Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյանը պահվում է Կարելիայում, քննչական մեկուսարանում


«Միհրան Պողոսյանը պահվում է Կարելիայի քննչական մեկուսարանններից մեկում»․ «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության արտահաստիքային թղթակից Գեորգի Չենտեմիրովին տեղեկացրել են Պատիժների իրականացման դաշնային ծառայության Կարելիայի վարչությունից՝ հրաժարվելով մասնավորեցնել, թե որ քաղաքի։

«Մենք Կարելիայում մի քանի քննչական մեկուսարան ունենք: Դրանցից մեկում նա կարող է գտնվել», - ասաց Չենտեմիրովը։

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Պողոսյանը հայտնաբերվել էր Ռուսաստանում և կալանավորվել: Մինչ հայ իրավապահները փորձում են կազմակերպել նրա արտահանձնումը, Կարելիայի փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին, ում ռուսական մամուլը ներկայացնում է որպես Միհրան Պողոսյանի փաստաբան, չէր հերքել, որ Հայաստանի արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել։

«Ազատության» հարցին, թե արդյոք կասեցվել է արտահանձնման գործընթացը՝ քաղաքական ապաստան հայցելու հիմքով, ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրայանն արձագանքեց․ - «Մենք նման տեղեկատվություն պաշտոնապես չենք ստացել, թե Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում»:

Ռուսաստանից Պողոսյանին առնչվող հարցերի պատասխաններ ստանալը հեշտ չէ: Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանն» այսօր հրաժարվել են հաղորդել Պողոսյանին առնչվող տեղեկություններ՝ հորդորելով հարցումը հասցեագրել ՌԴ Գլխավոր դատախազությանն ու Պատիժների իրականացման դաշնային ծառայությանը:

Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին նույնպես հրաժարվում է մեկնաբանություններից՝ հայտարարելով, թե լիազորված չէ:

Կարելիայի հայ համայնքի ղեկավար Գեղամ Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Պողոսյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին մամուլի հրապարակումներից է տեղեկացել, չի հետաքրքրվել՝ հայցե՞լ է քաղաքական ապաստան, թե՞ ոչ, ի՞նչ էր անում Կարելիայում՝ տո՞ւն ուներ, հյո՞ւր էր գնացել, թաքնվո՞ւմ էր։

Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարել էր, թե նա հայաստանյան իրավապահներին հայտնել է Մոսկվայի իր հասցեն: Մինչդեռ հետախուզվող նախկին բարձրաստիճան պաշտոնյային գտան Կարելիայում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խուսափել է պատասխանել հարցին՝ եթե Ռուսաստանը համաձայնի քաղաքական ապաստան տրամադրել Միհրան Պողոսյանին, ո՞րը կլինի նրա գնահատականը: Լիազորությունը երկրի նախագահինը, այսինքն՝ Վլադիմիր Պուտիննին է։

«Եթե-ով հարցերին ես կցանկանայի չպատասխանել», - ասաց վարչապետը:

Իսկ հարցին, թե ինչպես եղավ, որ Արամ Հարությունյանը էդպես կորավ, Փաշինյանն արձագանքեց․ - «Որովհետև պատգամավորի կարգավիճակը օգտագործեց և տեսադաշտից կորավ: Միհրան Պողոսյանը նույնպես պատգամավորական անձեռնամխելիությունից օգտվելով՝ դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից: Ի՞նչ կա այդտեղ զարմանալի: Եթե նրանց պատգամավորական անձեռնամխելիության պայմաններում ձերբակալեին, հիմա դուք բոլոր պետք է ասեիք՝ բա ո՞ւր մնաց օրենքը, բա ո՞ւր մնաց օրինականությունը, բա ո՞ւր մնաց օրենքի գերակայությունը: Ճի՞շտ է: Բայց ո՞ւր պիտի փախնեն: Երկրագունդը փոքր է»:

Միհրան Պողոսյանի գործը քննող Հատուկ քննչական ծառայության պնդմամբ՝ Պողոսյանը լքել է Հայաստանն անցած տարվա հոկտեմբերի 7-ին, իրենք չէին կարող կանխել մեկնումը, քանի որ նա ո՛չ մեղադրյալ էր, ո՛չ կասկածյալ, անգամ նրան առնչվող քրեական գործ չի քննվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG