Մատչելիության հղումներ

Զեյնալյանը չի շտապում անվերապահորեն վստահել ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութին


Ծառայողական քննության արդյունքում պարզ կդառնա, թե արդյոք ԱԱԾ հրապարակած տեսանյութում ներկայացվածը համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի ուշագրավ հայտարարություն արեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Ապրիլի 23-ին, Ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ հրապարակեց, ըստ որի քրեակատարողական հիմնարկներից մեկում կազմակերպվել է հանցավոր խումբ, որը մարդկանցից խաբեությամբ հեռախոսներ է հափշտակել, անսպասելի խուզարկությունների արդյունքում խցերում հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ: Բացի այդ, պարզվել է նաև, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել, բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ, առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ:

Արտակ Զեյնալյանն այսօր ասաց․ - «Դուք արդեն փաստերին գնահատական տված դատական ակտից եք ելնում կարծես թե: Իսկ էսպիսիք չկան, չէ՞: Եղե՞լ է արդյոք պլանշետ, տուփերով հեռախոսներ եղե՞լ են արդյոք, թե՞ ոչ»:

«Ազատության» հարցին, թե արդյոք իր ասածը նշանակում է, որ այն, ինչ ցուցադրվել է ԱԱԾ-ի հրապարակած տեսանյություն չի համապատասխանում իրականությանը, Արդարադատության նախարարն արձագանքեց․ - «Ծառայողական քննություն է նշանակված, ծառայողական քննությունը այդ բոլոր հարցերի պատասխանը կտա․ դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ չեն համապատասխանում իրականությանը, և այդ փաստերի ո՞ր մասն է համապատասխանում, ո՞ր մասը չի համապատասխանում, ո՞րն է չափազանցված կամ չչափազանցված»:

Կառավարության ապրիլի 18-ի նիստում դիմելով Արտակ Զեյնալյանին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե քրեակատարողական հիմնարկներում այսօր էլ մարդիկ կան, ովքեր արտոնյալ պայմաններում են․ - «Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում: Ի՞նչ է նշանակում, որ քրեակատարողական հիմնարկում կան կալանավորներ, որոնք հանձնուքը չի ստուգվում»:

Զեյնալյանը պատասխանել էր, թե իրեն այդպիսի փաստ հայտնի չէ, որ որևէ մեկի հանձնուքը չի ստուգվում։ Խնդիրներ, ըստ նախարարի, կան, բայց որևէ մեկն արտոնյալ չէ, ում խուցը չի խուզարկվում, ստուգվում։

Արդարադատության նախարարի հավաստիացումներից օրեր անց, ինչպես ասացինք, ԱԱԾ-ն հրապարակեց աղմկահարույց տեսանյութը:

Արտակ Զեյնալյանին այսօր հարցրեցինք՝ վարչապետի հետ նման խոսակցությունից հետո ի՞նչ էր նշանակում ԱԱԾ կողմից տեսանյութի հրապարակումը: Արդյո՞ք այն նշանակում էր՝ ցույց տալ, որ Արդարադատության նախարարը չի վերահսկում քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակը:

Նախարարի պատասխանը․ - «Քրեակատարողական հիմնարկներում չկա այնպիսի խուց, որը չի խուզարկվում, չկա այնպիսի դատապարտյալ, ով նախկինի նման արտոնյալ է և նրանից չեն առգրավում իրեր: Նախկին բարքերը, ըստ որի քրեակատարողական հիմնարկում ընթացիկ վերանորոգումներ կատարելու համար գումարը ստացվում էր «նայողից», դա վերացված է: Նրանց այդ գործառույթը, նրանց այդ առավելությունը վերացված է, որպեսզի նրանք նաև կարողանան գումարներ հավաքագրել ներսում: Մահճակալների համար վճարներ չկան, ներսում առձեռն գումարներ չեն շրջանառվում: Իսկ կերակրադռները բաց են, թե բաց չեն՝ դա պետք է լինի իրավաչափ կամ ոչ իրավաչափ: Դրա հիմքերը պետք է լինեն: Եթե խուցը դատարկ է, ասենք: Դրա դուռը բաց լինելը կամ փակ լինելը որևէ նշանակություն ունի՞ արդյոք, թե՞ ոչ»:

«Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պետը «շատ ավելի ցածր պաշտոնի» է նշանակվել

ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո հրաժարական ներկայացրեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանը, սակայն կարճ ժամանակ անց նշանակվեց նոր պաշտոնի՝ քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման բաժնի պետ։

Այս կապակցությամբ Զեյնալյանն ասաց․ - «Դիմում է ներկայացրել պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Նրան համակարգից ազատելու իրավական հիմքը բացակայում է: Կարող է իրավական հիմք լինել՝ եթե լինի ծառայողական քննության արդյունք: Ծառայողական քննության արդյունքներ դեռևս չկան, դրանք իրականացվում են: Անձը դիմում է գրել, սպա է, ինքը որոշել է, իր կամքը ազատորեն ձևավորվել է, դրսևորվել է: Դիմում է գրել, դիմումը բավարարվել է: Նա հեռացել է այդ պաշտոնից և նշանակվել է շատ ավելի ցածր պաշտոնի: Նա շարունակում է մնալ ծառայությունում: Նույնիսկ կադրերի տակ պահելու հիմքերը սահմանափակ են, և այդ հիմքերը բացակայում են: Դա պիտի լինի պաշտոնի կրճատում կամ ատեստացիայի չհանձնում: Այդ երկու հիմքերը չկան: Կարծում եմ, դուք, որպես իրավապաշտպաններ, չեք խրախուսում կամայականությունները»:

«Քաղաքական բանտարկյալ լինել-չլինելու հարցը որոշվում է սուբյեկտիվորեն»

Արդարադատության նախարարն այսօր ուշագրավ ևս մեկ հայտարարություն արեց, այն է՝ ձեռնպահ կմնա ասել, թե արդյոք Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ - «Անօրինական ազատության մեջ գտնվող անձինք չկան Հայաստանի Հանրապետությունում: Արդարադատության նախարարները կամ նախկին իշխանությունները մշտապես հայտարարել են, որ քաղաքական բանտարկյալներ չկան: Քաղաքական բանտարկյալ լինել-չլինելու հարցը որոշվում է սուբյեկտիվորեն: Որոշում են հասարակությունը, հասարակական կազմակերպությունները: Հասարակությունը թող գնահատի՝ այսօր կա՞ն քաղաքական բանտարկյալներ, թե՞ ոչ: Դա սուբյեկտիվ է, և ես դրա համար եմ ձեռնպահ մնում դրան քաղաքական գնահատական տալուց, այնպես, ինչպես նախկին իշխանություններն էին ասում, որ քաղաքական բանտարկյալներ չկան: Ես կդիտվեմ որպես կողմնակալ՝ այս պատասխանը հնչեցնելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG