Մատչելիության հղումներ

ՔԿ-ն դատարան է ուղարկել ՀԵՀ գործադիր տնօրենի գործը


Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը (Ձ) և Կարեն Ավագյանը, արխիվ:
Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը (Ձ) և Կարեն Ավագյանը, արխիվ:

Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և յուրացում կատարելու մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին:

Նախաքննությունն ավարտվել է, Քննչական կոմիտեն գործն ուղարկել է դատարան: Տեր-Հովակիմյանը շարունակում է կալանավորված մնալ:

Քննչական կոմիտեն պարզել է իրականացված յուրացումների և փողերի լվացման մեխանիզմը: Կոմիտեի ծանր հանցագործությունների բաժնի քննության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Համբարձում Պետրոսյանի խոսքով, հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն ունենալով հիմնադրամի գույքը և ֆինանսական միջոցները տնօրինելու իրավասություն, իր աշխատանքային գործունեության ընթացքում` 2013-ի ապրիլի 29-ից մինչև 2018-ի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրամի բանկային հաշիվներից մաս-մաս կանխիկացրել, ապա հիմնադրամից ստացել և յուրացմամբ հափշտակել է հիմնադրամին պատկանող, իրեն վստահված առանձնապես խոշոր չափի` 325 միլիոն 600 հազար դրամ գումար:

«Հիմնադրամից հափշտակված գումարով հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագման աղբյուրը խեղաթյուրելու, թաքցնելու, գումարները օրինականացնելու նպատակով, դրանք մաս-մաս փոխանցել է իր հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց և ընկերությունների հաշվեհամարներին: Հայաստանի Հանրապետությունում փոխանցել է իր հետ փոխկապակցված, իր կողմից փաստացի ղեկավարվող և ուղղորդվող ՍՊ ընկերության հաշվեհամարին, այնուհետև ՍՊ ընկերության հաշվեհամարից գումարները փոխանցվել են Մեծ Բրիտանիայում գործող, մեղադրյալին պատկանող ընկերության հաշվեհամարին, այնուհետև այդ հաշվեհամարից գումարները հետ են փոխանցվել կնոջ՝ Հայաստանում գործող հաշվեհամարներին, այնուհետև կրկին փոխանցվել են իրեն», - մանրամասնեց Պետրոսյանը:

Մինչև կալանավորումն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն «Ազատության» հետ զրույցում չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Նա նշել էր, որ իր արարքը պետք է որակվեր պաշտոնական դիրքի չարաշահում:

Մեզ չհաջողվեց ողջ օրվա ընթացքում կապ հաստատել նրա փաստաբանի հետ, փոխարենը նրա կինը՝ Մարիամ Ղազարյանն անպատասխան չթողեց մեր զանգերը, և «Ազատությանը» փոխանցեց, որ իր ծանր հիվանդության աշխտորոշումն իմանալուց հետո ամուսինն անելանելի վիճակում է եղել: Հավելեց, որ չի արդարացնում ամուսնուն՝ վստահեցնելով, թե վերջինս պատրաստվում էր վերադարձնել գումարը, բայց չի կարող դա անել, որովհետև անազատության մեջ է, իսկ գույքի վրա կալանք է դրված:

«Ինքը վերցրել ա էդ գումարը իմ բուժման հետ կապված: Դրանից ավել բան ինքը չի արել: Փողի լվացումը դա զուտ իրանց երևակայության հետ կապված բաներ ա», - ասաց Մարիամ Ղազարյանը՝ շարունակելով․ - «Կա վարկային պայմանագիր 2008 թվին HSBC բանկի հետ, իմ ամուսինը վարկ ա վերցրել: Եվ այդ ամենը, ինչ հիմա իրանք նկարագրում են, որ ուղարկվել ա, վերցվել ա․․․ դա զուտ եղել ա վարկի մարում: Գնացել ա Մեծ Բրիտանիա ոչ թե բանկեր, այլ գնացել ա Մեծ Բրիտանիա, քանի որ վարկի պայմաններից մեկը եղել ա, որ գումարը պետք է դուրս գնա, քանի որ բիզնես զարգացում ա և այլն, և այլն: Այո, սխալ ա իրավաբանորեն, ինչ ա՝ դա երկրորդ հարցն ա: Այդ գումարը պետք ա վերադարձվեր ու կվերադարձվի՝ եթե իհարկե թողնեն»:

Այս գործը իրավապահների տիրույթում հայտնվեց, հեղափոխությունից հետո, երբ ԱԺ արդեն նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը՝ որպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, դիմում էր ուղարկել Քննչական կոմիտե՝ տեղեկացնելով, որ հիմանդրամի գործադիր տնօրենը, հիմնադրամի անունից ինքն իր հետ 326 միլիոն դրամի փոխառության պայմանագիր է կնքել:

Այս լուրերը հրապարակվելուց հետո, Կրթության և գիտության նախարարի նախկին տեղակալ, այժմ արդեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն «Ազատությանն» ասել էր, թե կարծում է, որ Կարեն Ավագյանը «սեփական մաշկը փրկելու համար» է դիմել Քննչական կոմիտե․ - «Հենց այդ լուրը բոլորս կարդացինք, բոլորս մի կուշտ ծիծաղեցինք, որովհետև հասկանալի էր, թե ինչքան պրիմիտիվ քայլ է արվել, զուտ սեփական մաշկը փրկելու համար է դա արվել»:

Այսօր մեզ չհաջողվեց կապ հաստատել նաև ՀՀԿ երիտթևի նախկին նախագահ Կարեն Ավագյանի հետ: Ավելի վաղ նա լրագրողներին հորդորել էր սպասել իրավական գործընթացի ավարտին ու քաղաքական շահարկումներ չանել։

Հեղափոխությունից հետո, ի դեպ, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ հանրապետության բուհերն իրենց բյուջեի 2 տոկոսն այլևս ստիպված չեն լինի փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Նախարարը նաև ընգծել էր, որ հիմնադրամի միջոցների որոշ հատվածը տարիներ շարունակ ծառայել է նախկին իշխանական կուսակցությանը ու դրանում իր մասնակցությունն է ունեցել նաև Կարեն Ավագյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG