Մատչելիության հղումներ

Զելենսկին ԿԸՀ-ին մեղադրում է ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը ձգձգելու մեջ


Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մեղադրել է ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը ձգձգելու մեջ, որպեսզի ինքը հնարավորություն չունենա ցրել խորհրդարանը:

Զելենսկին, եթե նախագահի լիազորությունները ստանձնի մայիսի 27-ից հետո, այլևս պարզապես իրավունք չի ունենա ցրել խորհրդարանը:

«Հաղթանակը կա, իսկ լիազորություններ՝ ոչ: Ինչ-որ մեկը գավազանը ինձանից թաքցնում է: Բացատրեմ՝ ինչ է կատարվում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձգձգում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը, որպեսզի Գերագույն ռադան կարողանա ձգձգել ինաուգուրացիայի նշանակման ամսաթիվը, որպեսզի այն տեղի ունենա մայիսի 27-ից հետո: Ինչո՞ւ՝ որպեսզի նախագահ Զելենսկին Գերագույն ռադան ցրելու նույնիսկ մտածելու հնարավորություն չունենա: Ինձ թվում է, որ դա անարդարացի է», - երեկ երեկոյան Ֆեյսբուքի իր էջում հեռարձակված տեսաուղերձով ասել է Վլադիմիր Զելենսկին:

Զելենսկին ասել է, թե նախագահը, ով վստահության 73 տոկոսի քվե ունի, առնվազն իրավունք ունի մտածելու խորհրդարանը ցրելու հնարավորության մասին:

«Համակարգը վախենում է, իսկ դա մի բան է նշանակում՝ մենք բոլորին կհաղթենք: Ամեն ինչ լավ կլինի, նույիսկ ոչ թե 73 տոկոսով, այլ ամբողջ 100 տոկոսով», - նշել է Զելենսկին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունում ընտրված նախագահի մեղադրանքները կամ կասկածները: ԿԸՀ-ի նախագահի տեղակալ Եվգենի Ռադչենկոն հավաստիացրել է, որ հանձնաժողովը ընտրությունների արդյունքները ամփոփում է օրենքով նախատեսված ժամկետների շրջանակում, դեռ մի բան էլ առաջ ընկնելով գրաֆիկից:

Ուկրաինայի խորհրդարանական հերթական ընտրությունները անցկացվելու են հոկտեմբերին: Ըստ Ուկրաինայի Սահմանադրության՝ խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտից կես տարի առաջ օրենսդիր մարմինը չի կարող ցրվել: Այսինքն՝ խորհրդարանը իր ժամկետի վերջին կես տարին անձեռնմխելի է:

Նորահայտ քաղաքական գործիչ Զելենսկին ներկայիս խորհրդարանում հենարան չունի, և նա կցանկանար նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի մեծ ալիքի պայմաններում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ ակնկալելով հաղթանակի հասնել նաև խորհրդարանական ընտրություններում:

Խորհրդարանի հանդեպ Զելենսկու անվստահությունը կամ զգուշությունը հնարավոր է ավելի սրվեց, երբ իր հաղթանակից անմիջապես հետո «Սամոպոմիչ» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մի օրինագիծ դրեց շրջանառության մեջ, որի իմաստը երկրի նախագահի լիազորությունները սահմանափակելն է, ինչպես նաև դյուրացնելը նախագահին իմպիչմենտ հայտնելու գործընթացը:

Զելենսկին կարճ ժամկետով մեկնել է Թուրքիա՝ հանգստանալու: «Պայմանավորվել էինք բաց լինել: Ուրեմն՝ թռչում ենք Թուրքիա: Երեխաներին տանում եմ ամենամյա «Վեսելո» փառատոնին: Երկու օրից կվերադառնամ», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Ուկրաինայի ընտրված նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG