Մատչելիության հղումներ

Դատախազությունը Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի, Գևորգյանի մասով Մարտի 1-ի գործն ուղարկել է դատարան


Ռոբերտ Քոչարյան, Արմեն Գևորգյան, արխիվ
Ռոբերտ Քոչարյան, Արմեն Գևորգյան, արխիվ

Գլխավոր դատախազությունը հաստատել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին և Սեյրան Օհանյանին առնչվող՝ Մարտի 1-ի 2008-ի արյունալի իրադարձությունների քրեական գործով մեղադրական եզրակացությունն և այսօր ուղարկել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։

Դեռ մեկ շաբաթ առաջ գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը Մարտի 1-ի գործից անջատված մասով այս գործն ուղարկել էր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու։ Մարտի 1-ի գործով մեղադրյալներից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։

Այս գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են ընդհանուր իրավասության դատարանի ղեկավարությանը, որպեսզի կարողանան մասնակցել գործը էլեկտրոնային եղանակով դատավորին մակագրելու գործընթացին՝ այն օբյեկտիվ անցկացնելու համար։

Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն «Ազատության» հետ զրույցում ոչ օբյեկտիվ գնահատեց դատախազության մեղադրական եզրակացությունը։

«Օբյեկտիվ չեն գնահատում, նախկինում բոլոր ներկայացված խախտումների վերաբերյալ դիքորոշումներ հայտնել ենք, դատախազությունը ինքը շարունակել է այդ խախտումների, պայմանական ասենք, հովանավոր լինել, և գլխավոր դատախազությունից մենք օբյեկտիվ վարքագիծ չենք ակնկալում, ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատաքննության փուլում», - նշեց Խուդոյանը։

Սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը շարունակում է պնդել՝ մեղավոր չէ և ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Փաստաբան Խուդոյանը կրկին անդրադարձավ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանքի անթույլատրելիությանը։ 2008-ին նման հոդված չի եղել, Քոչարյանը չպետք է այդ հոդվածով մեղադրվի, շարունակում են պնդել նրա պաշտպանները։

«Եթե վերցնենք հենց մեղադրանքը առանձին, չի կարող հավաքվել ապացույցների այնպիսի ծավալ առհասարակ, որ այդպիսի մեղադրանքը հաստատի, որովհետև մեղադրանքը ի սկզբանե սխալ է։ Վարույթն իրականացնող մարմինը, չհերքեմ, ահռելի ծավալի աշխատանք է կատարել, բայց էդ աշխատանքը իրականում դատարկ տեղն է կատարել, որովհետև իրենց առաջադրած մեղադրանքը ուղղակի իրավաբանորեն չի կարող գոյություն ունենալ», - ընդգծեց Խուդոյանը։

Գործի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ չկա մի ցուցմունք, որն ուղղված է Քոչարյանի դեմ, նաև հայտարարեց փաստաբանը։ - «Մենք դեռևս ամբողջությամբ չենք ծանոթացել քրեական գործի նյութերին, բայց այն ծավալով, ինչքանով որ ծանոթացել ենք, չկա մեկ ցուցմունք, որը ուղղված է պարոն Քոչարյանի դեմ: Անգամ Գագիկ Մելքոնյանի ցուցմունքը, որովհետև դեմ ցուցմունք մենք կարող ենք համարել այն ցուցմունքը, որը չի համապատասխանում անձի տված ցուցմունքին կամ իր տված բացատրությունը, կամ որը կարող է դրվել մեղադրանքի հիմքում։ Այստեղ որևիցե նման ցուցմունք չկա, որը այլ վարկած ներկայացնի, քան պարոն Քոչարյանի հայտարարությունները դատարանում», - ասաց Խուդոյանը։

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, 2008-ին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։ Փաստաբանը տարակուսում է, թե ինչպես կարող էր 76 հատոր ծավալով քրեական գործը դատախազությունն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հասցնել ուսումնասիրել և մեղադրական եզրակացությունը հաստատել։ Պողոսյանի կարծիքով՝ հատկապես այս գործի պարագայում դատախազությունը այլ ելք չուներ՝ հանրության շրջանում ճնշում կլիներ նրա նկատմամբ, այնպես, ինչպես եղավ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելուց հետո։

«Ինչի՞ եմ ասում՝ այլ ելք չունենալով, որովհետև մեզ՝ պաշտպանական կողմին, տվել էին մոտավորապես երկու ամիս ժամանակ տվյալ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար, ինչը ինքնին բավարար չէր ամբողջությամբ գործի նյութերին ծանոթանալու համար, ու այս պարագայում մեր հետ կապված նաև այլ խնդիր կար՝ թարգմանությունների հետ կապված, այս պարագայում նաև դատախազությունը ֆիզիկապես անհնար է այդ հնգօրյա ժամկետում տվյալ քրեական գործի քննության արդյունքները օրենքին համապատասխանող կամ չհամապատասխանող համարելու համար», - նշեց պաշտպանը։

Եթե դատախազությունն այս կարճ ժամանակամիջոցում հաստատեց մեղադրանքը, նշանակում է, որ նախաքննության խախտումներին որևէ գնահատական չի տվել, ասում է Միհրան Պողոսյանը։ Ըստ փաստաբանի, նախաքննական մարմինն այդպես էլ չթարգմանեց գործը ռուսերեն․ իրենք նման միջնորդություն էին ներկայացրել՝ հաշվի առնելով, որ Յուրի Խաչատուրովը հայերենին լավ չի տիրապետում։

«Ոչ, չի թարգմանվել, ես այդ չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս է պատրաստվում դատախազությունը մի մեղադրանքով պաշտպանություն իրականացնել դատարանում, որով որ մեղադրյալին ընդհանրապես հասկանալի լինի։ Ես չեմ խոսում դեռ իրավունքի տեսանկյունից մեղադրանքի հասկանալիության մասին, այլ զուտ լեզվական առումով հասկանալի չէ մեղադրանքը», - նշեց նա։

Ըստ պաշտպանի, Խաչատուրովը մեղադրվում է նրա համար, որ եղել է պաշտպանության նախարարի տեղակալը և Երևանի կայազորի պետը։ Եթե հաստիք զբաղեցնելը համարվում է քրեորեն պատժելի, ապա ո՞ւր են մյուս մեղադրյալները, հարցնում է Պողոսյանը։

«Եթե հաստիք զբաղեցնելը համարվում է քրեորեն պատժելի, ո՞ւր են ապա մնացած անձինք, թե չէ մի կողմից տպավորություն է ստեղծվում, որ կայազորի պետ հանդիսանալը հանդիսանում է քրեորեն հետապնդելի արարք, բայց, օրինակ, կայազորի պետի տեղակալ հանդիսանալը չի հանդիսանում քրեորեն հետապնդելի արարք», - ընդգծեց Խաչատուրովի պաշտպանը։

2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ պնդում է՝ հատկացված ժամկետում չկարողացան գործի ողջ ծավալին ծանոթանալ։ Իրենց տարբեր միջնորդություններն այդպես էլ չբավարարվեցին. Օրինակ, առաջարկել էին վկաների հարցաքննել, որոնք կարող էին կասկածի տակ դնել հավաքների խաղաղ լինելու հանգամանքը։ Օհանյանը ևս մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար:

«Այդպես էլ պարզ չի, օրինակ, առաջադրված մեղադրանքում, տվյալ դեպքում Սեյրան Օհանյանի մասին ասեմ, բայց ընդհանրապես սահմանադրական կարգի տապալումը երբ տեղի ունեցավ և երբ ավարտվեց՝ առաջադրված մեղադրանքից դա չի երևում, իսկ մեղադրական եզրակացությունում չի կարող այլ բան նշվել, այսինքն՝ նույնը պետք է նշվի այդտեղ, իսկ երբ որ մեղադրական եզրակացություն չի երևում, թե երբ է տապալվել և երբ վերականգնվել, հնարավոր չի պաշտպանվել, որովհետև ընդհանրական է», - ասաց Մեժլումյանը։

Փաստաբանի պնդմամբ՝ Օհանյանի դեմ ևս որևէ ցուցմունք չկա գործում. «Որևէ մեկը ցուցմունք չի տվել այն մասին, որ Սեյրան Օհանյանը կատարել է սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողություններ։ Օրինակ, ցուցմունք կա, որ Սեյրան Օհանյանը եթերում հայտարարությունը տարածել է արդեն արտակարգ դրություն հայտարարելուց հետո, բայց դա սահմանադրական կարգի տապալման հետ որևէ աղերս չունի», - նշեց փաստաբանը։

Հատուկ քննչական ծառայության ղեկավարն անցած ամիսների ընթացքում հայտարարել է՝ 2008-ին զինված ուժերը իսկապես ներգրավված են եղել ներքաղաքական գործընթացներում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած արտակարգ դրությունն իրականում վերածվել էր ռազմական դրության, բանակը կրակել է մարդկանց վրա։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG