Մատչելիության հղումներ

«Էլեկտրիկ Երևանի» գործը վերադարձվել է ՀՔԾ՝ նախաքննությունը շարունակելու


Գլխավոր դատախազությունն «Էլեկտրիկ Երևանի» գործը վերադարձվել է Հատուկ քննչական ծառայություն նախաքննությունը շարունակելու համար:

«Կասեցումը վերացվել է, տուժողների և ներկայացուցիչների բողոքը մասնակի բավարարվել է, գործը վերադարձվել է ՀՔԾ», - «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը:

2015-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ փողոց դուրս եկած քաղաքացիների խաղաղ ցույցերը ոստիկանները ցրել էին՝ կիրառելով անհամաչափ ուժ ու գործի դնելով ջրցան մեքենա: Այս գործով լրատվամիջոցների 21 ներկայացուցիչներ ունեն տուժողի կարգավիճակ:

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն «Ազատությանն» ասաց՝ շարունակելու են ուշադիր հետևել այս գործի ընթացքին և սատարել լրագրողներին: Դատախազության այս որոշումը Մելիքյանը համարում է իրենց փոքրիկ հաջողությունը․ - «Վերջին տարիների ընթացքում «Էլեկտրիկ Երևանի» գործով որևէ նոր կասկածյալ, էլ չեմ ասում՝ մեղադրյալ, ի հայտ չէր եկել: Չորս ոստիկաններ դատապարտվել են և պատիժը եղել է հիմնականում տուգանքի ձևով: Դա պայմանավորված էր նաև այն ժամանակվա քաղաքական իրավիճակով, երբ քաղաքական իշխանությունը լիակատար հսկողություն էր իրականացնում: Ոչ մի երաշխիք չկա, որ նույն Հատուկ քննչական ծառայությունը նույն ձևի կա՛մ կքնացնի, կա՛մ իմիտացիոն գործողություններ կիրականացնեն: Ես շատ ուրախ կլինեմ, որ սխալվեմ»:

Հատուկ քննչական ծառայությունը «Էլեկտրիկ Երևանի» գործը կասեցրել էր՝ պատճառաբանելով, թե որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձինք հայտնի չեն:

Գործով տուժող ճանաչված լրագրող Թեհմինե Ենոքյանը, ով, իր խոսքով, նույնականացրել է լրագրողների դեմ գործողություններ իրականացրած բազմաթիվ ոստիկանների, ուսումնասիրելով վերջիններիս հրապարակային գործունեության մասին տեղեկությունները, մեկնաբանում է․ - «Երաշխիք չկա, որ Հատուկ քննչական ծառայությունը կշարունակի օբյեկտիվորեն քննել «Էլեկտրիկ Երևանի» գործը, որովհետև իմ կողմից բացահայտված մոտավորապես 20 ոստիկանի ինքնություն ապացույց է այն բանի, որ առնվազն 7-8 պաշտոնյա, որոնք որ վարչության պետեր են այժմ դարձել, ունեն բարձր դիրք ոստիկանությունում և չգիտեմ, արդյոք Հատուկ քննչական ծառայությունը այդքան իրավական կամք կունենա՞ այս մարդկանց հարցաքննել որպես գոնե կասկածյալ, հետո տեսնենք՝ մեղադրանք կառաջադրի՞ իրենց, թե ոչ»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ երեք տուժած լրագրողներ՝ Հակոբ Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Թեհմինե Ենոքյանը, ապրիլի 2-ին ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք էին ներկայացրել դատախազություն։ Ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանն ասաց՝ սպասումները մեծ չեն, դատախազության որոշումն էլ տուժող լրագրողների պայքարի արդյունքն է համարում․ - «Իսկ թե ինչ կարելի է ակնկալել՝ մեծ հաշվով ես չեմ հասկանում, թե ինչ կարելի է անել այսքան անգործությունից հետո: Սպասումներս քիչ են, և եթե մի հատ դրական բան լինի՝ շատ կուրախանամ»:

Հակոբ Կարապետյանն «Ազատությանը» պատմեց, որ 2015-ին, որպես լրագրող «էլեկտրիկ Երևանի» ցույցերը լուսաբանելիս, ոստիկաններն իրեն տարել են մի վայր, որտեղ ոստիկանության նախկին պետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը հրահանգել է որ իր տեսախցիկը վերցնեն, հանեն հիշողության քարտն ու առանց դրա վերադարձնեն: Հավելեց՝ այդ ամենին ներկա է եղել նաև ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը: Ասաց՝ հույս ունի, որ այս գործի քննությունն արդեն օբյեկտիվ ընթացք կունենա: - «Եթե ես այն ժամանակ ելնում էի այն կանխավարկածից, որ սա քաղաքական պատվերով տարվող գործ է և ունեի հիմքեր կասկածելու, որ քննիչը կաշկանդված է ինչ-ինչ հանգամանքներով, հիմա ելնում եմ այն կանխավարկածից, որ այդ հանգամանքները չկան», - նշեց նախկին լրագրողը:

Հակոբ Կարապետյանն այժմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակն է, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարզպետն, իսկ Լևոն Երանոսյանն այլևս ոստիկանության համակարգում չի աշխատում:

Օրեր առաջ նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էր հայտարարել, որ դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի «Էլեկտրիկ Երևան»-ի խաղաղ ցույցի մասնակիցների, լրագրողների նկատմամբ կազմակերպված բռնությունների կիրառման հիմքով նոր քրեական գործ հարուցվի։

Իրավապաշտպանի խոսքով՝ այս գործի վարույթի կասեցումից հետո իրենք ձեռք են բերել ցույցի ժամանակ բռնություն իրականացրած քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին տվյալներ և այդ ամբողջ փաթեթը ուղարկել են դատախազություն՝ քրեական գործ հարուցելու դիմումով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG