Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյան․ Հանրակրթության ոլորտում արդյունք կունենանք, եթե այն արդար լինի


15 օրից դպրոցի ընդունելության նոր համակարգ է գործարկվելու՝ առաջին դասարանցիների ընդունելությունը լինելու է առցանց:

Կրթության և գիտության նախարարությունից վստահեցնում են՝ այս ծրագրի միջոցով նպատակ ունեն մրցակցային, հավասար պայմաններ ստեղծել, այսինքն՝ չգործի ծանոթ-բարեկամ-խնամի մոտեցումը, կասեցվեն կոռուպցիոն ճանապարհով ցանկալի ուսուցչի դասարանում երեխայի հայտնվելու հնարավորությունները, մի դպրոցը չգերծանրաբեռնվի մյուսի հաշվին:

Ծնողները, սակայն, այլ մտավախություններ ունեն: «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նաև այս հարցերին է պատասխանում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը․

Հարց․ - Որքանո՞վ է ճիշտ, որ ծնողը ընտրում է ուղղակի դպրոց, իսկ դասվար ընտրել, կամ գոնե նախօրոք իմանալ, թե ովքեր կլինեն այս տարվա դասվարները, հնարավորություն չունի: Գուցե դասվարների հնարավորության հարցն է՞լ օգներ ցածր վարկանիշ ունեցող ուսուցիչներին բացահայտել և հետևողական լինել: Միայն գրանցումը օնլայն դարձնելով, բացի ծնողների անհանգստությունը մեծացնելուց՝ կրթության ոլորտում ոչինչ չի փոխվում:

Արայիկ Հարությունյան․ - Նայեք, ինչ է ասել՝ ցածր վարկանիշ ունեցող ուսուցիչ: Հիմա մենք նրանով, որ պայմանական ուժեղ մասնագետի մոտ տանում ենք ուժեղ աշակերտների, շատ լուրջ բևեռացում ենք առաջացնում դպրոցում, և եթե ամենասկզբից մեկնարկային պայմանները էնպիսին են, որ ունենք թույլ մասնագետ՝ թույլ աշակերտներով, և ունենք պայմանական ուժեղ մասնագետ՝ ուժեղ աշակերտներով, էս դիսբալանսը ավելի է մեծանալու տարիների ընթացքում, և արդեն շատ լուրջ խնդիր է առաջանալու էս դասարանի հետ կապված, որը ամենասկզբից պիտակավորվում է, պիտակավորվում է նրա մասնագետը, պիտակավորվում են էնտեղի աշակերտները, որոնք կան:

«Ազատություն»․ - Բայց էդտեղ անելիք ունեք դուք:

Հարությունյան․ - Այո, էդտեղ բոլո՛րը անելիք ունեն՝ էդտեղ անելիք ունի և՛ տնօրենը, և՛ ծնողները, որոնք պետք է ֆիքսեն խնդիրը և բարձրաձայնեն, փորձեն լուծումները գտնել: Գուցե էդ լուծումների դեպքում մենք, էսպես, պայմանական, ավելի թույլ, էսպես ասեմ, մասնագետին մի էնպիսի հմտություն տանք կամ մի էնպիսի վերապատրաստում անենք, որ այլևս էդ որակումները էդ դպրոցի ներսում չտան, և արդար կերպով աշակերտները բաշխվեն էդ դասարաններում:

Ես կարծում եմ, որ սա արդար համակարգ է, սա լավ համակարգ է: Իհարկե, մենք բոլորս պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի հանրակրթության ոլորտը բարձրանա, իսկ հանրակրթության ոլորտում արդյունք կունենանք, եթե այն արդար լինի:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի Ֆեյսբուքյան ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG