Մատչելիության հղումներ

Փոխմարզպետի ու ԱԺ պատգամավորի մասնակցությամբ միջադեպի կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում


Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպով արդեն զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը:

Փոխմարզպետը ապրիլի 27-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ Բագրատյանը և Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի ղեկավար Արմեն Սեդրակյանը Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ հարձակվել են իր վրա, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել, անվայել արտահայտություններ արել: Այդ ամենը հաստատող տեսանյութ էլ կա:

«Մեծ մասը ունենք տեսաձայնագրված: Դրա համար էլ ես անհանգստանալու ոչինչ չունեմ: Փորձել են մոտենալ ինձ ագրեսիվ ձևի», - ասաց փոխմարզպետ Տոնոյանը:

Նա հրաժարվեց մանրամասնել, թե ինչից է ծագել վիճաբանությունը, և ինչն է դրդել պատգամավորին եւ համայնքապետին իր վրա հարձակվելու փորձ կատարել:

Փոխարենը համայնքապետ Արմեն Սեդրակյանը մանրամասներ պատմեց՝ փոխմարզպետին մեղադրելով իրականությունը խեղաթյուրելու համար․ - «Ես կարդացել եմ իրա տված ցուցմունքը և գրել եմ, որ իրականությանը չի համապատասխանում: Իրականում էլ չի համապատասխանում: Ավելորդ բաներ ա դուս տվել»:

Ըստ Սեդրակյանի, փոխմարզպետ Տոնոյանը վեճի է բռնվել միջոցառման մասնակիցներից մեկի հետ՝ նրան ստիպելով գետնից վերցնել ծխախոտի մնացորդը: Վիճաբանությունը թեժացել է, և Սերգեյ Բագրատյանը մոտեցել է՝ հասկանալու տեղի ունեցածը:

«Ինչ-որ մեկին ասել ա՝ կզի բիչոկ վեկալ․․․ պապիրոս ա, ծխել են հիմա: Էրեխան կարա մառոժնի ուտի, թուղթ գցի, աղբարկղները էդքան շարած չի էղել ընտեղ: Առավոտը կգային, կհավաքեին, կպրծներ-կէթար: Ինքն ա դրդել էդ ամեն ինչը: Հայ տղամարդուն կա՞ տենց մեկը, որ գա կնոջ մոտ, էրեխու մոտ նսեմացնի՝ ասի կզի, բիչոկ վեկալ: Քաշքշեցին իրար, բան արին, հետո ինչ-որ մեկը խփեց, ես նկատեցի, որ խփեցին իրան: Հետո միլիցաների միջամտությամբ կանխեցին: Էսքան բան: Դրանից հետո Բագրատյանին էին էկել դիմել, որ ոստիկանություն են ուզում հրավիրել էդ ջահելներին: Պարոն Բագրատյանը մոտիկացավ, որ հարցնի ինչ ա էղել: Մոտիկացավ, ասեց՝ ինչի՞ կոռեկտ չեք պահում ձեզ: Փոխմարզպետն էլ ասեց՝ բա դո՞ւք ով եք: Ես էլ մտա արանք, որ ուրիշ բանի չհասնի: Ասի՝ չե՞ք ճանաչում, էրկու անգամ ընտրված պատգամավոր ա, Դուք էլ փոխմարզպետ եք, պատգամավորին որ չեք ճանաչում, Ձեզ ո՞նց բացատրեմ: Էդքան բան», - պատմեց Արմեն Սեդրակյանը:

Ռազմիկ Տոնոյանը հակադարձեց, թե Սեդրակյանի պնդումները հորինվածք են: Փոխմարզպետը հորդորեց սպասել տեսանյութերի հրապարակմանը:

Տոնոյանը շեշտեց, որ իրեն չեն հարվածել, փորձել են հարձակվել, ինչը ոստիկանները կանխել են․ - «Փորձել են հարվածեն: Չեն հարվածել, որովհետև ոստիկանները միջամտել են: Եթե ոստիկանները չմիջամտեին, այո, կհարվածեին»:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ոստիկանություն չի ներկայացել, անձեռնմխելի է:

Դեպքից անմիջապես հետո «Հրապարակ»-ի հետ զրույցում Բագրատյանը պնդել էր, թե չի ճանաչում փոխմարզպետին, տարածքում եղել է, բայց դեպքի վայրում՝ ոչ:

Ավելի ուշ shamshyan.com կայքը միջադեպից լուսանկարներ հրապարակեց Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ: Այս հրապարակումից հետո Բագրատյանը հրաժարվում է պարզաբանումներ ներկայացնել կատարվածի վերաբերյալ: Խմբակցությունը նույնպես լռում է:

«Իրան ո՛չ խփել են, ո՛չ քաշքշել են», - ասաց Արմեն Սեդրակյանը:

Պաշտոնյաների մասնակցությամբ միջադեպը քննարկման առարկա է դարձել նաև օրենդիր մարմնում: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ քննարկում է հրավիրել՝ օրակարգում նաև այս հարցն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG