հանրահավաքին և երթին: Նրանց մեծ մասը «Արհմիությունների կոնֆեդերացիայի» անդամներ են: Ցուցարարները անդրադարձել են աշխատաժամերը կրճատելու, իսկ աշխատավարձը բարձրացնելու հարցերին: Հարավային Կորեայում ցույցերը խաղաղ են անցել:

Աշխարհի շատ երկրներում մայիսի 1-ը նշվում է որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG