Մատչելիության հղումներ

Աշխատատեղերի թիվն ավելացել է 50 հազարով, չեն կարող այս թվերն իրական չլինել. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ավելի վաղ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից արված այն հայտարարությանը, թե հեղափոխությունից հետո Հայաստանում 50 հազար աշխատատեղ է ստեղծվել, ինչը, սակայն, կասկածի տակ էր դրվել։ Փաշինյանն, ըստ էության, չհերքեց, որ խոսքն ավելի շատ ստվերից դուրս եկած աշխատատեղերի մասին է, ընդգծելով, այդուհանդերձ, թե էական չէ՝ այդ 50 հազարը ստվերից դուրս եկածնե՞րն են, թե՞ նոր ստեղծվածները, կարևորն այն է, որ անցած տարվա համեմատ 50 հազարից ավելի աշխատատեղ է գրանցվել Հայաստանում:

«Այո, ամենաառաջին վարկածը այն է, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել և հեղափոխությունից հետո ուղղակի այդ աշխատատեղերը ստվերից դուրս են եկել, բայց, իհարկե, նաև էստեղ կան նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումը ավելի խորը վերլուծության գործ է, բայց էական չէ, այս նրբությունները նույնիսկ այս պահին էական չեն, էականն այն է, որ 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի հանդեպ 50 հազար 141 աշխատատեղով ավել է գրանցվել Հայաստանի Հանրապետությունում», - նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ներկայացրեց, թե, իր խոսքով, որ ոլորտում որքան աշխատատեղ է բացահայտվել կամ արձանագրվել: Մասնավորապես, ըստ վարչապետի, մեծածախ և մանրածախ առևտրի, մեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում 2019-ի հունվարին 2018-ի համեմատությամբ 16 հազարից ավելի աշխատատեղ է գրանցվել, մշակող արդյունաբերության ոլորտում՝ 9 հազար 500, հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 8 հազարից ավելի, սպասարկման և այլ ծառայությունների ոլորտում՝ 2 հազար 500-ից ավելի, տեղեկատվության ոլորտում՝ 2018-ի համեմատ 2 հազար 200-ով ավելի աշխատատեղ է գրանցվել, գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտում՝ ավելի քան 1000-ով ավելացել են աշխատատեղերը, նույն չափով՝ առողջապահության ոլորտում:

Փաշինյանն ընդգծեց՝ այս թվերը չեն կարող իրական չլինել. «Ես հասկանում եմ նաև, որ էսպիսի քննարկումների տեղիք տվեց, որովհետև սա, ըստ էության, կարող է նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից թվա, բայց այս ֆանտաստիկան այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականություն է, և դա շատ լավ է։ Հայաստանի Հանրապետությունում, սիրելի հայրենակիցներ, հեղափոխությունից հետո աշխատատեղերի թիվը ավելացել է 50 հազար 141-ով, ինչի կապակցությամբ մեզ բոլորիս շնորհավորում եմ»։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, մինչդեռ, շեշտում է, նոր ստեղծված և ստվերից դուրս եկած աշխատատեղերի միջև կա տարբերություն, քանի որ դրանք տարբեր տնտեսական ցուցանիշներ են։ Իրականում ստվերից դուրս եկած աշխատողները տնտեսական ակտիվության վրա որևէ ազդեցություն չեն ունենում:

Թանդիլյանի փոխանցմամբ, իհարկե, կավելանա եկամտահարկը՝ տնտեսվարողի շահույթի հաշվին, բայց դրա արդյունքում էլ կնվազի պետբյուջե վճարվող շահութահարկը: Այսինքն, մի հարկատեսակը կավելանա, մյուս՝ կնվազի, և բյուջեի մուտքերի ավելացման մասով էական տարբերություն չի լինի: Ամեն դեպքում, ըստ խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, լավ է, որ ստվերից աշխատողները դուրս են գալիս, դա նաև կօգնի, որպեսզի աշխատողը վերականգնի իր իրավունքները։

«Երբ որ խոսում ենք նոր աշխատատեղի մասին, նկատի ունենք, որ նախկինում այդ աշխատատեղը չի եղել, որը նշանակում է, եթե ստվերից են դուրս եկել, նշանակում է, որ այդ աշխատատեղը եղել է։ Այսինքն, ըստ էության, դրանք նոր աշխատատեղեր ուղղակի չի կարելի համարել։ Տնտեսական ակտիվության վրա որևէ ցուցանիշ նրանք չունեն, որովհետև ստանում են իրենց աշխատավարձը, ծախսում են իրենց գումարները երկրում, այսինքն՝ տնտեսական ակտիվության վրա որևէ ազդեցություն չեն ունենում», - նշեց Թանդիլյանը։

«Ազատության» հարցին՝ նկատո՞ւմ է որոշակի տնտեսական ակտիվություն, որոշակի փոփոխություններ, որոնք կհանգեցնեն իրական աշխատատեղերի ստեղծման, Թանդիլյանը պատասխանեց. «Հենց դա է, որ այս պահին արձանագրել դեռևս դժվարանում եմ, որովհետև բացի այն, որ մենք հայտարարում ենք, որ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, մենք միջավայր դեռևս չենք ստեղծում բիզնեսի զարգացման համար։ Հարկային օրենսգիրքը դեռ անցած տարի հուլիսից պետք է ուժի մեջ մտներ, եկավ, հունվարի մեջ ուժի մեջ չմտավ, հիմա այս հուլիսի 1-ից չի մտնում և տեղափոխումը որոշ դրույթներ հունվարի 1-ը, ակնհայտորեն այս հապաղումը, դանդաղումը բերում է նաև տնտեսական աճի հապաղման»։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, մինչդեռ, նշում է՝ այլ երկրներում, ինչպիսին, օրինակ ԱՄՆ-ն է, նույնպես գործազրկության կրճատումը ներկայացվում է իբրև նոր աշխատատեղերի ստեղծում: Հայաստանում գործազրկությունը գերազանցում է 17 տոկոսը: Մինչդեռ այս ցուցանիշը, ըստ Խաչատրյանի, կնվազի՝ շնորհիվ գրանցված 50 հազար աշխատողների և իրենց՝ վերլուծաբանների համար այս առումով էական չէ՝ այդ 50 հազարը նոր ստեղծվա՞ծ աշխատատեղ է, թե՞՝ ոչ:

«Ազատության» դիտարկմանը՝ արդյո՞ք կարծում է, որ այդ 50 հազարը էապես բյուջեի վրա ազդեցություն կթողնի, Խաչատրյանն արձագանքեց. «Իհարկե, միանշանակ։ Վերցրեք լավագույն օրինակը՝ Սամվել Ալեքսանյանի դեպքն է, որը հրապարակավ բոլորիս հայտնեցին, որ ինքը որոշակի պայմանավորվածություններ էր ունեցել՝ մոտ 2000 աշխատող չէր հաշվառել թեթև արդյունաբերության ծրագրի շրջանակներում։ Հիմա 2000-ը, տեսեք, միջին աշխատավարձը, ես կարծում եմ՝ 120 հազար, համապատասխան հարկեր, ինչքա՞ն պետք է վճարեր՝ 23 տոկոս, դա բյուջեի վրա, որ բազմապատկում ենք, արդեն էական ազդեցություն է»։

Հարցին, թե ի՞նչն է խանգարել, որ անցած մեկ տարվա ընթացքում իսկապես լուրջ ներդրումներ լինեն Հայաստանում և իրական նոր աշխատատեղեր ստեղծվեն, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը պատասխանեց, որ ամենամեծ խնդիրը, որ կարող էին լուծել, բայց չեն արել՝ Հարկային նոր օրենսգրքի ընդունումն է: Ըստ տնտեսագետի, սակայն, լավ է, որ օրենսգիրքը չի ընդունվել, քանի որ այն այժմ լուրջ քննարկվում է թե՛ կառավարության և թե՛ գործարարների կողմից, նպատակն է գտնել այն հարկային քաղաքականությունը, որը մրցակցային առավելություն կտա հարևանների՝ տվյալ դեպքում Վրաստանի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG