Մատչելիության հղումներ

Աշխարհում 300 տոկոսով աճել է կարմրուկով վարակվածների թիվը


Մինչ ապրիլի 24-30-ն աշխարհում որպես իմունիզացիայի համաշխարհային շաբաթ է նշվում ՝ ուշադրության կենտրոնում պահելով կարմրուկի բռնկումը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիշեցնում է՝ այս տարվա առաջին եռամսյակում ողջ աշխարհում 300 տոկոսով աճել է կարմրուկով վարակվածների թիվը: Պատճառն ըստ մասնագետների՝ կարմրուկի դեմ պատվաստումներից հրաժարումն է:

ՅՈւՆԻՍԵՖ-ն ուսումնասիրում է աշխարհում տիրող վիճակը: Հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանն ասում է՝ կարմրուկից պաշտպանվելու համար երեխաները պետք է պատվաստվեն երկու անգամ՝ 1 և 6 տարեկանում, սակայն ամեն տարի աշխարհում ավելի քան 20 միլիոն երեխա չի ստացել իր հասանելիք առաջին պատվաստանյութը: Այդպիսով՝ աշխարհում 169 միլիոն երեխա չի պատվաստվել կարմրուկի դեմ:

«Մեր տարածաշրջանում մտահոգում են թվերը, մասնավորապես, Ուկրաինայում, որովհետև, 2018-ի տվյալներով, 35 հազար երեխա վարակվել է կարմրուկով՝ սա հաստատված դեպքերի մասին եմ խոսում։ Իսկ Սերբիայում գրանցվել է 5000-ից ավելի դեպք։ Եթե գանք Հայաստանին ավելի մոտիկ, Վրաստանում 2017-ին գրանցվել է 96 դեպք, իսկ 2018-ին արդեն Վրաստանում գրանցվել է 1500-ից ավելի դեպքեր։ Գալով Հայաստան՝ 2017-ին մեզ մոտ գրանցված է եղել մեկ լաբորատոր հաստատված դեպք և 2018-ին ունեցել ենք 18 դեպք։ Այս տարի առաջին եռամսյակում դեռևս ունենք չորս գրանցված դեպք», - նշեց Սարգսյանը։

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են՝ նշված 4 դեպքն էլ Հայաստան են ներթափանցել արտերկրից: Ըստ ՅՈւՆԻՍԵՖ-ի՝ 2017-ին աշխարհում կարմրուկից մահացել է 110 հազար մարդ՝ հիմնականում երեխաներ: Եթե կային երկրներ, որտեղ մինչև 2017-ը պատվաստումների շնորհիվ կարմրուկի դեպք չէր արձանագրվել, ապա պատվաստումներից հրաժարվելու հետևանքով, օրինակ, 2018-ին Ադրբեջանում 3 դեպք է գրանցվել, Մոլդովայում՝ 300-ից, իսկ Մոնտենեգրոյում՝ 200-ից ավելի: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում 2015-ին առհասարակ պատվաստումներից հրաժարվողների թիվը եղել է 7038, իսկ 2018-ին հասել է 10 հազար 159-ի:

Հարցին՝ ինչո՞ւ է պատվաստումներից հրաժարվողների թիվն աճում նաև Հայաստանում, ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը պատասխանեց. «Քանի որ համացանցում պակասում են նյութերը վստահելի, մասնավորապես, հայերեն լեզվով, նրանք ապավինում են օտարերկրյա ռուսերեն կամ անգլերեն աղբյուրների, որոնք վստահելի ինֆորմացիա կարող են չպարունակել, և էդ շարանը արդեն գնում է ապատեղեկատվության։ Այս գծով աշխատում ենք նախարարության հետ միասին, սոցիալական մեդիայում հավաքեցինք հարցեր ծնողների շրջանում, որոնց պատասխանները շուտով կտեսագրվեն և կտրվեն օնլայն»։

Պատվաստումների առումով Հայաստանը միշտ օրինակելի մոդել է եղել տարածաշրջանում, ասում է առողջապահության նախարարության մասնագետը: Սվետլանա Գրիգորյանն ասում է՝ իրենց աշխատակազմն օրուգիշեր ակտիվ մասնակցում է սոցցանցերի քննարկումներին, փորձում են բացատրել ծնողներին պատվաստումների կարևորությունը: Ընդունում է՝ հայերենով մատչելի նյութերի պակաս կա, բայց վստահեցրեց՝ բացը լրացնում են աստիճանաբար:

Ասաց՝ հաճախ են ծնողները հարցնում, թե, օրինակ, ինչո՞ւ պատվաստել կարմրուկի, պոլիոմիելիտի ու այլ հիվանդությունների դեմ, եթե դրանք երկրում չկան կամ քիչ են: Պատասխանը մեկն է՝ պատվաստումների շնորհիվ է, որ չկան, բայց Հայաստանն անմասն չէ աշխարհից, ու ամեն պահի կարող է այդ հիվանդությունները մեր երկիր հասնեն:

Իսկ ի պատասխան հաճախ հնչող հարցի՝ պատվաստվելու դեպքում է՞լ են այս կամ այն հիվանդությամբ վարակվում երեխաները, Առողջապահության նախարարության մասնագետը հիշեցնում է, որ չի բացառվում, բայց այդ դեպքում երեխաները թեթև են տանում։

Սվետլանա Գրիգորյանը լսել է նաև, որ հենց բժիշկներն են խորհուրդ տալիս չպատվաստել երեխաներին։ «Եթե խորհուրդ է տալիս բժիշկը, որը էդ ոլորտի մասնագետը չի, այսինքն՝ ինքը չունի մասնագիտացում հենց իմունիզացիայի, իմունալոգիայի առումով կամ մանկաբուժության առումով, այդ դեպքում ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր բժիշկ խորհուրդներ տա իր ոլորտում», - ընդգծեց նա։

Գրիգորյանը հիշեցնում է՝ կարմրուկը վտանգավոր վարակիչ հիվանդություն է, կարող է մահվան ելքով ավարտվել: Ռիսկային գոտում են հատկապես խրոնիկ հիվանդություններ ունեցողները:

«Սկսվում է ընդհանուր թուլությամբ, ջերմության բարձրացումով, աչքերի կարմրությամբ, քթահոսությամբ, ինչպես սովորական շնչառական վարակները։ Երրորդ, չորրորդ օրը միանում է ցանը, որը բնորոշ է կարմրուկին։ Բարդություններից առավել հաճախ տարածված են թոքաբորբի առաջացումը, ուղեղի բորբոքումը և այլ օրգան-համակարգերի ախտահարումը», - ախտանիշները թվարկեց մասնագետը:

«Ազատության» հարցին, թե ե՞րբ է հասցնում մահվան, Սվետլանա Գրիգորյանը պատասխանեց. «Ե՛վ թոքաբորբի արդյունքում կարող է մահ առաջանալ, ինչպես նաև ուղեղի բորբոքման հետևանքով կարող է մահ առաջանալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG