Մատչելիության հղումներ

«Իմ նպատակներից մեկն է մեր երկրում տաղանդներ գտնելը». Նունե Սարգսյան


Նախագահ Արմեն Սարգսյանի տիկինն՝ արվեստաբան, գրող Նունե Սարգսյանն, «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ զրույցում ասաց՝ իր բոլոր հեքիաթները հայերեն է հրատարակել։

Նունե Սարգսյանն ընդգծեց՝ 2005 թվականից իր բոլոր գրքերը լույս են տեսել Երևանում։

«Մեր նպատակն էր այս գրքերը տարածել շրջաններում, մանկատներում, հիվանդանոցներում, գրադարաններում, ուղղակի նվիրել, և ինձ թվում է՝ մենք հասանք մեր նպատակին։ Հիմա մեր երկրի մանկական հասարակությունը գիտի իմ գրքերը և միշտ անհամբեր սպասում է՝ «կլինի՞ գիրք երկուսը», «իսկ ե՞րբ կլինի շարունակությունը»։ Այս օրերին երեխաները սիրում են, որ պատմությունները շարունակվեն, և հիմա իմ մոտ և հեռակա նպատակներից մեկը՝ շարունակել իմ արդեն ստեղծած պատմությունները», - ասաց նախագահի տիկինը։

Վերջերս լույս է տեսել Նունե Սարգսյանի «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» հեքիաթը։

«Այն ես ստեղծեցի թոռնիկիս հետ։ 6 տարեկան Սավաննան շատ մեծ ոգևորությամբ ինձ հետ միասին ստեղծեց այդ գիրքը, որը տևեց երեք տարի, հետո էլ ինքը նկարազարդեց գիրքը, որը բավական հաջող էր։ Ամեն երեխայի մեջ նկարչի տաղանդ կա, միայն պետք է խթանել, որ այդ տաղանդը զարգանա։ Եվ դա իմիջայլոց իմ նպատակներից մեկն է՝ մեր երկրում տաղանդներ գտնելը, որովհետև ես հավատացած եմ, որ ամեն երեխա, որ ծնվում է, տաղանդով է ծնվում և հատկապես նկարչական տաղանդով, կամ երաժշտական տաղանդով, եթե մենք խլեցնենք այդ տաղանդը, չթողնենք, որ դա արտահայտվի, այդպես էլ կկորչեն այդ մեր պոտենցիալ տաղանդները, ուրեմն պետք է ուղերձ հղեմ տատիկներին, պապիկներին, մայրիկներին ու հայրիկներին՝ գտնել այդ տաղանդն իրենց երեխաների մեջ», - ասաց Նունե Սարգսյանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ գրքեր ունեն, որոնք թարգմանվել են նաև Գյումրվա, Ղարաբաղի, Գավառի բարբառներով, նաև՝ արևմտահայերեն։

«Ես իսկապես հետաքրքրված եմ և քաջալերեցի նաև Նունեին, որովհետև իր մեջ այդ գաղափարն առաջացավ, որ մանկական գրքերը նաև բարբառներով թարգմանվեն, օրինակ՝ Գյումրվա բարբառով կա, Ղարաբաղի բարբառով, Գավառի բարբառով, նաև՝ արևմտահայերեն։ Շատ հետաքրքիր է, որովհետև այդ գրքերը դուք էլ հաճույքով կկարդաք, որովհետև նույն հեքիաթը Գավառի բարբառով հնչում է լրիվ ուրիշ ձևով», - ասաց նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG