«Եթե ես ազդեցություն ունենայի [2014-ին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության] գործի վրա, ի սկզբանե կազդեի, որ այդ գործը չվերաբացվեր», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ արձագանքելով այն պնդումներին, թե ինքն ազդեցություն ունի իր եղբորորդու մասնակցությամբ դանակահարության գործի վրա։
«Հո ասելով չի, գողն է գոռում՝ բռնի գողին։ Ես վստահ եմ, որ իմ եղբոր տղան չի, ուղղակի վստահ եմ, դա կապացուցի նախաքննական մարմինը», - ասաց Օսիպյանը՝ շարունակելով. - «Ի սկզբանե ասել են, որ Սեդրակը վերցնի իր վրա, քանի որ, ասել են՝ «Սեդրակ, քո հորեղբայրը բարձրաստիճան պաշտոնյա է, ինքը քեզ կօգնի», և Սեդրակը պատրաստ է առերեսման ժամանակ ապացուցել։ Խնդրում եմ էդ գործին էլ ինձ չկապել, ես դրա հետ կապ չունեմ, ես զբաղված եմ իմ գործերով, ունեմ պատասխանատու պաշտոն, թույլ տվեք ես աշխատեմ իմ գործառույթների սահմաններում»։
5 տարի առաջ, Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանություն հետևանքով դանակահարված Վանուշ Ալեքսանյանը զրկվել էր փայծաղից: Դեպքից հետո, Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ այդ տարիներին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է գործարքի գնալ և իր որդու (ով ներկա է եղել վիճաբանությանը) ուսերին բարդել դանակահարությունը։
2014-ին Սմբուլ Հովհաննիսյանի այդ հայտարարությունից հետո, Օսիպյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, բայց Հատուկ քննչական ծառայությունը կարճեց այն՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Օրերս Քննչական կոմիտեն հաղորդեց, որ դանակահարության գործը վերաբացվել է: Կա չորս մեղադրյալ. Սեդրակ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 258-րդ հոդվածի 4-րդ մասին հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, Վանուշ և Վիգեն Ալեքսանյան եղբայրներին ևս մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Սմբուլ Հովհաննիսյանի ավագ որդին՝ Սամվել Հովհաննիսյանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ 5 տարվա վաղեմության գործը վերաբացվելուց հետո փոխվել է իր կրտսեր եղբոր կարգավիճակը՝ վկայից դարձել է մեղադրյալ:
Նա պնդեց, որ Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած եղբորն այնտեղ ձերբակալել են, հավելելով, որ մտավախություն ունի, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա փորձ է արվում տեղի ունեցածն իր եղբոր ուսերին բարդել:
Սամվել Հովհաննիսյանը նաև պնդեց, թե միջադեպից հետո իր եղբայրը երկիրը լքել է, որովհետև նկատել էին, որ Վալերի Օսիպյանը միջամտել է գործին՝ ի վնաս իրենց:
Վալերի Օսիպյանը, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո երկրի ոստիկանապետ նշանակեց, առայսօր հերքում է այս պնդումները: