Մատչելիության հղումներ

Երևանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ The Swingles վոկալ խումբը


50 տարի առաջ ձևավորված և այսօր արդեն լեգենդար համբավ վայելող, հինգ «Գրեմմիի» մրցանակակիր «The Swingles» վոկալ խումբն այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունենալիք համերգով կազդարարի «21-ի հեռանկարներ» արդեն 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը:

«Փառատոնի 20-ամյա հոբելյանի տարին շատ պարտավորեցնող է և շատ հուզիչ: Դա մի չափանիշ է, չափորոշիչ է, որին եկանք-հասանք, հասանք համատեղ ուժերով, հասանք մեր ֆանատիզմի շնորհիվ: 2000 թվականին, երբ Ռոստոմյանը հիմնեց փառատոնը, ուներ տեսլականը, թե ինչ է սպասվելու: Բայց, իհարկե, այսօր մենք ունենք մեր սպասածից ավելին և կրկնակի ավելիին ենք ձգտում», - փառատոնի բացմանն ընդառաջ հրավիրված ասուլիսում այսօր նշեց համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը:

Փառատոնի հիմնադիրների՝ Ստեփան Ռոստոմյանի և Սոնա Հովհաննիսյանի խոսքով, իրենք երկար տարիների աշխատանք են կատարել այս աշխարհահռչակ վոկալ խմբի հյուրախաղերը Երևանում կազմակերպելու համար:

«Ես միշտ երազել եմ այդ խմբի գալը Հայաստանը», - ասաց Ստեփան Ռոստոմյանը: - «Տասնյակ տարիներով ես սիրել եմ իրենց: Կլասիկ երաժշտությունը փոխարինել են միայն ձայներով, գործիքների ձայներ են հանում, հանճարեղ երգեցողություն»:

Սոնա Հովհաննիսյան․ - «Խումբը հիմնվել է 60-ական թվականներին Փարիզում Սուինգլ ազգանունով անձնավորության կողմից: Նա ընտրել է Փարիզի լավագույն ութ երգիչներին: Այն տարիներին իրենք ձայնագրեցին Բախի դաշնամուրային ստեղծագործությունները, և անմիջապես սկսվեց իրենց միջազգային վերելքը, և հինգ «Գրեմմի» մրցանակ ստացավ խումբը: Եվ այսօր իրենք ապշեցնում են աշխարհով մեկ մարդկանց իրենց ձայնային արտասովոր տվյալներով և կատարելության հասած տեխնիկայով: Երբ Յություբում լսում ենք ձայնագրությունները, դժվար է հավատալ, որ դա երգում են առանց գործիքային նվագակցության»:

Ռոստոմյանը շարունակեց․ - «Հետագայում տեղափոխվեցին Անգլիա, և հիմա նոր սերունդն է՝ ավելի բարձր մակարդակի, և դա անհավանական երգեցողություն է»:

Այսօր խմբի կազմում ընդգրկված են յոթ երգիչներ Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Միացյալ Նահանգներից և Գերմանիայից:

«Բացարձակ ապշեցուցիչ որակ է: Եվ շատ ուրախ ենք, որ մեր փառատոնի բնույթին համահունչ է նման երաժշտություն, նման որակ Հայաստանում ներկայացնելը: Կարծում եմ, որ աննկարագրելի համերգ է սպասվում: Ծրագրում կա ամեն ինչ՝ Բախ, Կորելլի, «Բիթլզ», ժամանակակից երաժշտություն, աշխարհի տարբեր երկրների ժողովուրդների ժողովրդական երաժշտության էլեմենտներ: Իրենք ահռելի ծրագրի ընտրանի ունեն: Իրենց բազմաթիվ ծրագրերից մեկը կոչվում է «Ռետրոսկեպտիվ»՝ խմբի 50 տարվա, և դա այն է, ինչ Երևանում են կատարելու», - մանրամասնեց Սոնա Հովհաննիսյանը:

«21-ի հեռանկարներ» միջազգային երաժտական փառատոնը ողջ տարվա ընթացքում մեր երաժշտասերների համար այլ անակնկալներն էլ է նախապատրաստել՝ հավուր պատշաճի նշելու փառատոնի անցած 20-ամյա ուղին:

Փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանի համոզմամբ՝ իսկական արվեստն ու մշակույթն են կանխորոշելու մեր ժողովրդի անցնելիք ուղին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG