Մատչելիության հղումներ

«Երեք նկատողություն իրար վրա գրեց ու հեռացրեց». դպրոցի հղի փոխտնօրենին ազատել են աշխատանքից, նա դիմել է դատարան


Սպիտակցի մանկավարժ Գայանե Գրիշկյանը երկու ամիս հետո զույգ երեխա լույս աշխարհ կբերի, բայց դրան պատրաստվելու փոխարեն աշխատանքային իրավունքի կռիվ է տալիս, դռնեդուռ ընկնում. երկու ամիս առաջ իր ղեկավարը համարել է, որ 6 տարվա փոխտնօրենը վատ է կատարում պարտավորություններն ու ազատել է աշխատանքից։

«Փետրվարի 13-ին, որ հեռացրել է աշխատանքից, ես հինգ ամսվա հղի եմ եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիշկյանը։

115 աշակերտ ունեցող դպրոցի արդեն նախկին փոխտնօրենը դիմել է դատարան՝ պահանջելով վերականգնել իրեն աշխատանքում, վճարել անցած ամիսների աշխատավարձը։

Նա համոզված է, որ տնօրենն իր նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորել։ 15 տարվա մանկավարժն ընդգծում է՝ նախկինում երբեք նկատողության չի արժանացել։ «Երեք նկատողություն իրար վրա գրեց ու հեռացրեց», - ասաց մանկավարժը։

Լեռնավանի դպրոցի տնօրեն Պայծառ Վարդանյանը սկզբում հրաժարվեց հարցազրույցից, թե՝ չի ուզում էկրան բարձրանալ, հետո՝ մտափոխվեց։ Նա նշեց՝ հեղափոխությունից հետո երկու փոխտնօրեններից մեկին կրճատելու հրահանգ է ստացել վերադասից, երկուսին էլ առաջարկել է աշխատել կես դրույքով։ Ուսումնական հարցերի գծով փոխտնօրեն Գայանե Գրիշկյանը, մինչդեռ, հրաժարվել է, ինչից հետո տնօրենը սկսել է նկատել նրա թերությունները։

«Ինքն իր վրա դրված պարտականությունները ժամանակին չի կատարել։ Մինչև այդ էլ չէր կատարում՝ թերանում էր», - ասաց տնօրենը։

Ըստ Վարդանյանի՝ Գրիշկյանը չի լրացրել ուսուցիչների աշխատանքային ժամանակացույցը՝ տաբելը։ Այս բացթողումն անգամ, ըստ տնօրենի, Լոռու մարզպետարանի մասնագետներն են գրանցել։ «Եթե ինքը չի ներկայացրել, ես ի՞նչ հաստատեմ», - ասաց տնօրենը։

«Ազատության» դիտարկմանը, թե ինքն էլ թերություն ուներ՝ ինչո՞ւ չի պահանջել, որ այդ տաբելները ներկայացնի, տնօրենը պատասխանեց. - «Եթե աշխատողը հանձնարարականը չի կատարում և Դուք ասում եք՝ ինչո՞ւ կտրուկ, խիստ քայլերի, ինչո՞ւ նկատողություն, ինչո՞ւ խիստ նկատողություն, ես իրենից պահանջել եմ»։

Աշխատանքից ազատված փոխտնօրենը հակադարձեց՝ Պայծառ Վարդանյանը պարտադրել է ներկա դնել իր մերձավոր ուսուցիչներին, ովքեր իրականում բացակայել են աշխատանքից։

«Ապրիլ-մայիս ամիսներին ուսուցիչներ կային, աշխատանքի չէին եկել ու կանգնեցին, ասացին՝ «լավ ենք անում չենք գալիս, մեր տնօրենն ինչ ուզում ա, անում ա», տվեցի, տնօրենը պատռեց այդ տաբելն ու ասաց՝ «պիտի գրես, ներկա դնես իրանց», ասել եմ՝ «չեմ դնելու»։ Ես ապրիլից տաբել չեմ տվել, էդ ինչի՞ ապրիլին նկատողություն չտվեց, մայիսին, հունիսին չտվեց, նոր է հիշել, հիմա է տալիս», - ասաց Գրիշկյանը։

Անցած տարվա սեպտեմբերից բողոքավոր փոխտնօրենը չի կրճատվել, բայց կես դրույքով աշխատող է դարձել։ Նա պնդեց, թե այդ մասին միայն աշխատավարձի չափից է գլխի ընկել։

«Հոկտեմբերի 6-ին աշխատավարձն իմ հաշվին նստել ա, sms է եկել ու նոր իմացել եմ, որ անհիմն կերպով իմ աշխատավարձը դարձրել է կես դրույք», - ասաց մանկավարժը։

Մինչդեռ տնօրենը նշեց՝ այլընտրանք չուներ, դրույքը կիսելու պահանջը վերադասից էր, դպրոցի կառավարման խորհուրդն էլ հաստատել էր նոր հաստիքացուցակը։ Վարդանյանը բայց դարձյալ շեշտեց՝ Գրիշկյանը վատ աշխատող էր՝ անհիմն բացակայել է աշխատանքից։

«Նոյեմբերին ինքը հաճախակի դասերը թողել գնացել է տուն՝ առանց տեղյակ պահելու», - ասաց տնօրենը։

Փոխտնօրենը հակադարձեց. - «Ամսի 19-ին ես իբր աշխատանքի չեմ եղել, 26-ին չեմ եղել, 23-ին չեմ եղել... էդ բոլոր օրերն ապացույցներով, որ ես դաս եմ ունեցել, գումարած դրան՝ գնացել եմ դասալսումների, ո՞նց եմ ես թողել գնացել»։

Գայանե Գրիշկյանն աշխատանքից ազատվելուց երկու ամիս անց էլ դասալսումների գրանցամատյանն իր մոտ է պահում, ասում է՝ կտանի դատարան. - «Իմ միակ բարաթը՝ Պեպոյի բարաթը սա է»։

Տնօրեն Պայծառ Վարդանյանն իր հերթին ապացույցներ է հավաքել՝ դատարանում հաստատելու, որ Գրիշկյանի հարցում սխալներ չունի։

«Ես իմ գործունեությունը ծավալել եմ օրենքի սահմաններին համապատասխան», - ասաց տնօրենը։

Մինչ դատարանը կքննի աշխատանքային այս վեճը, Ոստիկանության Սպիտակի բաժինը առերևույթ փաստական տվյալներ է ձեռք բերել, որ Լեռնավանի դպրոցի տնօրենը 2014-18 թվականներին չարաշահել է պաշտոնեական դիրքն ու դպրոցի բյուջեից մոտ չորս միլիոն դրամ հափշտակել։ Անցած տարեվերջին հարուցված քրեական գործով՝ որպես դպրոցի գիշերային պահակ է ձևակերպել իր եղբոր հղի հարսին ու ավելի քան մեկ միլիոն դրամ աշխատավարձ և նախածննդյան ու հետծննդյան գումար վճարել։ Եղբոր հարսի արձակուրդ գնալուց հետո գիշերային պահակի գործին է անցել եղբոր կինը։ Նրա անունով երեք տարում դուրս է գրվել մոտ երեք միլիոն դրամ աշխատավարձ։ Ըստ քրեական գործի, երկուսն էլ իրականում չեն ներկայացել աշխատանքի։

Հաստիքների կրճատման անհրաժեշտության առաջ կանգնած տնօրենի եղբոր աղջիկը դպրոցում գործավար է աշխատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG