Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» չի շտապում դիրքորոշում հայտնել՝ Ծառուկյանը խախտե՞լ է Սահմանադրությունը, թե՝ ոչ


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյան:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյան:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը չի շտապում դիրքորոշում հայտնել, թե Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու քննարկումներին ակտիվ մասնակցելով՝ խախտե՞լ է Սահմանադրությունն ու օրենքները, թե՞ ոչ:

Այսօր երկրորդ փակ նիստն էին հրավիրել՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:

Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը («Իմ քայլը») փոխանցեց, որ դիրքորոշումը դեռ հստակեցնելու կարիք կա․ - «Ցանկացած քաղաքական որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է քննարկել որոշման հետ կապված հանգամանքները և վստահանալ, որ ամեն ինչ կատարվում է տրամաբանության և լեգիտիմության շրջանակներում»:

ԲՀԿ-ական պատգամավորները, այդ թվում Գագիկ Ծառուկյանը, օրեր առաջ օրինագծի քննարկման ժամանակ պաշտպանում էին Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանի շահերը: Ծառուկյանը ամբիոնից խոսեց գործարանի և աշխատողների խնդիրների, ինչպես նաև աշխատողների հետ իր հանդիպման մասին:

Արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունում համարում են, որ խախտվել է Սահմանադրությունը, որը արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Դիմում են ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ առաջարկելով պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմել, ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և անցկացնել քննություն խնդրո առարկայի վերաբերյալ:

Այս առնչությամբ Ռուբինյանն ասաց․ - «Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ պարոն Ծառուկյանի արած որոշ հայտարարություններ որոշակի տարակարծությունների կամ կասկածների տեղիք են տալիս: Եվ արժի, որպեսզի հստակեցվի ի վերջո, թե ինչ էին նշանակում այդ հայտարարությունները»:

«Քաղաքացու որոշումը» դիմել է նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում, եթե խախտվել են Սահմանադրության պահանջները:

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը դիմումը հիմնազուրկ է համարում․ - «Բացարձակ հիմնազուրկ է: Ես ուղղակի հստակեցնեմ ևս մեկ անգամ: Ես հասկանում եմ որոշ քաղաքական ուժերի, կամ այսպես կոչված քաղաքական ուժերի փորձերը՝ Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով, հիշեցնել սեփական չգոյության մասին, կամ ինչ-որ քաղաքական դիվիդենտներ շահել: Սակայն բացարձակ անպտուղ գործելաոճ է սա և դատապարտված է անհաջողության»:

Իվետա Տոնոյան
Իվետա Տոնոյան

Տոնոյանը վստահեցնում է, որ Ծառուկյանը «ԱրարատՑեմենտ» գործարանի աշխատակիցներին հանդիպել և նրանց խնդիրների մասին Ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնել է որպես պատգամավոր․ - ««ԱրարատՑեմենտի» աշխատակիցները հրապարակային Գագիկ Ծառուկյանին որպես պատգամավոր խնդրում են խորհրդարանում ներկայացնել իրենց հուզող հարցը: Եվ հանդես են գալիս 1300 աշխատակիցների անունից, խնդրանքով դիմում են նրան որպես պատգամավոր: Եվ Գագիկ Ծառուկյանը հենց «ԱրարատՑեմենտի» աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խոստացավ, որ խորհրդարանում կբարձրաձայնի այդ հարցը»:

Մինչև Քաղաքացու որոշում կուսկացության դիմումը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հենց քննարկման օրը հայտարարեց, որ ցեմենտի հարկման օրինագծի վերաբերյալ ԲՀԿ-ականների ելույթները, քվեարկությունը շահերի բախում է: Խմբակցությունը առաջնորդվել է պատգամավորին փոխկապակցված անձի անձնական շահերով, ինչը պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի խախտում է: Ըստ օրենքի, խմբակցությունը պետք է նախապես հայտարարեր, որ շահերի բախում կա, և հրաժարվեր ելույթներից ու անգամ քվեարկությունից:

Իվետա Տոնոյանը չի ժխտում, որ այս առումով խնդիր կա․ - «Գուցե մեխանիկական այդ հայտարարությունը չի եղել: Սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «ԱրարատՑեմենտ» գործարանը գտնվում է «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում և 2002 թվականից հանձնված է հավատարմագրային կառավարման»:

Շահերի բախման առումով էլ իշխանական խմբակցությունը դեռևս գնահատական չի տվել: Ծառուկյանի գործունեության վերաբերյալ դիմումը դեռ կքննեն: Թե ինչ եզրահանգման կգան, Ռուբեն Ռուբինայնը դժվարացավ կանխատեսել: Առայժմ մի հարցում է վստահ՝ Ծառուկյանը քաղաքական գործիչ է, ոչ թե գործարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG