Լեգիա Խաչատրյանը ծերանոցից է Սարյանի պուրակ հասել: Նա ցավով նկատեց, որ կոմունիստական շարքերը նոսրանում են․ - «Մենք մեծանում ենք: Ջահելներն էլ արդեն հակադաստիարակված են»:
Շքերթի են եկել Կոմկուսի տարբեր շրջկոմների ներկայացուցիչներ։ Մարտունու շրջկոմի քարտուղար Ռադիկ Հարությունյանն ասաց, թե թոշակով է իր կոմերիտականների ճանապարհածախսը հոգացել: Քայլում էր հպարտ՝ մուրճ ու մանգաղը կրծքին․ - «Այս սիմվոլը ինձ տվել է անվճար կրթություն, անվճար բուժում, անվճար աշխատատեղ»:
Շարքերում նաև պատանիներ կային: Տավուշից Երևան չորսժամանոց ճանապարհը հաղթահարած դպրոցահասակ Սարգիսը կոմունիստական միջոցառումը գերադասել էր ժամանցային վայրերից. - «Ի՞նչ կարուսել, ես հո՞ երեխա չեմ: Հոկտեմբերիկ չեմ, բայց կոմունիստ եմ, մաքուր սրտով»:
Տոնական շքերթը, որը շարժվում էր դեպի Ստեփան Շահումյանի արձանը, առաջնորդում էր Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը։
«Մեր գաղափարները աշխարհի ամենաառաջադեմ գաղափարներն են: Մարդկությունը դրանից լավ ոչինչ դեռևս չի կարողացել ստեղծի», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:
Ղազարյանը հայաստանյան վերջին փոփոխությունները ոչ թե հեղափոխություն, այլ իշխանափոխություն է համարում․ - «Նույն համակարգն է մնացել, դեմքերն են փոխվել»:
Նրա խոսքով՝ քանի դեռ Հայաստանը սոցիալիստական համակարգի չի անցնում, Կոմկուսն ընդդիմություն է:
Երջանիկ Ղազարյանը սակայն շեշտեց, որ պատրաստ են աջակցել Հայաստանի վարչապետին՝ եթե նա իր թիմակիցների շարքերից հեռացնի նրանց, որոնք հայ-ռուսական հարաբերությունները փչացնում են: «Այդ հարաբերություններն անբիծ պահելու հարցում կաջակցենք», - ասաց առաջին քարտուղարի պաշտոնակատարը:
Կոմունիստները Քաղաքացու օրը նշելն էլ առանձնապես չեն ողջունում․ - «Ունենք 35 տոկոսից ավել աղքատներ, որ էդ գումարի կարիքն ունեին, դրա կարոտն էին»:
Առաջադիմական միացյալ կոմկուսի ղեկավար Վազգեն Սաֆարյանը աշխատանքի տոնի միջացոռումներում փնտրում էր բանվորների, գյուղացիների:
«Չկան: Նաև խորհրդարանում չկան», - ասաց Սաֆարյանը՝ հիշեցնելով․ - «Խորհրդային Հայաստանի պառլամենտի 50 տոկոսից ավելին բանվորները և գյուղացիներն էին: Նայեք մեր պառլամենտում, կգտնե՞ք մի բանվորի կամ գյուղացու: Փորձ մի արեք, չեք գտնի, չկան նրանք»:
Տոնակատարության մասնակիցներից Սերոբ Խաչատրյանը Շամշադինից էր այստեղ հասել և ուզում էր բողոքն էլ տեղ հասցնել՝ իր Ծաղկավան գյուղում հարկեր է, որ պահանջում են․ - «Մերս 2004 թվին մահացել ա, 68 հազար դրամ տուգանք ա էկել վրեն: Գերեզմանոցումն ա իմ մերը: Ասում եմ՝ տան տեղը ցույց տամ, գնացեք վերցրեք»:
Բողոքը հարթակ չհասավ: Կուսակցական առաջնորդները հավաքվածներին էլի հիշեցրին անվճար կրթության, առողջապահության ու անցյալի այլ բարիքների մասին:
2003 թվականից ի վեր Կոմունիստական կուսակցությունը արտախորհրդարանական ուժ է: Առաջնորդները կուսակցության երիտասարդացումը առաջանահերթ խնդիր են համարում:
Կոմկուսի Էջմիածնի տեղամասային քարտուղար Սոֆիկ Մանուկյանը ոչ մի կասկած չունի, որ իր կուսակցությունը վերադառնալու է, և այդ կապակցությամբ քառատող արտասանեց․ - «Մեզանից հեռու ունենք համախոհ/ Ապաքինումը մերն է հիրավի/ Այս թոհ ու բոհի ու պայքարի մեջ/ Մեծ հաղթանակը մերն է, համբերի՛»:
Կոմկուսի շքերթին զուգահեռ արհմիությունների կոնֆերդերացիայի երթն էր՝ «Արժանապատիվ աշխատանք, նույնպիսի աշխատավարձ» լոզունգով:
Աշխատանքային իրավունքի խախտումները, ըստ արհմիությունների ներկայացուցիչների, մասնավոր սեկտորում են ավելի շատ:
«Մասնավոր սեկտորում գործատուի ձեռները կարծես թե ազատ ա, և ինքը իր ցանկություններով ա որոշում պայմանագրային հարաբերությունները», - «Ազատությանն» ասաց Արհմիությունների կոնֆեդերացիայի կազմակերպական կենտրոնի ղեկավար Գառնիկ Վաղարշակյանը:
Աշխատանքի ընդունման պայմանները թափանցիկ չեն, աշխատավարձը հաճախ ուշացնում են, ամենամյա արձակուրդի պայմաններն են խախտում, աշխատաժամերն են անթույլատրելի շատ․ սրանք են ամենատարածված խախտումները:
Արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավար Էդուարդ Թումասյանը վստահ է, որ Հայաստանի 19 ոլորտային արհմիությունները լավ էլ աշխատում են, նրանցից ավելին պահանջել հնարավոր չէ. - «Երբ որ ունենանք մենք իրավական պետություն, ուժեղ, հարուստ երկիր, էն ժամանակ կտեսնեք արհմիությունը»:
Միասնության, համերաշխության ու սոցիալական արդարության վերաբերյալ կոչերը եզրափակվեցին ինքնաբուխ պարով: