«ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի 76 տոկոսը այլ էին, քան Հայաստանի շահերից բխող այն դրույքաչափերը, որ սահմանել էր Ազգային ժողովը այն ժամանակվա Մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածով: Մասնավորապես, 1700 ապրանքատեսակների մասով դրույքաչափերը ավելի ցածր են, 6300 ապրանքատեսակների մասով դրույքաչափերը արդեն բարձրացվել են, և մոտ 700-800 մեր տնտեսության համար առավել կարևորություն ունեցող ապրանքատեսակների մասով մաքսատուրքերը դեռ պիտի բարձրանան առաջիկա տարիներին», - այսօր «ԵԱՏՄ մարտահրավերները. մաքսային նոր դրույքաչափեր» խորագրով հանրային քննարկմանը հայտարարեց Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
5 տարով հետաձգված և 2020-ից ուժի մեջ մտնող ավելի բարձր մաքսատուրք ունեցող և Հայաստանում լայն սպառվող ապրաքների շարքում են մսամթերքի որոշ տեսակներ, պարարտանյութեր, գյուղատնտեսական տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն։
Դանիել Իոաննիսյանի կարծիքով, Հայաստանի բնակիչների համար հատկապես բարդ կլինի հաշտվել 7 տարիուց ավելի շահագործված ավտոմեքենաների մաքսատուրքի կտրուկ բարձրացման հետ․ ներկայումս գործող միջին 600 հազար դրամից՝ 3,5 միլիոն դրամ․ - «Այս մաքսատուրքը մտնելու է ոչ թե Հայաստանի բյուջե, այլ ըստ էության մտնելու է միության բյուջե, և այդտեղից Հայաստանը ստանալու է ընդամենը մեկ տոկոսը՝ 1,22 տոկոսը»:
Փոխարենը նոր և դեռ չշահագործված մեքենաների ներմուծման մաքսատուրքը կբարձանա ընդամենը 10 տկոսով, ինչը, սակայն, ըստ Իոաննիսյանի, չի սփոփի Հայաստանի բնակիչներից շատերին, որոնք նախընտրում են հին, բայց եվրոպական արտադրության ու որակյալ մեքենաներ ձեռք բերել մատչելի գնով․ - «Միջինում մեկ մեքենայի մաքսազերծումը կարող է արժենալ այդ մեքենայի մաքսային արժեքի կրկնակին, եռակին, քառակին»:
ԵԱՏՄ մաքսային ընդհանուր կաթսայից Հայաստանը 2017 թվականին ստացել է 53,6 միլիարդ դրամ, 2018-ին՝ 74,1, իսկ այս տարի նախատեսված է արդեն 89,8 միլիարդ դրամի մուտք։
Չնայած մաքսային այս եկամուտներին, այնուամենայնիվ, տնտեսագետների կարծիքով, ԵԱՏՄ-ում գործող մաքսատուրքերը հարմարեցված են Ռուսաստանի շահերին, և Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի դրանց բացասական հետևանքները մեղմելու ուղղությամբ։
Տնտեսագետ Վահանգ Խաչատրյանն ասում է, որ գործիքները շատ են․ - «Կարող է Հայաստանի կառավարությունը, օրինակ, այն գյուղացիական տնտեսություններին, ովքեր օգտագործում են գերմանական տեխնիկա, դրանց տա արտոնություն՝ վարկային միջոցների և այլնի միջոցով: Տնտեսական գործիքները կան: Հնարավորությունները միշտ կան: Ցանկության դեպքում այդ հնարավորություններն օգտագործելու լայն ասպարեզ կա»:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչյանի խոսքով, առաջիկայում այս թեմայով նախատեսում են հանրային քննարկում անցկացնել խորհրդարանում: Քննարկելու են նաև տնտեսության վրա նոր մաքսատուրքերի հնարավոր բացասական հետևանքները մեղմելու հարցը․ - «Եվ ես վստահ եմ, որ եթե մենք բախվենք նրան, որ իրականում մեր տնտեսությունը շատ լուրջ տուժում է, և քաղաքացիները, կառավարությունը կձեռնարկի ինչ-որ քայլեր իր լծակների շրջանակում՝ օրենսգրքի փոփոխություն, արտոնություններ: Այլընտրանքային ճանապարհներ կգտնի կամ, ամենավերջին հաշվով, կսկսի վերաբանակցել ԵԱՏՄ մյուս գործընկերների հետ, որ այս ամենի արդյունքում մեր տնտեսությունը ստացավ էս պատկերը, որը որ անընդունելի ա»:
Հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը փորձի կրկին բանակցել երրորդ երկրներից ներմուծվող մեքենաների մաքսատուրքի բարձրացումը ևս որոշ ժամկետով հետաձգելու շուրջ։ Մեքենա ներմուծողների կողմից առաջարկ հնչել է, սակայն Վահագն Խաչատրյանի կարծիքով, նման քայլի չարժե գնալ․ - «Ինչի՞ համար: Շատ բնական, նորմալ որոշում է ընդունվել, և Հայաստանի Հանրապետության կառավարությունները փոխանակ այնպիսի քաղաքականություն վարեին, որ մենք՝ և՛ քաղաքացիներս, և՛ գործարարները, այդ նոր պայմաններին սովորեինք, մենք հակառակն ենք արել՝ մարդկանց տրամադրել ենք, որ՝ սպասեք, հարցերը կլուծենք: Բայց պատասխանատուները իսկապես պատասխանատու լինեին, և մեզ բոլորիս հրապարակավ ներկայացնեին իրական վիճակը»: