Հինգ տարվա ընդմիջումից հետո տեսաուղերձով է հանդես եկել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդը:
Տեսանյութում Աբու Բաքր ալ-Բաղդադին սև հագուստով, կարմիր մորուքով նստած է գետնին, աջ ձեռքի տակ՝ ինքնաձիգ: Իր դանդաղ խոսքում նա ասում է, թե «Իսլամական պետություն»-ը վրեժ է լուծելու իր մարտիկների սպանության և ձերբակալության համար, ինչպես նաև վստահեցնում՝ իր գլխավորած ահաբեկչական խմբավորման գործողությունները Արևմուտքի դեմ «երկար ճակատամարտ է»:
Դեռևս հայտնի չէ, թե 18 րոպե տևողությամբ տեսանյութը որտեղ է նկարահանվել:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հայտարարել է, թե նախ անհրաժեշտ է ստուգել տեսանյութի իսկությունը, ընդգծելով՝ թեև հաջողվել է ջախջախել «Իսլամական պետության» դիրքերը Սիրիայում և Իրաքում, այդուամենայնիվ, պայքարը դեռ վերջնականապես չի ավարտվել: