Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն ՔՈ կուսակցության անդամից պահանջել է հերքել Վանեցյանին վերաբերող ֆեյսբուքյան գրառումը


Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյան
Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյան

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նամակ է ուղարկել «Քաղաքացու որոշում» (ՔՈ) կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանին՝ պահանջելով հերքել իր ֆեյսբուքյան գրառումը Արթուր Վանեցյանի՝ ծաղիկների բիզնես ունենալու և վառելանյութ ներկրելու մասին:

ԱԱԾ-ի նամակում գրառումը որակվում է որպես հոդված ու նշվում, որ այն չի համապատասխանում իրականությանը:

Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․ - «Էն, որ Վանեցյանի ընտանիքը ծաղիկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական (եվրո 4, ԵՏՄ-ի օրենքով արգելված) դիզելը վառարանի վառելանյութի (печное топливо) անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»։

Հերքման տեքստում Միսկարյանը հերքում է, որ հավատում է պարոն Վանեցյանի վերաբերյալ մամուլում և հանրության մեջ շրջանառվող ու գրառման մեջ տեղ գտած լուրերի․ - «Պարոն Վանեցյանը օգտագործել է իր պաշտոնեական դիրքը, լիազորությունները: Ուղարկվել է նամակը ոչ թե իր՝ որպես քաղաքացի Վանեցյանի կողմից, այլ որպես ԱԱԾ տնօրեն Վանեցյանի կողմից, այն դեպքում, երբ որ ես էդ գրառման մեջ առհասարակ ԱԱԾ-ն չեմ շոշափել: Էդ լուրերը, որի մասին որ ես գրել եմ, դրանք մինչև Վանեցյանի ԱԱԾ-ի պետ լինելն էլ եղել են: Գրառումը գրվել է 2018-ին, իրենք նշել են նամակում, որ գրառումը կատարվել է 2019-ին: Ես կարող եմ կռահել, թե ինչով ա դա պայմանավորված: Բայց ամեն դեպքում դա չի արդարացնում էն ոչ պատշաճ մոտեցումը, որ իրենք են ցուցաբերում: Հետո գրառման մեջ նշվում ա լրատվական միջոցների մասին օրենքը, հղում ա արվում էդ օրենքին, որի պահանջով էլ իրենք իրենց իրավունք են վերապահում հերքում հրապարակել՝ իրենք իսկ հաստատելով, որ ես չեմ հանդիսանում լրատվական միջոց: Այնտեղ էլի կետեր կան: Ինձ նշել էին որպես «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, որ բացարձակ ոչ մի առնչություն չունի իմ ֆեյսբուքյան գրառման ու իմ ֆեյսբուքյան պրոֆիլի հետ: Փոխանակ մի բան էլ ձգտեն ապաքաղաքականացնեն, չկապվի իմ քաղաքական գործունեությունը էդ նամակի հետ, հակառակը՝ իրանք տանում են դրան: Կա՛մ միտված են անում, որպեսզի ԱԱԾ-ի բարի համբավը վնասեն, կա՛մ ուղղակի զուտ ոչ պրոֆեսիոնալ են»:

«Ազատության» հետ զրույցում նամակի հեղինակ Վահե Ենգիբարյանը հաստատեց, որ ինքը ԱԱԾ աշխատակից է: Նա զարմանում է, թե ինչու պետք է նամակը ԱԱԾ֊ի անունից չուղարկվեր Միսկարյանին, և չի կիսում գնահատականները, որ այսպիսով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը վարչական ռեսուրս է կիրառել:

Իրենց քայլերը Ենգիբարյանը գնահատում է ոչ թե որպես խոսքի ազատության սահմանափակման փորձ, այլ պետական և մասնավոր սեկտորի բարիդրացիական համագործակցության գովելի նախադեպ․ - «Խոսքի ազատության որևէ սահմանափակում, որևէ խնդիր բացարձակ չկա: Զուտ ընդամենը եղել ա նախնական առաջարկ»:

Ենգիբարյանը չի համարում, թե ԱԱԾ պետը գերազանցել է իր լիազորությունները:

Միսկարյանը պնդում է, որ գրառումն անելիս հիմք է ընդունել «Հետքի» հրապարակումները: Հարցին, թե ինչու հերքման պահանջ չի ներկայացվել այդ պարբերականին, Ենգիբարյանը պատասխանեց, թե տարբերակված մոտեցման խնդիր չկա․ - «Տեսադաշտում դա է հայտնվել: Հավատացեք, եթե խնդիր լինի, բոլորին էլ կարձագանքենք

Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ասում է, որ սկզբից կարծել է, թե ԱԱԾ պաշտոնական ձևաթղթի վրա ապրիլմեկյան կատակ է արվել, քանի որ մեկ նամակում միանգամից մի քանի օրենքի խախտում է նկատում․ - «Իսկ Արթուր Վանեցյանը ինքն իրեն փաստորեն հարկատուների հաշվին որոշել է ձրի փաստաբան պահել ԱԱԾ-ի հաստիքով: Երկրորդ էական խնդիրը կապված է անձնական տվյալների մշակման հետ: ԱԱԾ-ն ապօրինաբար տեղեկություններ է հավաքագրել Գարեգին Միսկարյանի մասին, որովհետև Գարեգին Միսկարյանը ԱԱԾ տնօրենին ոչ հաճելի հրապարակում է կատարել: Սա «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի ակնհայտ խախտում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG