Պետությանը ավելի քան 476 մլն դրամի վնաս է պատճառվել Ծաղկաձորի ճոպանուղու շահագործման ընթացքում հարկերը չվճարելու արդյունքում: Գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ12 տարում Ճոպանուղին ավելի քիչ հարկ է վճարել, քան անցած՝ մեկ տարում:
Ճոպանուղին դեռ 2004 թվականին պետության անունից նվիրաբերվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին (ՀԱՕԿ):
2005-ին ՀԱՕԿ-ը ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել նախ մեկ, ապա՝ 2008 թվականից մինչև օրս, մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:
Այդ ընկերությունները 2005-2017 թվականներին մոտ 496 մլն դրամի շրջանառություն են ներկայացրել, մինչդեռ միայն 2018-ին ճոպանուղու շրջանառությունը կազմել է 537 մլն դրամ կամ շուրջ 40 մլն դրամով ավելի, քան անցած 12 տարիները միասին վերցրած:
Ընկերությունում խնդիրների մասին առաջինը բարձրաձայնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա պատրաստվում է ճոպանուղին Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կոմիտեից հետ վերցնելու փաթեթ ներկայացնել կառավարությանը: - «Օլիմպիական կոմիտեն այն վարձակալությամբ շահագործման է հանձնել իր դուստր ձեռնարկությանը՝ «Լեռնատուր» ՍՊԸ-ին, որի 50 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Օլիմպիական կոմիտեին: Այսինքն, Ազգային օլիմպիական կոմիտեն, լինելով իրավաբանական անձանց միություն, օլիմպիական սպորտաձևերի ֆեդերացիաների հիմնած հասարակական կազմակերպություն, պետությունից ստացել է տուրիստական ինդուստրիայում բավականին ծանրակշիռ դերակատարում ունեցող մի համալիր: Խնդիրը այստեղ ոչ միայն այդ իրավաբանական անձի վարած տնտեսական գործունեությունն է, այլ նաև ընդհանուր առմամբ այդ ռազմավարական կարևորություն ունեցող տուրիստական ենթակառուցվածքների առումով կարևորություն ունեցող օբյեկտի ճիշտ կառավարումը, և այդ օբյեկտի շահագործումից գեներացած շահույթների ճիշտ տեղաբաշխումը»:
Մարզպետը տեղեկացրեց նաև, որ ՀԱՕԿ-ին փոխանցված շուրջ 605 հեկտար հողատարածքի տարիներով կուտակած մոտ 9 մլն դրամի գույքահարկը ընդամենը մի քանի ամիս առաջ, այն էլ՝ բարձրացված աղմուկից հետո է վճարվել: Բացի այդ, ճոպանիուղին օգտվել է «Հրազդանի բժշկական կենտրոն»-ի շտապօգնության շուրջօրյա ծառայությունից՝ առանց պետությանը դրա դիմաց վճարելու:
Մարզպետի հայտարարություններից հետո միայն Հրազդանի շտապօգնության ծառայության դիմաց փոխհատուցվում է, բայց ոչ թե շահույթ ստացող ընկերության, այլ պետբյուջեի հաշվին:
Ինչպե՞ս է ստացվել, որ տարիներ շարունակ նման արտոնյալ պայմաններով է աշխատել ընկերությունը․ այս հարցի պատասխանը մարզպետը ակնհայտ է համարում ու վստահեցնում, որ նոր Հայաստանում արտոնյալներ չեն լինելու․ - «Եթե նախկին իշխանությունների օրոք որոշակի անձինք, շրջանակներ ունեցել են քվոտավորումներ, որոշակի արտոնյալ պայմաններ, արտոնություններ պետության կառավարման տարբեր ոլորտներում, ապա այսօր Հայաստանի Հանրապետությունը արդեն իր ողնաշարն ուղղում է, և իրավական պետությանը հարիր կարգեր ենք հաստատում կյանքի բոլոր ոլորտներում»:
«Ազատության» հարցին, թե ինչպես է նախորդ իշխանությունների օրոք էլ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը կարողացել ստանալ այդ քվոտաները, մարզպետն արձագանքեց․ - «Առհասարակ Կոտայքի մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ եղել է իշխանական կուսակցություն: Այդ մասին են վկայում Կոտայքի մարզի բնականավայրերի գերակշիռ մեծամասնության համանքապետերի կուսակցական պատկանելությունը, դպրոցների տնօրենների կուսակցական պատկանելությունը, պետական հաստատությունների [ղեկավարների] կուսակցական պատկանելությունը: Ես, որպես Կոտայքի մարզի բնակիչ, քաղաքացի, չէի ասի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Կոտայքում ընդդիմություն է եղել: Գուցե Հայաստանի մասշտաբով ընդդիմադիր պառլամենտական գործունեություն է ծավալել որոշ շրջանում, բայց նաև պիտի ասեմ, որ մի շարք կոալիցիոն կառավարությունների մաս է կազմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»:
Օլիմպիական կոմիտեից չցանկացան պատասխանել մեր հարցերին, միայն հղում կատարեցին ՀԱՕԿ-ի տարածած պարզաբանմանը, որտեղ, ըստ էության, հնարավոր խախտումների ողջ պատասխանատվությունը դրվում է հավատարմագրային կառավարիչ «Լեռնատուր» ՍՊԸ-ի վրա: Օլիմպիական կոմիտեից նաև հավաստիացնում են, որ ձեռնարկելու են օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցները իրենց պատճառված հնարավոր վնասների վերականգնման ուղղությամբ:
«Լեռնատուր» ՍՊԸ-ի հաշվապահ Արտավազդ Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքը աշխատանքի է անցել 2017-ից, և թե ինչ է եղել դրանից առաջ, չի կարող ասել․ - «Ո՛չ նախկին տնօրենն ա էստեղ էս պահին, ո՛չ նախկին հաշվապահը»:
Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչները ևս չցանկացան պատասխանել ՀԱՕԿ-ին (որի նախագահը նույն ինքը՝ Գագիկ Ծառուկյանն է) պատկանող ճոպանուղիում առկա հարկային հնարավոր չարաշահումների մասին հարցերին:
Դատախազությունից դեռևս չեն հստակեցնում՝ այս գործով Ծառուկյանը հարցաքննության կկանչվի՞, թե՞ ոչ: