Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, նախ անդրադարձել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի օրերս արած հայտարարությանը, թե Թուրքիան հետևողականորեն շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտումը, և որ ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է:
Աքսոյը հակադարձելով այս հայտարարությանը, նշել է, թե «Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակի խոսելաոճն ու օգտագործած եզրույթները ցույց են տալիս, որ Հայաստանում պետական ավանդույթներ դեռ չեն ձևավորվել»:
Աքսոյը պնդել է, թե «հայկական թեզերը թուրքերին պարտադրելը հակասում է խոսքի ազատության սկզբունքին», հավելելով՝ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն «թուրքերն էլ իրենց տեսակետներն արտահայտելու իրավունք ունեն»:
Խոսելով վերջին օրերին շահարկված արխիվների թեմայի մասին՝ Աքսոյը հայտարարել է, թե հայկական արխիվները ամենևին էլ բաց չեն, ինչպես պնդում է հայկական կողմը, իսկ մի շարք վայրերում՝ Էջմիածնի կաթողիկոսությունում, Երուսաղեմի պատրիարքարանում, Բոստոնի դաշնակցական բյուրոյում արխիվները բաց են միայն հայերի և հայկական պնդումների կողմնակիցների համար: «Արխիվների միայն այն հատվածն է բաց, որը հիմնավորում է հայկական պնդումները: Եթե հայերը այս արխիվները բացելու համարձակություն ցուցաբերեն, ճշմարտությունը ի հայտ կգա: Ցավոք, շարունակում են մոլորեցնել ողջ աշխարհին և երիտասարդ սերնդին»,- նշել է Աքսոյը: