Մատչելիության հղումներ

Կվերակառուցվի Վանաձորի կենտրոնական հրապարակը


Վանաձորի քաղաքապետարանը նախատեսում է 245 միլիոն դրամով քաղաքի հրապարակում գորգ կառուցել, փոխել բազալտե ծածկույթը, նորացնել շատրվաններն ու արդիականցնել հարակից շենքերի արտաքին լուսավորությունը։

Տարածքային կառավարման նախարարությունը նախնական հավանություն է տվել քաղաքապետարանի ներկայացրած ծրագրին։ Վերջնական հաստատման դեպքում կառավարությունը կփակի ծախսերի գրեթե կեսը, և շինարարությունն արդեն ամռանը կսկսվի։

Այսօր համայնքի ավագանին ևս միաձայն հավանություն տվեց ծրագրին։

Վերակառուցվելիք հրապարակում՝ մարզպետարանի աջ ու ձախ կողմերը դեռ 15 տարի առաջ Վանաձորի այդ տարիների քաղաքապետ Սամվել Դարբինյանը չնչին գներով սեփականաշնորհել է։ Մի կողմի սեփականատերը նախկին քաղաքապետի որդին է, մյուս կողմը պատկանում է Սամվել Դարբինյանի հորեղբորորդուն՝ նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանին։ Ժամանակին այստեղ ևս շատրվաններ են եղել և հրապարակի մաս են կազմել։ Այսօր անխնամ տարածքներ են՝ պոկված սալիկներով ու կիսաքանդ պատերով։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանն» ասաց՝ չի կարևորում, թե ովքեր են հրապարակի այս հատվածների սեփականատերերը․ - «Կարծեմ մենք նախնական համաձայնություն ունենք սեփականատերերի հետ, որ համահունչ որևէ բան կանեն, որ հրապարակի ընդհանուր ճարտարապետական տեսքը չխաթարվի»:

Այսօր ավագանու նիստի ժամանակ քաղաքապետին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անահիտ Կարապետյանը․ - «Գուցե ընդհանրապես կարիք լինի այդ տարածքը հանրային գերակա շահ ճանաչել և ետ վերադարձնել համայնքի՞ն»:

Մամիկոն Ասլանյանը պատասխանեց, թե տարածքները գերակա շահ ճանաչելու ճանապարհն այնքան էլ դյուրին չէ։ Ըստ քաղաքապետի, այդ անբարեկարգ տարածքները հետ վերցնելը համայնքի վրա կարող է ավելի թանկ նստել, սեփականատերերի համար՝ ավելի շահավետ։

Հրապարակի մեկ այլ հատվածում՝ Վանաձորի խորհրդանիշը հանդիսացող Գուգարք հյուրանոցի դիմաց, դեռ 10 տարի առաջ կցակառույցի շինարարությունը հանրային դժգոհություն էր առաջացրել։ Հյուրանոցի սեփականատերը մուտքի անցուղի, ինչպես նաև բացօթյա սրճարան է կառուցել սև գրանիտից ու բազալտից։ Քաղաքացիները հեգնանքով դա հրապարակի դամբարան են կոչում։

Ավագանու անդամ Անահիտ Կարապետյանն այս մասին ևս հարց բարձրացրեց․ - «Իսկ «Գուգարք» հյուրանոցին կից այդ դամբարանային հատվածը՞»:

Քաղաքապետարանում թեև դեմ են, որ պատմամշակութային հուշարձան հանդիսացող հրապարակում ձևափոխումներ են իրականացվել, բայց նշում են, որ դրա իրավունքը նախկինում քաղաքի ղեկավարները տվել են։ Անցած տարի նաև մետաղական կոնստրուկցիայով ծածկ է տեղադրվել, որը, ըստ քաղաքապետի, աղճատում է հրապարակի ընդհանուր տեսքը: Դիմել է սեփականատիրոջը՝ կառույցը քանդելու պահանջով։ Մինչդեռ վերջինս, դատի է տվել քաղաքապետարանին ու վիճարկել պահանջը։

Մամիկոն Ասլանյանն «Ազատությանն» ասաց. - «Հրապարակը նաև ճարտարապետական, պատմական հուշարձան է, և որպեսզի համահունչությունը պահպանվի՝ պատմական հուշարձանների պահպանման նկատառումներից ելնելով»:

Հրապարակի տարածքում տարիներ առաջ սեփականություն ձեռքբերած Գագիկ Հովսեփյանը «Ազատության» հետ զրույցում խոստացավ քանդել իր շինությունը, եթե քաղաքապետարանը վերակառուցի հրապարակը, շատրվաններ տեղադրի, և իր կառույցը անհարիր լինի ընդհանուր տեսքին։

Բայց, իր կարծիքով, անօրինականություն չի արել և կսպասի դատարանի որոշմանը:

Վանաձորի համայնքապետարանը նախատեսում է այս տարի Լոռու մարզկենտրոնում իրականացնել ևս 6 ծրագիր՝ կառավարության համաֆինանսավորմամբ՝ ընդհանուր առմամբ մեկ միլիարդ դրամ արժողությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG