Մատչելիության հղումներ

Արման Թաթոյանը չի կարող ասել` Միհրան Պողոսյանը քաղաքական հալածյալ է, թե՝ ոչ


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 29-ը ապրիլի, 2019թ.
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 29-ը ապրիլի, 2019թ.

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չի կարող ասել՝ արդարադատության գեներալ-մայոր, Կարելիայում կալանավորված Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը քաղաքական հալածյալ է, թե՝ ոչ։

Թաթոյանը պնդում է՝ քաղաքական հետապնդումների հարցը դուրս է իր կոմպետենտությունից:

«Ազատություն». - Միհրան Պողոսյանը Կարելիայի հանրապետությունում քաղաքական ապաստան է խնդրել՝ հետաքրքրվե՞լ եք նրա ճակատագրով, ի՞նչ պայմաններում է նա պահվում մեկուսարանում և ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում նրա պահանջը, տեսնո՞ւմ եք քաղաքական դրդապատճառներ այս հետապնդման մեջ։

Թաթոյան. - Ո՛չ, չեմ հետաքրքրվել, որովհետև որևէ դիմում չունենք, բողոք չունենք փաստաբանից։ Եթե նման հարց լինի, իհարկե, կզբաղվենք, որևէ մտահոգության մասին ես տեղեկություններ չունեմ։

«Ազատություն». - Կարո՞ղ են նրան որպես քաղաքական հալածյալ ներկայացնել։

Թաթոյան. - Չէ, ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ։ Հարուցված է քրեական գործ։

«Ազատություն». - Որպես մարդու իրավունքների պաշտպան հնարավոր համարո՞ւմ եք, որ այս իշխանության օրոք կլինեն քաղաքական հետապնդումներ, կունենանք քաղաքական հալածյալներ, ովքեր ապաստան կխնդրեն տարբեր երկրներից։

Թաթոյան. - Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներ, քաղաքական բանտարկյալ լինել-չլինելուն, մարդու իրավունքների պաշտպանն օժտված չէ այն գործիքներով, որպեսզի այդ հարցին պատասխան տա։

Նշենք, որ այսօր խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում քննարկվում էր պաշտպանի 2018-ի զեկույցը, ինչպես նաև տարեկան հաղորդումը, որտեղ, ի դեպ, Արման Թաթոյանն առանձին անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին:

Հաղորդման մեջ նշվում է, որ Քոչարյանի կալանավորումից անմիջապես հետո պաշտպանն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրել նրա պահման պայմանները:

Պաշտպանի հետ առանձնազրույցի ընթացքում Քոչարյանի կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ քննարկման առարկա են դարձել խցում «համակարգիչ կամ էլեկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը»:

Պաշտպանն այսօր նշեց, որ այդ հարցերն իր միջամտությունից հետո արդեն լուծում են ստացել:

«Օրինակ, նույն էլեկտրոնային միջոցի հետ կապված հարցն է լուծվել, ընտանիքի տեսակցությունների հետ հարցն է, նաև կենսաթոշակի վրա արգելանք էր դրված, մեր միջամտությամբ հանվել է արգելանքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թաթոյանը։

Զեկույցում, ի դեպ, պաշտպան անդրադարձել է նաև նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների գործերին՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, «Մարտի 1»-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, հանրապետական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին:

«Մանվել Գրիգորյանի հետ կապված, օրինակ, առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ կային, և հիմա էլ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում՝ բուժումներ է ստանում, ընդ որում, մեր կանխատեսմամբ՝ դա պետք է որ երկարատև բուժում լինի։ Մենք բարձրացրել ենք հարց, որ քննարկվի նաև հիվանդությունների և կալանքի՝ ազատությունից զրկման համատեղության և նաև բժշկական ծառայությունների որակի և համապատասխան մատչելիության, որովհետև դուք գիտեք, որ փաստաբանները ևս անընդհատ նշում էին, և Մանվել Գրիգորյանն ինքը, որ Հայաստանում չկան բավարար պայմաններ, և այլն», - ասաց մարդու իրավունքների պաշտպանը։

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք այս գործերին հետևելով տպավորություն ստացել է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, պաշտպանը ևս մեկ անգամ հորդորեց՝ իրեն նման հարցեր չտալ։

«Ինձ քաղաքական հետապնդումների հետ կապված հարց մի տվեք, մարդու իրավունքների պաշտպանն ունի լիազորությունների հստակ շրջանակ և գործում է այդ լիազորությունների շրջանակում։ Փաստաբանը կարող է տալ, մարդու իրավունքների պաշտպանն ունի իրավասության կոնկրետ շրջանակ, լիազորությունները հնարավորություն չեն տալիս դա արձանագրելու, ես բազմիցս եմ դա ասել», - հայտարարեց Թաթոյանը։

Ի դեպ, Արման Թաթոյանը լրագրողների հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ հեղափոխությունից հետո տարբեր քրեական գործերով անցնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ դիմել են իրեն՝ քաղաքական հետապնդման ենթարկվելու խնդրով, սակայն նա բոլորին ասել է, թե պաշտպանը չի կարող այդ հարցով զբաղվել, քանի որ օժտված չէ նման լիազորություններով: Նման դիմումով իրեն դիմել է, օրինակ, կալանքի մեջ գտնվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Պատասխանել ենք, որ դա մեր իրավասությանը չի առնչվում», - նշեց Թաթոյանը։

«Ազատության» հարցին, որ Քոչարյանի մասով հաստատեց, որ իրեն դիմել է որպես քաղհալածյալ, նրանից բացի Մանվել Գրիգորյանը, Միքայել Հարությունյանը դիմե՞լ են քաղաքական հետապնդման ենթարկվելու խնդրով, օմբուդսմենը պատասխանեց. «Կոնկրետ հարցում արեք հիմա, թե կոնկրետ ով է քաղաքական հետապնդումով դիմել։ Ուրեմն բարձրաստիճան պաշտոնատար անձանց գրեթե բոլոր գործերով մեզ մոտ կան վարույթներ նախաձեռնված, գրեթե բոլորի փաստաբանները բարձրացրել են, որ իրենց վստահորդները ենթարկվում են քաղաքական հետապնդման։ Այո, ես բոլորին պատասխանել եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը չի կարող քաղաքական հետապնդման հարց որոշել»։

Հավելենք, որ Հայաստանի օմբուդսմենը նաև տեղեկացրեց, որ հանդիպել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին և նրա փաստաբանին, վերջիններս պատրաստվում են պաշտպանին Սանասարյանի գործի հետ կապված բողոք ներկայացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG