Գլխավոր դատախազությունը պնդում է, որ «պաշտոնապես տեղեկատվություն չեն ստացել, թե Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, հանրապետական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում»։
Շրջանառվող տեղեկությունը «Ազատության» հարցին ի պատասխան ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր Կարելիայի փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին, ում ռուսական մամուլը ներկայացնում է որպես Միհրան Պողոսյանի փաստաբան։
Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով հետախուզվող Պողոսյանը հայտնաբերվել էր Ռուսաստանում և Հայաստանի ու Ռուսաստանի դատախազությունների համագործակցության արդյունքում կալանավորվել: Հայաստանի իրավապահները փորձում են կազմակերպել Միհրան Պողոսյանի արտահանձնումը։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ Ռուսաստանի իրավապահ մարմիններին ներկայացվել է Պողոսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը:
«Ազատության» հարցին ի պատասխան՝ արդյոք կասեցվե՞լ է արտահանձնման գործընթացը՝ քաղաքական ապաստան հայցելու հիմքով, դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրայանն ասաց․ - «Մենք նման տեղեկատվություն պաշտոնապես չենք ստացել, թե Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանում»: