Գլխավոր դատախազությունը որոշել է, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանի գործը Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) այլ քննչական ծառայություն տեղափոխելու հիմքեր առկա չկան, և նախաքննությունը կիրականացվի ԱԱԾ-ի կողմից։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրենքով սահմանված ժամկետներում քննարկվել է Դավիթ Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը, որի արդյունքում կայացված որոշումը սահմանված կարգով ուղարկվել է կողմերին: Քրեական գործով քննչական ենթակայություն փոխելու հիմքեր առկա չեն, և նախաքննությունը կիրականացվի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի կողմից», - ասաց Խաչատրյանը՝ հավելելով․ - «Միևնույն ժամանակ, նկատի ունենալով, որ նախաքննության մարմինը բավարարել է առանձին անձանց հարցաքննելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը, դատախազական պատշաճ հսկողությամբ կապահովվի բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ նախաքննությամբ ի պաշտպանություն մեղադրյալին բերված բոլոր փաստարկների պատշաճ ստուգումը»:
Պաշտպանական կողմը միջնորդությամբ դիմել էր դատախազություն՝ խնդրելով գործը ԱԱԾ-ից տեղափոխել այլ քննչական ծառայություն։
Թավշյա հեղափոխության առանցքային դեմքերից Դավիթ Սանասարյանը նախանցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց հեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանն ավելի վաղ մեղադրանքը շինծու էր որակել:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել է․ - «Այն մեղադրանքը, որ առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է տարբեր մարդկանց ցուցմունքներով, կատարված առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի արդեն դատարան, և դատարանում դուք բոլորդ և առհասարակ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու բոլոր այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում: Եվ հանրությունը, լրագրողական միջավայրը և մնացած բոլորը կգնահատեն այդ ապացույցների իսկությունը»:
Նշենք, որ ապրիլի 25-ին կալանքից ազատ արձակվեց հեմոդիալիզի գործով կալանավորված ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը, և այդ քրեական գործով այսօր անազատության մեջ գտնվող մարդ այլևս չկա: