Մատչելիության հղումներ

Հեղափոխական տատիկի ոգևորությունը 1 տարի անց էլ չի մարել


2018-ին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքներին առաջին իսկ օրերից մասնակցած 79-ամյա Վրանուհի Գևորգյանի կամ Լեյլա տատիկի հեղափոխական ոգևորությունը մեկ տարի անց էլ չի մարել:

«Շատ գոհ եմ, ասելու բան չունեմ։ Շատ խելքով գործ ա անում: Ես զգում եմ, որ փոփոխություն կա, մարդիկ ուրախ են, հանգիստ են: Ես էլ եմ հանգիստ։ Մենակ մնում ա որ օրենքը լինի, խաղաղություն, բժշկություն լինի, դաստիարակություն լինի, դպրոցներում լավ սովորեն երեխեքը, ամեն ինչը օրենքով լինի», - ասում է նա:

Թավշյա հեղափոխության օրերին Վրանուհի Գևորգյանը մշտապես Հանրապետության հրապարակի ցույցերի առաջին շարքերում էր կանգնում։ Հենց այդպես էլ հայտնվեց տեսախցիկների ու ֆոտոխցիկների ուշադրության կենտրոնում:

«Ես ծանր լսողություն ունեմ, լրիվ չեմ լսում, բայց գոնե մեկ-մեկ ընենց բառեր կա, որ լսում եմ, ես էլ եմ մտածում։ Ապառատ չունեմ, լսողության ապառատ չունեմ, որ լավ լսեմ, դրա համար էլ բեմի մոտ եմ կանգնում, որ լավ լսեմ», - պատմում է Լեյլա տատիկը:

2018-ի մայիսի մեկին, երբ Ազգային ժողովում ընթանում էր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում թեկնածության քննարկումը, տատիկը 10 ժամից ավելի կանգնել և հրապարակում տեղադրված էկրանից հետևել է խորհրդարանի հատուկ նիստին։ Ժամեր շարունակ կանգնելուց անգամ չէր էլ հոգնել. - «Չէ, բոլորովին։ Նաաբարոտ՝ թեթևանում էի, ուրախանում։ Ճիշտ գործ են անում, ոնց հոգնես։ Հիշում եմ, որ Նիկոլ, Նիկոլ էին գրել, ես էլ ասեցի՝ Նիկոլ վարչապետ գրեք։ Ըտենց էլ շարունակեցինք մինչև հրապարակ»:

Մեր հարցին՝ ինչի՞ համար էիք ոտքի ելել, ինչի՞ համար էիք պայքարում, արձագանքում է՝ «որ լավ ապրեմ, որ բոլորն էլ լավ ապրեն»։

Հեղափոխությունից մնացած հուշերից մեկն էլ՝ լուսանկարն է վարչապետի և նրա տիկնոջ հետ․ - «Էն որ ընտրվեց ինքը արդեն վարչապետ՝ այ էդ օրն ա: էդ օրվանից էլ վատ բան չեմ մտածում, մենակ լավն եմ մտածում ու միշտ ասում եմ՝ ապրեն մեր ջահելները։ Շատ լավ էր, շատ ուրախացա, ասի՝ էն ծնողների ցավը տանեմ, որ ջահելներին թողել են դուրս են եկել, որ դուք չլինեիք, մենք վարի էինք գնացել, դուք փրկեցիք մեզ։ Ջահելությունը փրկեց, խելք ունեցողները փրկեցին, արդեն դեպի վատն էինք գնում, շատ վատն էինք գնում, շատ վատ էր լինելու»։

Ասում է՝ եթե անհրաժեշտ լինի նույն կերպ դուրս կգա կրկին պայքարելու։ Երեք թոռ և 4 ծոռ ունեցող «Հեղափոխության տատիկը» առօրյայում ևս շատ ակտիվ է. - «Մեկ-մեկ առևտուր եմ անում, վազում եմ էս կողմ, էն կողմ։ Բա պարապ նստենք ի՞նչ անենք։ Գնանք ասենք մեզի փող տվե՞ք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG